Փաշինյանը ռուսահպատակ գծի՝ Լավրովի պլանի սպասարկողն է․ թե չէ բաց կասեր՝ կա պատերազմի սպառնալիք, պատրաստվենք․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.12.2020 | 20:30Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ
-Ընդդիմադիր ակտիվիստներն աստիճանաբար խստացնում են հռետորաբանությունը։ ՄԻՊ-ը դատապարտել է այսօր ընդդիմադիր ակցիաներից մեկի ժամանակ հնչած զենքով հարց լուծելու, զինված հեղաշրջման կոչերը։ Այդ անձը ձերբակալված է։ Վազգեն Մանուկյանն ասաց՝ ինքը նման տարբերակ չի տեսնում, թեև հիշեցրեց՝ այլ երկրներում զինվորականությունը իրավիճակը փրկելու նպատակով փորձում է զինված հեղաշրջում։ Դուք այդպիսի զարգացման տարբերակ տեսնո՞ւմ եք։
-Չեմ կարծում, որ այդպիսի սադրանքի կգնա ռևանշիստական երեք կուսակցությունների միավորումը, սա ավելի շատ փորձ է՝ անկում ապրող շարժման գրադուսը բարձրացնելու, և այդպիսով փորձում են, հավանաբար, հավասարակշռել իրավիճակը։ Տեսանելի է, որ շարժումը թափ չի ստանում։ Դա երևույթ է։ Եթե նկատել եք՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ողջ գործիքակազմը վերցրել են 2014-15-16 թվականների քաղաքացիական շարժումներից, այն ժամանակ մեր՝ քաղաքացիական հանրության կողմից կիրառվող մեթոդները, և նույնիսկ կրկնում են այն ելույթները, որոնք այդ տարիներին հնչում էին տարբեր հարթակներից։
Սա փորձ է՝ «copy past» անել քաղաքացիական հանրության գործիքները, փորձել իրականացնել մի պրոցես, որն օբյեկտիվորեն չի կարող ստանալ հանրային աջակցություն այն պարզ պատճառով, որ հանրությունն այդտեղ իր շահը չի տեսնում։ Քաղաքացիական անհնազանդությունը ստանում է հանրային աջակցություն այն ժամանակ, երբ մարդիկ հասկանում են, որ հրապարակ դուրս եկած մարդիկ անկեղծ, ազնիվ նպատակներ ունեն և իրենք իսկապես դուրս են եկել հանրային շահերը պաշտպանելու, պատրաստ են առճակատվել բիրտ ուժի, ճնշումների դեմ, և այդ ամենը մեծ նշանակություն ունի։
-Ասում եք՝ հանրությունն իր շահը չի տեսնում, բայց ընդդիմադիրներն այս շարժումն անվանել են «Հայրենիքի փրկության շարժում», այսինքն՝ նպատակներն արտահայտված են անվան մեջ։ Արցախում տարածքներ ենք կորցրել, ինչպե՞ս կարող է հանրությունը շահ չտեսնել։
-Այսինքն՝ այդ շարժման նպատակը ո՞րն է։ Այդ շարժման մեջ մարդիկ տեսնում են ձգտում՝ վերականգնելու քրեաօլիգարխիկ համակարգը և այդպիսով շարունակել կատարել «Լավրովի պլանը»։
-Նիկոլ Փաշինյանին այսօր ընդդիմությունը քննադատում է՝ չարեց այնպես, որ պատերազմը չլինի, խաղաղ լուծման չգնաց։ Եվ նաև կա մեղադրանք, որ չիրականացրեց Լավրովի պլանը․ եթե տարածքներ էին զիջվելու, ապա գոնե առանց պատերազմի։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Պարզ էր՝ առանց զենքի, առանց ուժի գործադրման անհնար է Լավրովի պլանը իրականացնել։ Խոսքն այն մասին է, որ Արցախում ընտրությունները ենթարկվեցին Լավրովի պլանի տրամաբանությանը, և համապատասխան ուժեր եկան իշխանության, որ սպասարկեն այդ պլանը։ Եվ Ռուսաստանը, իհարկե, մտադիր էր, որ այդ պատերազմն ունենա որոշակի սահմանափակված բնույթ, այսինքն՝ այստեղ նշանակություն ուներ մասշտաբը, հումանիտար կողմը պատերազմի՝ որքան կլինի բախումը և որքան կլինեն տուժողները, զոհերը, քաղաքացիական բացասական հետևանքներ կառաջանան և այլն։ Այդ պլանը պետք է իրագործվեր այնպես, որ պատերազմի 10-15-րդ օրը հայկական կողմը հանձնվեր, մոտավորապես՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ, երբ Ջաբրայիլն անցավ ադրբեջանցիներին և Մոսկվայում համաձայնություն եղավ հումանիտար հրադադարի շուրջ։ Այդ ժամանակ Ռուսաստանը սպասում էր և հույսով էր, որ դրանով կսահմանափակվի ու ավելի մեծ աղետ չի դառնա։
Մեր զինված ուժերը համառ էին, և բանակը չենթարկվեց դրան։ Զինված ուժերը, մարդիկ շարունակեցին դիմադրել այնքան ժամանակ, մինչև որ սպառվեցին բոլոր հնարավորությունները։ Պատերազմի վերջին շաբաթներին քաղաքական ղեկավարությունն արդեն ուղիղ դավադրական քայլերի է դիմում Շուշին հանձնելու հարցերում, որովհետև զոռով հարկավոր էր իրավիճակը բերել Լավրովի պլանով նախատեսված արդյունքին։ Այս ամենի մեջ Սերժ Սարգսյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որ պետք էր հանձվել ավելի շուտ, բայց ինքը՝ Սերժ Սարգսյանը, նույնպես գործադրեց իրեն հասանելի բոլոր միջոցները, որ ավելի շուտ հանձնվելու գործընթացը լինի, և չկարողացավ դրան հասնել։ Այստեղ մեկը մյուսի վրա մեղքը գցելու խնդիրը կա, և մենք տեսնում ենք դա իրենց միջև դեբատներում՝ ով ոնց է մեղադրում, արդարանում։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան միջամտեցին Լավրովի պլանի տապալման վերջնական փուլում։
-Զրույցի ընթացքում ասացիք՝ ՌԴ-ն փորձում է այս պատերազմում իր իրական դերակատարության մասով մոլորության մեջ գցել, սա ներկայացնել որպես փրկություն։ Սակայն, հիշեցնեմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բարձր ամբիոններից արած հայտարարությունները, որ պատերազմում ՌԴ-ն աջակցել է Հայաստանին, և շնորհակալություն հայտնեց։
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսահպատակ գծի՝ Լավրովի պլանի սպասարկողն է, եթե ինքը չլիներ Լավրովի պլանի սպասարկող, 2018 թվականին մեզ բաց կասեր, որ ունենք պատերազմի սպառնալիք, եկեք պատրաստվենք այդ պատերազմին։ Ինքն այդպիսի բան ասե՞լ է։ Երկուսուկես տարին բավարար ժամանակ էր, որ պատրաստվեինք, ամրացնեինք և ամրապնդեինք մեր պաշտպանությունը, բոլորովին այլ կերպ կդիմավորեինք ադրբեջանցիներին։ Բայց այդ դեպքում առհասարակ պատերազմ չէր լինի։
-Այսինքն՝ միտումնավո՞ր կերպով չի կատարվել այդ աշխատանքը։
-Իսկ Նիկոլ Փաշինյանն ունի՞ բացատրություն։ Խոստովանել է, որ պատերազմ է սպառնում, ինչո՞ւ հանրությանը չի տեղեկացրել, ինչո՞ւ չի ասել, որ սպասվում է պատերազմ և մեր բոլոր գործառույթները՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, ենթարկենք այդ հրամայականին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան