Գերության վերածված երազանքը․ Մարալ Նաջարյանի հարազատներն իրենց լքված են զգում․ MEE
Քաղաքականություն
10.02.2021 | 20:02Մարալ Նաջարյանի համար Հայաստան այցը պետք է դառնար երազանքի իրականացում։ 49-ամյա լիբանանահայը անցյալ տարվա օգոստոսին տեղափոխվել էր տնտեսապես կոտրված Լիբանանից` հույս ունենալով գտնել ավելի լավ ապագա և ֆինանսական կայունություն մի վայրում, որի հետ կապվածություն էր զգում։ Բայց Երևան ժամանելուն պես, Հայաստանի իշխանությունները խրախուսում են նրան տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։ Սակայն այնտեղ տեղափոխվելուց անմիջապես հետո ներքաշվում են վեցշաբաթյա կատաղի հակամարտության մեջ, գրում է Middle east eye(MEE)-ը ։
Նոյեմբերի 10-ին երկու կողմերի միջև կնքված հրադադարի հաջորդ օրը Նաջարյանն ու նրա ընտանիքի ընկեր Վիգեն էուլջեկյանը անհետացել են Լեռնային Ղարաբաղի ճանապարհին։
Ինչպես Բեյրութում, այնպես էլ Երևանում գտնվող նրա հարազատները կասկածում են, որ Մարջանը գտնվում է ադրբեջանական գերության մեջ և վախենում են նրա կյանքի համար։ Մարջանի հարազատները մեղադրում են ինչպես Լիբանանի, այնպես էլ Հայաստանի իշխանություններին, որ նրանք բավարար չափով քայլեր չեն ձեռնարկում նրան ազատ արձակելու համար:
Երեք տարի առաջ Բեյրութում այրիացած վարսահարդար Նաջարյանը վաղուց էր ծրագրել տեղափոխվել Հայաստան իր ընտանիքի, յոթ եղբայրների և քույրերի հետ: Նա ապրում էր Ֆանարում՝ Բեյրութի նավահանգստից մոտ 10 կմ հեռավորության վրա, սակայն զրկվել էր իր տնից 2020 թվականի օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Նրա քույրը ՝ Անի Նաջարյանը, որն այժմ գտնվում է Երևանում, պատմում է, որ իրենք ծրագրում էին լքել Լիբանանը պայթյունից շատ առաջ ՝ երկրի տնտեսական ճգնաժամի պատճառով: «Մենք անվտանգություն ենք ուզում: Մենք 30 տարի ապրել ենք պատերազմի, նվաստացման ու կեղտի մեջ, – ասել է Անին MEE- ին:- Մենք մտածում էինք, որ կվերադառնանք մեր հայրենիք, և միգուցե մեր մասին հոգ կտանեն»:
Նրանք Արցախ են տեղափոխվել սեպտեմբերի կեսերին, բայց այստեղ էլ նրանց բախտը չի բերել․ պատերազմը սկսվել է 10 օր անց, երբ նրանք դեռ չէին հասցրել տեղափոխվել իրենց համար պատրաստված տները:
Քույրերը ժամանակավորապես գտնվում էին Լաչինի հյուրանոցներից մեկում, սակայն երբ ավիահարվածներն ու գնդակոծություններն արդեն մոտենում էին Լաչինին, նրանք որոշել են վերադառնալ Հայաստան:
«Մենք վերադարձանք Երևան մի փոքրիկ պայուսակով, ընդամենը մի քանի իրերով, քանի որ մեզ ասացին, որ ընդամենը մի քանի օր կպահանջվի, որ ամեն ինչ ավարտվի», – պատմել է Անին MEE- ին:
Սակայն մոտ մեկ ամիս է պահանջվել Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի ուժի մեջ մտնելու համար:
Լիբանանահայ էուլջեկյանի ուղեկցությամբ, որը մեկ շաբաթ շարունակ կամավորագրվել էր և պայքարում էր ադրբեջանական ուժերի դեմ, Մարալ Նաջարյանը հրադադարի կնքման օրը վերադառնում է Ղարաբաղի հյուրանոց ՝ ընտանիքին պատկանող մնացած իրերը հավաքելու համար:
Անին վերջին անգամ լսել է իր քրոջ ձայնը, երբ նրանք սահմանին մոտենալիս են եղել։ «Վերջին բանը, որ Մարալն ինձ ասել է այն է, որ նրանք ճանապարհին են, Գորիսում։ Ղարաբաղում կապ չկար, քանի որ հաղորդակցման բոլոր միջոցներն անջատված էին»,- պատմել է Անին։
Դրանից հետո զույգը այդպես էլ տուն չի վերադարձել և նրանց մասին մինչ օրս ոչ մի տեղեկություն չկա։
Բեյրութում Նաջարյանի քույրը և եղբայրը ՝ Սոսին և Վարդանը, նոյեմբերի 17-ին դիմում են ներկայացրել Լիբանանի արտաքին գործերի նախարարություն, սակայն այդպես էլ ոչ մի տեղեկություն չեն ստացել: «Մենք մեկ շաբաթ սպասեցինք, քանի որ կարծում էինք, որ Մարալը կարող էր թաքնված լինել ավիահարվածներից», – MEE- ին պատմել է Վարդան Նաջարյանը:
Ի տարբերություն Հայաստանի, Լիբանանը դիվանագիտական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ․ Բեյրութում կա նաև Ադրբեջանի դեսպանատունը: MEE- ը դիմել է Լիբանանում Ադրբեջանի դեսպանատուն՝ մեկնաբանություն ստանալու համար, բայց այդպես էլ պատասխան չի ստացել: «Մենք լիբանանցի ենք։ Ես ծնվել ու մեծացել եմ և դեռ այնտեղ եմ ապրում։ Հարկեր եմ վճարում։ Սակայն երբ ես աջակցության կարիք եմ զգում, պետությունն ինձ միայնա՞կ է թողնում»,- զայրանում է Վարդանը։
Ընտանիքի անդամները պատմել են, որ Նաջարյանի անհետանալուց 2 շաբաթ անց՝ նոյեմբերի 24-ին, ընտանիքի անդամները նկատել են, որ նա Facebook սոցիալական կայքում ակտիվ է եղել անհետանալուց հետո առաջին անգամ։
«Ինչ-որ մեկը մեզ թուրքերեն պատասխանել է։ Ես համոզված եմ, որ դա ադրբեջանցի զինվոր է»,- պատմել է Վարդան Նաջարյանը;
Հարազատները խնդրել են ուղարկել Մարջանի լուսանկարը, որպեսզի համոզվեն, որ նա ողջ է, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չեն ստացել:
Տաթև Ֆռանգյան