ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի նամակը՝ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին հայկական օրակարգի շուրջ
Քաղաքականություն
03.02.2021 | 10:56ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի առաջնորդներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիեռը, Գաս Բիլիրակիսը,Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին. գրում է VOA-ն:Շ
Նամակում կոնգրեսականները շնորհավորել են նախարարներին պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանում ստեղծված ծանր կացությունը, որը, ըստ կոնգրեսականների, առաջ է եկել ադրբեջանական և թուրքական անկանխատեսելի ագրեսիայի հետևանքով: Նրանք բարձրացրել են ամերիկահայ օրակարգի մի շարք խնդիրներ՝ ընդգծելով ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մի շարք առաջնահերթությունների կարևորությունը: Նամակի մեջ, որին միանում են այլ կոնգրեսականներ ևս, մասնավորապես ասված է.
«Հարգելի քարտուղարներ Բլինքեն և Օսթին,
Մենք ՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներս, այս նամակով շնորհավորում ենք Ձեզ վերջին հաստատումների կապակցությամբ և Ձեզ ենք ներկայացնում երկու կուսակցությունների կողմից առաջ քաշված առաջնահերթությունները, որոնց շուրջ հույս ունենք աշխատել 117-րդ Կոնգրեսի ընթացքում:
Կովկասյան տարածաշրջանում և Հարավային Կովկասի ամերիկյան արտաքին քաղաքականության ապագայի ամենախնդրահարույց հարցերից մեկը շարունակում է մնալ մարդասիրական ճգնաժամը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղյակ եք, ադրբեջանական և թուրքական ուժերը 2020 թ. սեպտեմբերի 27-ին նախաձեռնել են չհիմնավորված հարձակում՝ հանգեցնելով վեց շաբաթյա ավերիչ պատերազմի, որի արդյունքում զոհվել է 5,000 մարդ, իսկ ավելի քան 100,000 էթնիկ հայեր ստիպված են եղել լքել Ղարաբաղի շրջանը: Ադրբեջանական ուժերը կարողացան արագ առաջխաղացում գրանցել տարածաշրջանում` Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների օգնությամբ, որոնցից շատերը ենթադրաբար կապեր ունեն միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական խմբավորումների հետ, Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, որոնք օգտագործում են ամերիկյան բաղադրիչներ ու տեխնոլոգիաներ, և ծանր զինատեսակների օգնությամբ, ներառյալ արգելված կասեթային և սպիտակ ֆոսֆորային զինատեսակներ:
Հազարավոր հայ խաղաղ բնակիչների դեմ զանգվածային բռնության վտանգի մեծացման հետևանքով Հայաստանը համաձայնվեց խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 10-ին: Այս համաձայնագիրը դադարեցրեց կատաղի մարտական գործողությունները, սակայն աննշան ազդեցություն ունեցավ COVID-19 համաճարակի ընթացքում հազարավոր տեղահանված ընտանիքների սննդով ապահովելու, ապաստարանների և ապահովման հրատապ և կարևոր խնդիրները կարգավորելու համար: Խախտելով հրադադարի ռեժիմը ՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատել տասնյակ հայ ռազմագերիներին և բերման ենթարկված խաղաղ բնակիչներին, որը ի ցույց է դնում, թե ինչպես է այս համաձայնագիրը ձախողում կառուցվածքային խնդիրների կարգավորումը, որոնք տասնամյակներ ի վեր անորոշությամբ են լցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մի քանի շատ կարևոր խնդիրներ լուծումներ են պահանջում, և շատ կարևոր հարցերի պետք է տալ պատասխաններ նախքան պարտադիր և տևական խաղաղության կնքումը:
Նախ, ներկայիս զինադադարում դրված պայմանները չեն նպաստում տարածաշրջանում Արցախի երկարաժամկետ անվտանգության և կայունության ապահովմանը: ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ բացառապես Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը թելադրեն և տիրեն իրավիճակին Լեռնային Ղարաբաղում: Չնայած մենք արձանագրում ենք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի գործընթացում որոշակի շարժ, սակայն կարծում ենք, որ ավելի շատ պետք է արվի` ինքնորոշման հիմնարար իրավունքի հիման վրա տևական կարգավորման հասնելու համար: Մենք բարձր ենք գնահատում այդ կապակցությամբ հաստատման լսումների ժամանակ պետքարտուղար Բլինքենի տված պատասխանը, ուր նա նշել էր, որ «կխթանի ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու համար, որը կպաշտպանի ԼՂ անվտանգությունը և կօգնի զերծ մնալ նոր պատերազմի բռնկումից»:
Բանակցություններում մեր դիվանագետները պետք է պնդեն, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ ցանկացած ապագա կարգավորում Արցախի ժողովրդին հնարավորություն կտա վերակառուցել իր համայնքները և վերականգնել իր խաղաղ կյանքը՝ առանց վախենալու հետագա արյունահեղությունից: Սա պետք է ներառի ԱՄՆ-ի նշանակալի պարտավորությունները՝ Արցախի բնակչությանն անհապաղ մարդասիրական օգնություն և օգնության փաթեթ տրամադրելու վերաբերյալ: Միջազգային հանրությունը, ներառյալ Միացյալ Նահանգները, նույնպես կարևոր դեր ունեն՝ ճանաչելով ի վերջո Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա օրինական բանակցային կողմի դերն այս հակամարտության կարգավորման գործում: Այս ճանաչման բացակայության պարագայում, նրանք կշարունակեն բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի տեղահանման սպառնալիքին ՝ առանց որևէ պաշտոնական հատուցման տարբերակի:
Տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու մեկ այլ կարևոր բաղադրիչներից է ապակայունացնող դերակատարներին պատասխանատվության ենթարկելը: Գոյություն ունեն զգալի թվով ապացույցներ այն մասին, որ ադրբեջանական և թուրքական ուժերը ծրագրել էին սեպտեմբերի 27-ի Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը: Այս ապացույցները ներառում են սպառազինության կուտակում, ներառյալ անօդաչու թռչող սարքերի, որոնք սպանել են բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձանց հակամարտության ընթացքում, 2020 թ. հուլիսին ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Տավուշի մարզում իրականացված սադրանքների և Հայաստանի սահմանի մոտ լայնածավալ համատեղ զորավարժությունների մի քանի դեպքերի, որոնք կանխորոշեցին ապագա հարձակումները: Միացյալ Նահանգները և միջազգային մյուս դերակատարները չկարողացան ըմբռնել այս նախազգուշական ազդանշանները և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակի կտրուկ և անհիմն սրացումը կանխելու համար:
Ադրբեջանական և թուրքական ագրեսիան կանխելու համապատասխան գործողությունները պետք է ներառեին այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքը և օգնության դադարեցումը, ներառյալ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ ենթաբաժնի ժամանակավոր կասեցման դադարեցումն ու Գործընկերների կարողության կառուցման ծրագրի 333-րդ ենթաբաժնի միջոցով հետագա ռազմական օգնության տրամադրման ընդհատումը: Մեզ ոգևորում է պետքարտուղար Բլինքկենի պատասխանը նաև այս թեմայի վերաբերյալ իր հաստատման ընթացքում:
Այդ նույն ժամանակ, Միացյալ Նահանգները պետք է վերանայի մեր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմը քաղում է այն խառնաշփոթի պտուղները, որոնք սերմանել է Միջերկրական ծովի արևելքում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում: Նրա կանխամտածված ապակայունացնող պահվածքը, որը ներառում է ռուսական արտադրության հակաօդային հրթիռների տեղակայում անկախ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքի, պահանջում է արագ և վճռական փոփոխություն: Մենք պետք է դասեր քաղենք Թուրքիայի նկատմամբ անցյալ վարչակազմերի կողմից կիրառվող խաղաղեցման քաղաքականության ձախողումներից և օգտագործենք բոլոր առկա դիվանագիտական և տնտեսական գործիքները՝ այդ վատ դերակատարներին պատժելու համար` ագրեսիաների և մարդու իրավունքների խախտումների պատճառով: Եթե մենք չգործենք, ապա առկա է վտանգ, որ Էրդողանի ռեժիմը կընդլայնի հակամարտության գոտին:
Վերջապես, Միացյալ Նահանգները պետք է ձգտի ամրապնդել մեր ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ՝ երիտասարդ ժողովրդավարության, որը ցնցվել է անցյալ տարվա իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված անորոշության հետևանքով: Մենք Ձեզ հորդորում ենք պարզել, թե ինչպես կարող ենք Հայաստանին լրացուցիչ տնտեսական օժանդակություն տրամադրել` նրա ժողովրդավարությանը և զարգացմանը աջակցելու համար, ինչպես նաև օժանդակելու զգալի թվով տեղահանվածներին, ովքեր հեռացել են Արցախից հակամարտության ժամանակ: Մենք նաև խնդրում ենք Ձեր վարչակազմից պարզել այն ուղիները, որոնցով Հայաստանի հետ մեր տնտեսական, մշակութային և այլ կապերը կարող են բարելավվել ՝ հօգուտ Հայաստանի և ԱՄՆ-ում բնակվող ամերիկահայ մեծ սփյուռքի: Այդ քայլերը պետք է ներառեն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը նախագահ Բայդենի կողմից ապրիլի 24-ին՝ ի շարունակումն Ներկայացուցիչների պալատի և Սենատի նախաձեռնությունների, որոնք երկուսն էլ 116-րդ Կոնգրեսի ընթացքում ընդունեցին Ցեղասպանության փաստը ճանաչող բանաձևեր:
Շնորհակալություն այս կարևոր հարցերի նկատմամբ ուշադրության համար: Մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ Հարավային Կովկասի տարածաշրջանում այնպիսի քաղաքականություն մշակելու ուղղությամբ, որը համահունչ կլինի ԱՄՆ ազգային անվտանգությանը, մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներին և մեր ժողովրդավարական արժեքներին: Հուսով ենք, որ այս հարցերը հաջորդիվ կքննարկվեն Ձեր և Ձեր թիմերի հետ առաջին իսկ հնարավորության դեպքում»,- ասված է կոնգրեսականների նամակում: