Արմեն Բիլյանը դուրս եկավ հացադուլից, իսկ իրավապաշտպանները բարձրաձայնում են՝ հացադուլավորներին սպառնացել են քրեական տարրերը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի հացադուլավոր անդամ Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը։ Այսօր նրան տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Այսպիսով, նա հացադուլի մեջ մնաց 26 օր։ Նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը հայտնեց, որ վերջին օրերին քրեակատարողական հիմնարկից իր հետ բանակցում էին, որպեսզի Բիլյանը համաձայնվի տեղափոխվել հիվանդանոց։ Այսօր ցերեկը իրավապաշտպանների և «Սասնա ծռերի» մյուս փաստաբանների հետ համատեղ բրիֆինգի ժամանակ նա հիշեցրեց, որ հացադուլի օրերին մի քանի անգամ դիմել է քրեակատարողական վարչության պետին իր պաշտպանյալին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար, հաշվի առնելով, որ «Նուբարաշենում», որտեղ նա պահվում է ներկայում, խցային պայմաններն անհամատեղելի են նրա առողջության հետ։

«Սակայն մեզ պատասխանել են, որ տեղափոխության անհրաժեշտություն չկա։ Այնինչ հենց հիմա Բիլյանը տեղափոխվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ», – ասաց Արմինե Ֆանյանը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանին «Նուբաշենի» ղեկավարությունը հայտնել է, որ տեղափոխության հարցն իր իրավասության շրջանակից դուրս է։ Քրեակատարողական ծառայությունից հայտարարել են, որ առողջական խնդիրներով պայմանավորված` կալանավորված անձի տեղափոխությունը մեկ հիմնարկից մյուսը հիմնավորված չէ։ Փաստաբանները հակադարձում են․ պահանջը իրավաչափ է, քանզի յուրաքանչյուր կալանավորված անձ առնվազն մարդկային պայմաններում պահվելու իրավունք ունի։ Ի՞նչ «անմարդկային» պայմաններ կան «Նուբարաշենում», ինչո՞ւ են հենց Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը պահանջում, որ նրանց տեղափոխեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, իսկ բերդում պահվող մնացյալ մոտ 800 դատապարտյալները, կարծես թե, գոհ են այնտեղի պայմաններից և հացադուլ չեն անում։ Ո՛չ փաստաբանները, ո՛չ էլ «Սասնա ծռերի» աջակցության նախաձեռնության ակտիվիստներն այս հարցին լիարժեք պատասխան չէին տալիս, քանի որ լիազորված չէին խոսել այդ մասին։ Նրանք միայն բարձրաձայնում են խցային վատ պայմանների մասին․ խցերը գերբեռնված են, հատակն ու առաստաղը թաց են, խցում բոլորը ծխում են, չկա «կանալիզացիա» և այլն։

Բայց կա մի գործոն, որի մասին բարձրաձայնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը․ Բիլյանին և Բարսեղյանին սպառնում են քրեական տարրերը։ «Փաստաբանները չեն կարող ասել, բայց ես ասում եմ․ ներսում, քրեական տարրերի, քրեական «գործիքների» միջոցով լրացուցիչ ճնշում են գործադրում այս երկուսի վրա։ Ե՛վ օմբուդսմենը, և՛ քրեակատարողական վարչության պետը, և՛ արդարադատության նախարարը շատ լավ գիտեն, որ այդ անձնանց նկատմամբ սպառնալիքներ են գործադրվում, դամոկլյան սրի նման կախված են նրանց գլխին»,- հայտարարեց իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ խցակիցների միջոցով հաշվեհարդար էին տեսնում նաև տոնածառի գործով դատապարտված Գևորգ Սաֆարյանի դեմ, և կալանավայրի ղեկավարի միջամտությամբ մի կերպ հաջողվեց դադարեցնել խոշտանգումներն ու սպառնալիքները։ Ներկաները համամիտ էին, որ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին այս կերպ պատժում են, քանի որ, ըստ մեղադրանքի, նրանք են սպանել ոստիկաններ Գագիկ Մկրտչյանին և Արթուր Վանոյանին։

Փաստաբան Նինա Կարապետյանցը համոզված է, որ «տղամարդկություն ունեցող մարդ չկա, որ դուրս գա քրեակատարողական վարչության դեմ»․ «Քրեակատարողական վարչությունը բոլորից բարձր է իրեն դասում ու համարում է, որ կարելի է 30 օրում պատասխանել հացադուլավոր մարդու հարցերին։ «Սասնա ծռերի» խմբից նաև եղել են մարդիկ, որոնց տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և որևէ խնդիր չի առաջացել, իսկ այս երկու անձանց հետ կապված կա խնդիր։ Ուսադիր կրողները ենթադրում են, որ այս երկու անձինք են մեղավոր ոստիկանների սպանության մեջ։ Բայց նրանց մեղքը հիմնավորված չի։ Ուրիշ տեղ փնտրեք մեղավորներին, ու այս տղաների դեմ քեն մի քշեք»,- ասաց նա։

Իրավապաշտպան, «Վելես» կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանն էլ պահանջեց օմբուդսմենի հրաժարականը․ «Օմբուդսմենը շտապօգնության նման բան է, ոնց որ շտապօգնության մեքենայի մեջ մարդ լինի, նա ասի՝ սպասի, մի հատ գլխավոր բժշկին նամակ գրեմ, տեսնեմ, էս մարդուն կարելի է արհեստական շնչառություն տալ, թե չէ։ Եթե նա ռեալ ՄԻՊ լիներ, նա պետք է 20 օր «Նուբարաշենի» բերդի մոտ կանգնած լիներ, ոչ թե գրագրություններով զբաղվեր»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Արմեն Բիլյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել ՄԻՊ աշխատակիցների ուղեկցությամբ։ Սա, թերևս, Արման Թաթոյանի դեմքը փրկելուն միտված քայլ է։

Սյուզան Սիմոնյան