17 ուժերի խուլիգանական վարքը հիասթափեցրեց մարդկանց․ վարկաբեկված են, ոչ ոք նրանց չի հավատում․ Վիգեն Խաչատրյան
Քաղաքականություն
14.01.2021 | 21:00Factor TV-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ
-Պատերազմի ավարտից և եռակողմ հայտարարության ի հայտ գալուց հետո տևական ժամանակահատված քաղաքական կրքերը չէին հանդարտվում։ Վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքար էր 17 ուժերի մասնակցությամբ, այսօր արդեն նրանք փողոցում չեն։ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու մտադրությանը չեն աջակցում խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը։ Ինչպե՞ս եք որակում ստեղծված իրադրությունը։
-Ես կարծում եմ՝ իրականում ներքաղաքական լուրջ պայքար չկա։ Էդ 17 թիվը երբ ասում ենք, եթե մեկին խնդրենք՝ թվարկի 17-ը, 4-ով կբավարարվի, 5-րդին դժվար մտաբերի։ Հիմնականում դրանք նախկին խորհրդարանական քաղաքական կուսակցություններն են, որոնք կոալիցիաներով համագործակցում էին։ Դա Հանրապետականն է, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և Վազգեն Մանուկյանը՝ իր ԱԺՄ-ով։ Այս քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց պահանջում են նրա հրաժարականը։ Դա նոր պահանջ չէ։ Ես կարծում եմ՝ թեժ քաղաքական պայքար չկա և, իհարկե, Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելու, ճիշտ մոտեցում է։ Արտահերթ ընտրություններ պետք են և անկախ նրանից՝ ովքեր կցանկանան, ովքեր չեն ցանկանա, ես կարծում եմ՝ պիտի նախաձեռնել այդ ընտրությունները, որովհետև ընտրությունները մասնակիցների համար չեն, այլ ժողովրդի համար են, որպեսզի մենք համոզվենք՝ արդյո՞ք մեր քաղաքացիները նոր քաղաքական ուժ են տեսնում իշխանությունում, թե՞ մնում են իրենց նախկին կարծիքին։
-Ամիսներ շարունակ 17 ուժերը փողոցներ էին փակում, շրջափակում Կառավարության շենքը, սակայն 2021-ի առաջին շաբաթներին այդ փողոցային պայքարը չենք տեսնում։ Ինչպե՞ս դա հասկանալ։
-Կարծում եմ՝ երկու պատճառ կա։ Առաջինը՝ նրանք ժամանակին այնքան են վարկաբեկվել, որ նրանց որևէ խոստման ոչ ոք չի հավատում։ Ոչ ոք ասելով՝ նկատի ունեմ մեծամասնությունը։ Իհարկե, նրանք համակիրներ ունեն, նրանք փոքրաթիվ մարդիկ են, որոնք սովոր են ապրել այն մթնոլորտում, որը մենք մերժել ենք։ Հիմնական մթնոլորտը, որն ուզում ենք մեր երկրում հաստատվի, դա այն է, որ օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար։ Այդ մարդիկ պարբերաբար չարաշահել են իշխանությունը, օգտվել են իշխանության հնարավորություններից և, իհարկե, որոշ մարդիկ շահագրգռված են, որ կյանքի այդ մթնոլորտը Հայաստանում վերականգնվի։ Հասարակության մեծամասությունը նրանց չի վստահում։ Անգամ վստահողների մի զգալի մասը հիասթափվեց նրանցից, երբ նրանք փողոցային պայքարում կիրառեցին փողոցային բառապաշար։ Կարելի է փողոցային պայքար վարել, դա իրենց իրավունքն է, բայց իջնել խուլիգանական մակարդակի՝ վարքագծով, բառապաշարով, սա ևս բավականին շատ մարդկանց հիասթափեցրեց։ Կա նաև երրորդ պատճառ՝ պարզվեց, որ դրանք՝ իբրև հին քաղաքական ուժեր, շատ մակերեսային և սիրողական քաղաքական պատկերացումներ ունեն։ Չեմ ուզում անուններ տալ, բայց այս ընթացքում որևէ լուրջ քաղաքական վերլուծություն, որևէ լուրջ քաղաքական միտք, առաջարկ նրանք չեն բերում՝ բացի հայհոյախառն հարձակումները՝ ո՛չ իշխանության վրա, այլ Նիկոլ Փաշինյանի վրա։ Սա խոսում է նրանց սահմանափակ քաղաքական գիտելիքների մասին։
-Պատերազմը ծանր հետևանքներ բերեց՝ տարածքային ու մարդկային ցավալի կորուստներ ունեցանք։ Ձեր կարծիքով՝ իշխանությունը գիտակցե՞ց իր պատասխանատվությունը։ Դուք զգո՞ւմ եք, որ իշխանությունը դասեր քաղել է։
-Ես կարծում եմ՝ այդ վերլուծությունն անհրաժեշտ խորությամբ տեղի չի ունենում, որովհետև կողմերն զբաղված են իշխանության գալու մոլուցքով, քան իրավիճակի օբյեկտիվ վերլուծությամբ։ Բայց ի տարբերություն մյուսների, իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, ընդունում է, որ նրանք պատասխանատու են և սխալներ են թույլ տվել։ Բայց իմ թվարկած կուսակցությունները՝ Հանրապետականը, Դաշնակցությունը, ԲՀԿ-ն, Վազգեն Մանուկյանը, քսան և ավելի տարիներ մեզ տանում էին պարտություն իրենց սխալ քաղաքական գծով։ Նրանք, որպեսզի իրենց պատասխանատվության չափը մեջտեղ չբերվի, փորձում են քավության նոխազ գտնել՝ ի դեմս վարչապետի։ Կարելի է մտածել՝ եթե ուրիշ վարչապետ լիներ, ուրեմն պատերազմը չէր լինելու։
Այն քաղաքականությունը, որ նրանք վարում էին, տանում էր դեպի պատերազմ։ Այն վերաբերունքը, որ նրանք ցույց են տվել դեպի օրենքը, տանելու էր պարտության։ Նիկոլ Փաշինյանին ուղղակի կարելի է մեղադրել՝ ինչու նա չի կանխել պատերազմը, որը տեսականորեն հնարավոր էր։ Երկորդը, որ ժամանակին չի կանգնեցրել՝ քիչ զոհերով։ Սա էլ մեծ հարց է՝ ի վիճակի՞ էր նա դա անել, ցանկությունը միայն բավարա՞ր էր։ Սրանք վերլուծելու հարցեր են, բայց այս մարդիկ, փոխանակ նստեն, այս հարցերից խոսեն, իրենց աթոռների կռիվն են տանում։ Իշխանությունն իր պատասխանատվությունը գիտակցում է և ընդունում է։ Բացի իշխանությունից մյուսները խուսափում են պատասխանատվությունից, բայց մեկ է՝ նրանք պատասխանը կտան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան