Արցախից տեղահանվածներ Տավուշում ապրելու ցանկություն են հայտնել, պիտի օգնենք՝ արտերկիրը հանգրվան չդառնա․ Հայկ Չոբանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.12.2020 | 19:42Factor.am-ի հարցազրույցը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ
-Պարո՛ն Չոբանյան, պատերազմի ավարտից ի վեր սա առաջին առիթն է Ձեզ հետ զրույցի, և ասացեք խնդրեմ՝ ի՞նչ սխալների պատճառով պարտվեցինք պատերազմում, ինչո՞ւ իշխանությունն ամբողջ մեղավորությունն իր վրա չի վերցնում։
-Ասեմ, որ ինձ համար այդ հարցի պատասխանը շատ ցավալի, բայց ակնհայտ է։ Ամբողջ 25-26 տարիների ընթացքում բավարար ջանքեր չենք գործադրել հաղթանակն ապահովելու համար։ Սա շատ ակնհայտ է ո՛չ թե այն պատճառով, որ մենք բավականին վերլուծություններ ենք լսում, տեղեկություն ենք ստանում այդ առումով, այլև դա ակնհայտ է եղել նախորդ տարիներին։ Ես տարբեր էտապներում ուղիղ առնչություն եմ ունեցել Պաշտպանության նախարարության հետ, հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո։ Այդ տարիներին ես աշխատում էի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում և ուղղակիորեն ներգրավված էի ռազմարդյունաբերական խնդիրների մոբիլիզացիոն խմբի մեջ, և ուղղակիորեն պատ էր այն տեսանկյունից, որ մեր երկրի առջև կանգնած պաշտպանական անվտանգային խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է համահայկական մասնագիտական մոբիլիազացիա, որպեսզի մենք, քիչ թե շատ, պատրաստ լինենք այն հարվածին, որը կարող ենք ունենալ տարածաշրջանում մեր պոտենցիալ թշնամիներից։
Ըստ էության, եղավ այն, ինչ որ եղավ, և ինչից մենք սկզբունքորեն վախենում էինք երկար տարիներ։ Բավարար ջանքեր չէինք գործադրում երկար տարիներ այդ տեսանկյունից։ Ինչ վերաբերում է վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, մենք հասկացանք, որ լուծեցինք մեծագույն խնդիր մեր կառավարման համակարգում։ Դա հատկապես վերաբերվում էր կոռուպցիոն համակարգի վերացմանը։ Դա իսկապես էական փոփոխություն բերեց մեր տնտեսության, մեր տարբեր ոլորտներում կառավարման արդյունավետության վրա, բայց մնացած հարցերում՝ անվտանգային համակարգերի ապահովման տեսանկյունից, մենք ուղղակի չհասցրեցինք, որովհետև դա իսկապես լուրջ ներդրումներ, ջանքեր է պահանջում։ Այդ խնդիրը մենք չենք կարող լուծել առանց համահայկական պրոֆեսիոնալ մոբիլիզացիայի։ Մեր ուշադրությունը պիտի լինի նաև աշխարհի լավագույն տեխնոլոգիաների ուսումնասիրությանը, դրանց կիրառմանը և առաջին հերթին՝ մեր գիտելիքի վրա հենվելուն։
-Այսօրեական է դարձել պաշտոնանկություն երևույթը։ Մտածե՞լ եք Դուք էլ թողնել-հեռանալ։
-Այսօր հսկայական աշխատանք է կատարվում Տավուշի մարզում իմ կողմից և իմ աշխատաժամանակի, իմ կողմից ներդրվող էներգիայի տեսնակյունից եմ ես ասում։ Եվ պետք է մի բան ֆիքսենք․ ես՝ որպես պետական պաշտոնյա, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, և պետության առջև կանգնած խնդիրների լուծմանը, տվյալ դեպքում՝ Տավուշի մարզին, այս ժողովրդին։ Այսօր այդ մարտահրավերները և օրախնդիր հարցերը շատ ավելի մեծ են, քան սեպտեմբերի 29-ից առաջ էր։ Այնպես չէ, որ այն ժամանակ քիչ էին դրանք, բայց շատ ավելի ծանր են այսօր։ Եվ իմ՝ որպես քաղաքացու, որպես հայի մասնակցություն մեր առջև կանգնած մարտահրավերների լուծմանը, դա պարտք է՝ ինչպես եղել է պատերազմից առաջ, այնպես էլ հիմա՝ պատերազմից հետո։ Բայց հիմա իմ պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, և ես հույս ունեմ, որ բավարար ուժ կա այդ խնդիրները հաղթահարելու տեսանկյունից։ Մեր ժողովրդի առջև այսօր կանգնած են բազմաթիվ օրախնդիր պրոբլեմներ։ Մենք տվել ենք զոհեր, որոնց ընտանիքներն այսօր սգի մեջ են, որոնց ընտանիքները դեռևս չեն վերականգնվել և դեռ երկար պիտի տևի դա։
Մենք այսօր օր առաջ մեր զոհված ընտանիքների, իրենց ծնողների, ընտանիքների անդամների աջակցության խնդիրն ունենք։ Մենք այսօր դեռևս ունենք անհետ կորած երիտասարդներ, որոնց հայտնաբերման ուղղությամբ աշխատանք է գնում, և ես հույս ունեմ, որ մենք օր առաջ կավարտենք այդ աշխատանքը, և մեր ծնողները, հարազատները, ընտանիքի անդամներն օր առաջ այս դաժան իրավիճակից դուրս կգան։ Մենք ունենք վիրավորներ, որոնց ապաքինման մեծ, երկար աշխատանք է սպասվում։ Եվ ահա այս ընտանիքների նկատմամբ ուշադրությունը ո՛չ միայն սոցիալական ուղղակի աջակցության տեսանկյունից, այլև հատկապես այդ ընտանիքների կայունության ապահովման տեսանկյունից մեծ ջանքեր, պրոֆեսիոնալիզմ է պահանջում, մենք պետք է իրականացնենք այդ աշխատանքները։ Ունենք բազմաթիվ ընտանիքներ Արցախից տեղահանված, որոնք այսօր գտնվում են Տավուշում և ցանկություն են հայտնել Տավուշում ապրելու։ Մենք այս ընտանիքներին, եթե իսկապես չեն վերադառնալու Արցախ, պետք է օգնենք, որպեսզի իրենց հանգրվանը արտերկիրը չդառնա։ Եվ վերջապես՝ մենք ունենք տարածաշրջանում բազում խնդիրներ նախկինից եկող, որ պետք է լուծենք։ Այս իրավիճակում այս բեռը թողնելը և հեռանալը ես ինքս կհամարեմ դավաճանություն։
-Տարածաշրջանային հաղորդակցության ուղիները, ըստ եռակողմ հայտարարության, պետք է ապագայում շրջափակվեն։ Խորհրդային միության տարիներին տավուշցիները շփում ունեցել են ադրբեջանցիների հետ՝ առևտուր է արվել, Ադրբեջանի տարածքն օգտագործվել է դեպի Ռուսաստան որպես տարանցիկ ճանապարհ։ Տավուշը ի՞նչ ենթակառուցվածքներ ունի՝ ճանապարհային, երկաթուղային, օրինակ՝ Ադրբեջանով ՌԴ դուրս գալու։ Դուք հույսեր կապո՞ւմ եք։
-Եթե մենք մի պահ մոռանանք, որ խոսքը վերաբերվում է Հայաստան – Ադրբեջան հարաբերություններին, այսինքն՝ խոսքը վերաբերվում է մեր թշնամու տարածքով կոմունիկացիաներ ստեղծելուն, եթե մենք մի պահ մոռանանք դրա մասին, բնականաբար, մենք խոսում ենք միանշանակ դրական, արմատական փոփոխությունների մասին, մանավանդ, որ Տավուշի Բագրատաշեն մաքսային կետով է անցնում մեր հիմնական զարկերակը դեպի աշխարհ։ Մենք տրանսպորտային կոմունիկացիաների արժեքը մեր վրա զգում ենք ամեն օր՝ հենց Բագրատաշեն մաքսակետով կապն ապահովելով արտաքին աշխարհի հետ Ռուսաստանի, Փոթի նավահանգստի միջոցով նաև՝ աշխարհի մնացած կետերի հետ։ Բայց երբ վերադառնում ենք հայ-ադրբեջանական հարաբերություններին, այն, ինչ դուք նշեցինք, շատ թեթև մոտեցում էր իրականում այդ հարաբերություններին։ Ես ծնվել և մեծացել եմ Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղում, ընդ որում՝ շատ լայն տարածում ունի հետևյալը՝ նախկին Շամշադինի շրջանը միակն էր, որտեղ ադրբեջանցի չէր ապրում։ Եվ նույնիսկ կարելի էր զարմանալ այն դեպքում, երբ կոմունիկացիաները բավականին սերտ էին, նույնիսկ մեր տարածաշրջան մյուս գյուղերը մեկնում էինք Ադրբեջանով, որովհետև հիմնական ճանապարհը դեպի Տավուշ գետի աջ ափին գտնվող գյուղեր՝ Այգեձոր, Չինարի, Չորաթան, անցնում էր Ադրբեջանի տարածքով։
Մեր շուկաներում առևտուր էին անում ադրբեջանցիները։ Եվ նույնիսկ այս իրավիճակում Տավուշում ադրբեջանցի չի ապրել։ Սա հենց այնպես չի։ Սա նշանակում է, նույնիսկ խաղաղ ժամանակներում եղել են որոշակի դժվարություններ փոխհարաբերությունների։ Մենք նույնիսկ գիտենք սովետական լավագույն տարիներին՝ 70-80-ականներին, եղել են անգամ առճակատումներ հայ-ադրբեջանական։ Հիմնական թեմաները եղել են հողային։ Այնպես որ, միանշանակ չէ։ Եթե նույնիսկ մարդիկ են եղել, որոնք ժամանակին բարեկամություն էին անում, առևտուր էին անում և այլն… այո՛, դա տնտեսական տեսանկյունից կարևոր և օգտակար է և հատկապես Արցախյան պատերազմից և այս տարիների հակամարտությունից հետո ասեմ, որ դա հեշտ չի լինելու։ Պետք չի, որ մենք շատ մեծ հույսեր փայփայենք այդ տեսանկյունից, բայց և պետք է հասկանանք՝ ինչ հնարավորություն ունենք այդ կոմունիկացիաները բեռնափոխադրումների տեսանկյունից օգտագործելու։ Էսօր դեռևս այս հարցերը հրապարակային քննարկելը շուտ է, որովհետև մասնագիտական մեծ ծավալի աշխատանք պիտի գնա։ Այնտեղ հարյուրավոր նյուանսներ կան, որ պիտի հասկանանք, որից հետո պատրաստ կլինենք այս քննարկմանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան