ԱԱԾ-ն անդրազգային հանցավոր խումբ է հայտնաբերել, որը ՀՀ տարածքով օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա է իրականացրել դեպի Իրան, ապա՝ Թուրքիա
Հասարակություն
26.01.2018 | 16:04Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրապետություն. տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Մասնավորապես, 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել է հայ-իրանական սահմանի Մեղրիի հատվածում Իրաքի 1, Ուզբեկստանի 1 և Իրանի 4 քաղաքացիների ապօրինի սահմանահատման 5 դեպք։
Անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, դեպքերի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու արդյունքում պարզվել է, որ դրանք կազմակերպել են ԻԻՀ-ում և ԹՀ-ում բնակվող նույն անձինք։ Վերջիններիս ուղղորդմամբ օտարերկրյա քաղաքացիները ժամանել են Հայաստան, այնուհետև տաքսի ծառայություններ մատուցող ազգությամբ հայ վարորդները, հիմնականում գիշերային ուշ ժամերին, նրանց տեղափոխել են անմիջապես հայ-իրանական սահմանագծի մոտ՝ կազմակերպիչների կողմից նախապես մատնանշված վայր։ Այնուհետև հանցավոր խմբի անդամներից մեկը, կտրելով պետական սահմանի ինժեներատեխնիկական կառույցների փշալարերը, սահմանախախտներին ուղեկցել է Իրանի տարածք՝ Թուրքիա տեղափոխելու համար։
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 3-ի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 3-ի նկատմամբ` հայտարարվել հետախուզում։
Հակաօրինական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու, միաժամանակ Հայաստանի տարածքն անդրազգային հանցավոր խմբավորումների կողմից որպես տարանցիկ ուղի օգտագործելու հնարավորությունը բացառելու նպատակով օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումները շարունակվել են, որոնց շնորհիվ 2017 թվականի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Թուրքիայից արտաքսված և անօրինական ճանապարհով նույն երկիր վերադառնալու ցանկություն ունեցող Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Եմենի քաղաքացիների նոր խմբերի` Հայաստան ժամանելու մասին:
Անհապաղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 22-ին և 26-ին, 2018 թվականի հունվարի 15-ին և 19-ին հիշյալ օտարերկրացիների կողմից հայ-իրանական սահմանը հատելու փորձերը կանխվել են։
Տվյալ դեպքերով նույնպես փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օտարերկրացիների տարանցման կազմակերպիչները Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության վերը նշված նույն քաղաքացիներն են։
Վերջիններիս ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անձեռնմխելիության նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունները կանխելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակվել է հատուկ միջոցառումների ծրագիր. տեղեկանալով կազմակերպիչների կողմից հերթական օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող և Ինտերպոլի գծով հետախուզվող ԻԻՀ քաղաքացու ապօրինի սահմանահատման նախապատրաստական գործողությունների և պետական սահմանի ապօրինի հատման նախանշված վայրի մասին, իրանական կողմից սահմանախախտին դիմավորող անձին հենց հանցանքի կատարման վայրում բռնելու նպատակով դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները և ձերբակալել իրանական կողմից պետական սահմանն ապօրինի հատած՝ անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող ԻԻՀ քաղաքացուն։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում վերը նշված դեպքի առթիվ քննվող քրեական գործով արդեն իսկ 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 4-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Անօրինական միգրացիայի կազմակերպիչների ու նրանց հանցակիցների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հնարավոր այլ ուղիները պարզելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են, ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
2017 թվականի ընթացքում ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև հայ-վրացական սահմանով ապօրինի սահմանահատումների կազմակերպման դեպք։ Պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ապօրինի եղանակով գումար վաստակելու շահադիտական նպատակով, մի խումբ անձանց օժանդակությամբ, 2016-2017 թվականների ընթացքում 8 դեպքով կազմակերպել են իրավական կամ փաստաթղթային խնդիրներ ունեցող Վրաստանի 1 և ՀՀ 2 քաղաքացիների մեկնումը Հայաստանից Վրաստան կամ հակառակ ուղղությամբ՝ ՀՀ Լոռու մարզի անտառածածկ տարածքներով։
Հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 13 անձ, որոնցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա մահվան հիմքով, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 10 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Ապօրինի սահմանահատումների, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն ներթափանցելու կամ ՀՀ տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու հնարավոր դեպքերի դեմ մղվող հետևողական պայքարի արդյունքում 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում այդօրինակ դեպքերի առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 45 քրեական գործ, որոնցով 47 անձ (22-ը Հայաստանի Հանրապետության, իսկ 25-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ) ներգրավվել են որպես մեղադրյալ։ Նրանցից 40-ի վերաբերյալ 21 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 7 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ապօրինի սահմանահատումների բոլոր դեպքերով Ազգային անվտանգության ծառայությունը գործուն համագործակցություն է հաստատել օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ, քրեական գործերով կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության շնորհիվ վերհանվել են առկա միտումները, ապօրինի սահմանահատումների առումով առավել խոցելի վայրերը և սահմանային պահպանության ու վերահսկողության գործընթացում տեղ գտած բացթողումները։ Կատարված վերլուծությունների հիման վրա միջնորդագրեր և գրավոր առաջարկություններ են ներկայացվել իրավասու մարմիններ, արդյունքում՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀՀ-ում՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համագործակցված՝ գործուն միջոցներ են ձեռնարկվել ի հայտ բերված թերացումները վերացնելու և նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։