Մենք երբե՛ք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա, երբե՛ք. Արմեն Սարգսյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին
Քաղաքականություն
09.11.2020 | 16:12Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին.
Kathimerini- Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը վերջին վեց շաբաթների ընթացքում սառեցված հակամարտությունից վերածվել է հյուծող պատերազմի: Կարո՞ղ եք ներկայացնել՝ ինչպիսի՞ն է իրավիճակը տեղում և ի՞նչ կորուստներ ունի հայ ժողովուրդը:
– Ես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սառեցված» չէի անվանի, քանի որ 1994 թվականից ի վեր, ինչ Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հաստատվել էր զինադադար, ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր ռազմական միջոցներով վիճարկել և փոխել ստատուս քվոն: Շուրջ երեք տասնամյակի ընթացքում ադրբեջանական կողմը, հակամարտության վերջնական լուծումը գտնելու նպատակով բանակցային սեղանն օգտագործելու փոխարեն, ոչ միայն զերծ չմնաց զինադադարի ռեժիմը պարբերաբար ու կանխամտածված խախտելուց և շփման գծում հայ զինվորներին, իսկ Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում՝ քաղաքացիական անձանց սպանելուց, այլև այդ ընթացքում ձեռք բերեց մեծ քանակությամբ ու միլիարդավոր ԱՄՆ դոլար արժողությամբ ժամանակակից, այդ թվում և՝ արգելված զենք-զինամթերք՝ ողջ տարածաշրջանը վերածելով վառոդի տակառի: Ավելին, Ադրբեջանն սեփական ժողովրդին նախապատրաստում էր պատերազմի, մինչդեռ հայկական կողմն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա խաղաղ կարգավորման ջատագով է, իսկ հայկական էլիտայի ներկայացուցիչներն որոշ ընդդիմադիր գործիչների կողմից անգամ երբեմն քննադատվում էին ռազմական ծախսերն ավելացնելու ու հռետորաբանությունը խստացնելու փոխարեն խաղաղասեր լինելու համար:
1990-ականների սկզբից Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացրել է 10 անգամ և երբեք չի հրաժարվել խիստ այլատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունից: Ադրբեջանական ղեկավարությունը մշտապես սպառնացել է Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ կիրառել ռազմական ուժ, և այժմ մենք նրա ցեղասպան մտադրությունների ականատեսն ենք արդեն լիարժեք գործողության մեջ: Ժողովուրդները կարող են հակասություններ կամ վեճեր ունենալ, բայց անընդունելի է, երբ անհամաձայնությունը, անգամ խոր անհամաձայնությունը վերածվում է իսկական պատերազմի, ուր երկու կողմում մարդկային ողբերգություն է: Ավելին, այս անմարդկային ագրեսիան, որը սեպտեմբերի 27-ին սանձազերծվեց Ադրբեջանի ոչ ժողովրդավար ռեժիմի կողմից, ռազմական ու քաղաքական լիակատար աջակցություն ստացավ մեկ այլ ոչ ժողովրդավար ռեժիմի կողմից Թուրքիայում: Բռնապետությունների համար միևնույնն են սեփական ժողովրդի ճակատագիրն ու բարեկեցությունը, առավել ևս՝ նրանք չեն հարգում պարզ մարդկային կյանքը, արժեքներն ու արժանապատվությունը: Ոչ ժողովրդավար ռեժիմը, լինի Բաքվում, Անկարայում կամ այլուր, իր «ուժն» ու «հպարտությունը» կառուցում է սեփական ժողովրդի տառապանքի վրա, ուստի և շատ ավելի անմարդկային է այլ ժողովուրդների նկատմամբ: Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, այլ՝ հպարտ հայ ժողովրդի պայքարը՝ հանուն իր անվտանգության, հպարտ կյանքի և արժանապատվության՝ ընդդեմ սպանությունների, նվաստացումների ու տառապանքների:
Ինչ վերաբերում է հայ ժողովրդի մարդկային կորուստներին, Հայաստանի կառավարությունն ամեն օր պաշտոնապես տեղեկատվություն է տրամադրում և չի թաքցնում թվերը՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը որևէ տեղեկություն չի տալիս մարդկային կամ այլ կորուստների մասին: Հայկական կողմի ցանկացած կյանք չափազանց կարևոր է մեզ համար, և այստեղ հարցը թվերը կամ պարզ մաթեմատիկան չեն: Հայկական կողմում ցանկացած սրտի բաբախյունն անգին է մեզ համար, և մենք պետք է դադարեցնենք ադրբեջանցիների, թուրքերի և ահաբեկչական խմբերի կողմից հայկական հողի վրա սանձազերծված արյունահեղությունը:
Kathimerini- Ո՞վ է մեղավոր երեք իրար հաջորդած, ժամանակավոր հրադադարների խախտման ու Մինսկի խմբի, մասնավորապես՝ Ռուսաստանի միջնորդած ժնևյան բանակցությունների փակուղու համար:
– Բոլոր երեք հրադադարները կամ մարդասիրական հրադադարի շուրջ համաձայնությունները գրեթե անմիջապես խախտվել են ադրբեջանական կողմից, որը ոչ միայն չդադարեցրեց ռմբակոծությունները, այլև սկսեց հրետակոծել նաև Հայաստանի տարածքը: Սա Ձեզ կարող է անտրամաբանական թվալ, եթե ուզում եք հասկանալ, թե ինչու է կնքվում համաձայնություն, եթե ադրբեջանական կողմը չի պատրաստվում հարգել այն և փոխարենն անմիջապես խախտելու է: Տրամաբանությունն այն է, որ հենց ադրբեջանական, այլ ոչ թե հայկական կողմն է սանձազերծել այս մանրամասն ծրագրած ու կազմակերպած ռազմական ագրեսիան և պատերազմը՝ թուրք գեներալների, սպաների, հատուկ ջոկատայինների, «Բայրաքթար» մահվան մեքենաների, ինչպես նաև ջիհադիստների ու սիրիացի վարձկանների ուղղակի մասնակցությամբ, որոնց նմաններն այսօր Փարիզում, Վիեննայում կամ այլուր սպանում են անմեղ քաղաքացիների: Նույն պատկերն է նաև Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանի ու Թուրքիայի պրոֆեսիոնալ մարդասպանները դուրս են եկել ընդդեմ անմեղ ժողովրդի: Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը մի կողմից ստորագրում, մյուս կողմից՝ խախտում հրադադարը: Ամեն ինչ շատ պարզ է՝ Բաքվի և Անկարայի բռնապետները չեն ավարտել իրենց «առաքելությունը», այն է՝ «ազատել» Լեռնային Ղարաբաղն այնտեղ հազարավոր տարիներ բնակվող հայերից:
Այս գործողությունը կամ քաղաքականությունը կոչվում է էթնիկ զտում, և հենց սա է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի այս անմարդկային ագրեսիայի վերջնական նպատակը: Այդ պատճառով էլ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ դադարեցնել իր ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ անմեղ ժողովրդի, այլ՝ ցանկանում է ավարտին հասցնել գործը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու անվան տակ նրանք ցանկանում են ոչ թե խաղաղություն, այլ՝ ողբերգություն, քաղաքացիների սպանություններ, եկեղեցիների, հիվանդանոցների ու մանկապարտեզների ավերում և ահաբեկչության տարածում: Ո՞վ կհամաձայնի ապրել այդ բարբարոս ահաբեկիչների հետ: Բանակցությունների շուրջ 25 տարիների ընթացքում Ադրբեջանը չի համաձայնել որևէ սցենարի, որը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո, անկախ նրանից՝ դրա համար միջնորդում էր Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան, թե բոլոր երեք համանախագահ երկրները միասին: Միակ տարբերակը, որին կողմ էր Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղին առանց հայերի տիրանալն էր: Եվ սա այն է, ինչ տեղի ունեցավ իմ ժողովրդի հետ 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունում՝ Հայոց Ցեղասպանությունը: Մենք երբե՛ք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա, երբե՛ք: Հենց սա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը:
Kathimerini- Ձեր ադրբեջանցի գործընկերը՝ նախագահ Իլհամ Ալիևը, պնդում է, թե հակամարտությունը կարող է ունենալ ռազմական լուծում: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը գերազանցում է Հայաստանին ռազմական տեխնիկայի և մարդուժի տեսանկյունից, ինչպե՞ս եք ապացուցելու, որ նա սխալվում է:
– Իմ ժողովուրդը կարիք չունի որևէ մեկին որևէ բան ապացուցել, հատկապես նրանց, ովքեր հակամարտության համար միայն ռազմական լուծում են տեսնում և խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցանք են գործում: Հայաստանի զինված ուժերի զորությունը և հայ ժողովրդի ոգին երևացին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում: Եվ այստեղ խնդիրը ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելը չէր, այլ՝ ապրելու և ազատ լինելու մեր իրավունքը պաշտպանելը: Ուստի, այստեղ հարցը թվերի ու քանակի հասարակ հաշվարկը չէ: Մենք կռվում ենք մեր տների, հայրենիքի, երեխաների, հազարավոր տարիների հայկական մշակութային ժառանգության պահպանության համար: Հենց սա է, որ ոմանք չեն կարողանում հասկանալ: Սա տարածքային կամ կրոնական հակամարտություն կամ վեճ չէ:
Այս հակամարտությունը պարտադրվել է մեզ, քանի որ Լեռնային Ղարաբաղը, որը գերազանցապես բնակեցված էր հայերով, չէր ցանկանում շարունակել իր պարտադրված գոյությունը Խորհրդային Ադրբեջանի կազմում, ուստի հռչակեց իր անկախությունն Ադրբեջանից՝ համաձայն բոլոր գոյություն ունեցող կանոնների ու օրենքների, ընդ որում, կիրառելով նույն գործընթացները, որոնք Ադրբեջանն օգտագործեց Խորհրդային Միությունից անկախանալու համար: Ադրբեջանական կողմը, որպես իսկական բռնապետություն, չի հանդուրժում մյուս ժողովուրդների ազատությունները և իրավունքները, այդ պատճառով նրանք փորձեցին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հետ իրենց խնդիրը լուծել ՝ օգտագործելով ռազմական տեխնիկա ու մարդուժ, որը, ինչպես նշեցիք, գերազանցում է հայկականին: Նրանք մեզ պատերազմ պարտադրեցին ու ստացան պատասխանը և պարտվեցին: Ոչինչ և ոչ ոք չի կարող կանգնեցնել ժողովրդին՝ իրացնելու ազատ ու անվտանգ ապրելու իր իրավունքը:
Kathimerini- Ճի՞շտ է՝ ասել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը քաջալերում է Բաքվին՝ ցուցաբերելու հնարավորինս անհաշտ վարքագիծ: Եթե այո, ապա ի՞նչ նպատակով:
– Այս հակամարտությունում Թուրքիայի դերի վրա առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել՝ այն խորությամբ ընկալելու համար: Ինչպես արդեն ասացի, Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է հակամարտությունում իր ռազմական ուժով և քաղաքական-դիվանագիտական աջակցությամբ: Այս ուղղակի մասնակցությունն ավելացնում է հակամարտող կողմերի թիվը և միջազգայնացնում հակամարտությունը: Թուրքիայի՝ արդեն ապացուցված ներգրավվածությունը, որը թեպետ թուրքական կողմն անհուսորեն հերքում է, սաստկացնում է հակամարտությունն ու դրամատիկորեն մեծացնում դրա ծավալները, ուժգնությունը և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները: Մոլեռանդ ջիհադիստների ու սիրիացի և այլ վարձկանների ներկայությունն ամբողջական պատկերը դարձնում է ավելի բարդ ու խճճված և վտանգում ողջ տարածաշրջանի անվտանգությունը, ինչը կարող է Կովկասը վերածել նոր Սիրիայի:
Թուրքիան ոչ միայն քաջալերում է Բաքվին՝ դառնալու խաղաղ բնակչության կույր մարդասպան ու խախտել հրադադարի մասին համաձայնությունը, այլև Ադրբեջանին դարձնում է իր գերին՝ վերածելով նրան իր քաղաքական մանիպուլյացիայի նոր գործիքի՝ ընդդեմ Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Իրանի: Կարճաժամկետ կտրվածքով Ադրբեջանը կարող է ուրախ լինել, որ Թուրքիան իր կողքին է և նրանից ստանում է աջակցություն խաղաղ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, սակայն միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներում դա ձախողում է, և միայն հետո Ադրբեջանը կգիտակցի, թե ինչ աստիճանի է դարձել Թուրքիայի կովկասյան խամաճիկը:
Թուրքիան տարածաշրջանային խաղացող է՝ կայսերապաշտական հավակնություններով և ախորժակով, սակայն սահմանափակ ռեսուրսներով ու խամրող միջազգային հեղինակությամբ: Նա խնդիրներ է ստեղծում Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան շրջանում և այլուր: Ուստի, սեփական նպատակներին հասնելու համար Ադրբեջանին օգտագործելը, այդ թվում՝ պատերազմ սանձազերծելը հրահրելը և քաջալերելը, նվազագույնն է, որ Թուրքիան կարող է անել տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս:
Kathimerini- Անկարան և Բաքուն իրենց ներկայացնում են որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորներ՝ պնդելով, որ հայկական զինված ուժերը կարող են թիրախավորել նավթատար և գազատար խողովակները, որոնք անցնում են տարածաշրջանով: Դա իրակա՞ն սպառնալիք է, թե՞ պարզապես խուճապի համար է:
– Դա անհիմն մեղադրանքների և համապատասխան քարոզչության մասին է, որը Ադրբեջանի կառավարությունն ու իր ազգային շահերի վճարովի քարոզիչներն Արևմուտքում և այլուր ձգտում են տարածել տասնամյակներ շարունակ: Հայաստանը որպես տարածաշրջանի ապակառուցողական ուժ ներկայացնելու հետևողական փորձերը, որն իբր թե «սպառնալիք է» էներգետիկ ենթակառուցվածքների համար, եղել և շարունակում է մնալ հակահայկական հորինվածքների հիմքում, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է արտաքին լսարանին: Սրա նպատակն է բարոյապես արդարացնել հայերի դեմ շարունակվող ագրեսիան և սանձազերծված պատերազմը: Չնայած այս հարցում Ադրբեջանի կողմից ջանասիրաբար առաջ քաշած բազմաթիվ հերյուրանքներին և կանխամտածված կեղծ մեկնաբանություններին, չեմ կարող գտնել Հայաստանի գործող բարձրաստիճան որևէ պաշտոնյայի կողմից արված հայտարարություն կամ թաքնված մտադրություն, որով կարող էին հիմնավորվել նման մեղադրանքները:
Ընդհակառակը, դեռ հուլիսին, երբ հայ-ադրբեջանական սահմանագծին՝ Տավուշ-Թովուզ հատվածում, մարտերը հասան իրենց գագաթնակետին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հստակ հայտարարությամբ, վերահաստատելով, որ Հայաստանը երբեք մտադրություն կամ ծրագիր չի ունեցել վնասել նավթի և գազի խողովակաշարերը, որոնք գտնվում են Հայաստանի սահմանի մոտ: Ավելին, հայկական կողմը շարունակում է կառուցողական լինել` կապված այն էներգետիկ ենթակառուցվածքների հետ, որոնք կարևոր են Եվրոպայի, Թուրքիայի, Իսրայելի և այլ երկրների տնտեսությունների համար:
Ի վերջո, այս հարցի պատասխանը տրամաբանորեն պարզ է. եթե Հայաստանը երբևէ ցանկանար թիրախավորել և ոչնչացնել այդ գազատարներն ու նավթատարները, ապա դա անելու համար ուներ բազմաթիվ հնարավորություններ: Բայց ինչու՞ պետք է դա անեինք: Տարիներ շարունակ ադրբեջանական անհիմն ու անտեղի խուճապ առաջացնող հայտարարությունները և մանիպուլյացիաներն ուղղված են եղել արտասահմանում հակահայկական տրամադրություններ սերմանելուն, և այժմ ցավալի է տեսնել, որ Եվրոպայում և դրանից դուրս քաղաքական որոշ շրջանակներ սկսել են հավատալ այդ ապակողմնորոշող կեղծ պատմություններին:
Kathimerini- Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և նրա հետ կնքել է ռազմական պայմանագրեր, որոնք չեն ներառում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանը: Հակամարտության ընթացքում Մոսկվան իրեն պահում է որպես խաղաղության հասնելու համար ազնիվ, անկողմնակալ միջնորդ: Ակնկալու՞մ էիք ավելին Ձեր ազգի համար այս ամենադժվար պահերին:
– Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և Մոսկվան հավատարիմ է մնում Երևանի հետ ունեցած անվտանգության մասին պայմանագրերին: Նախագահ Պուտինը հստակ նշել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հարգել Հայաստանի հետ ունեցած յուրաքանչյուր պայմանագիր, և դա բացարձակապես հստակ ուղերձ է: Մինչ Ռուսաստանը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ջանք չի խնայում մարտերը դադարեցնելու համար, Թուրքիան լիովին խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը՝ իր չարամիտ ազդեցությամբ և միջամտությամբ թեժացնելով պատերազմը:
Հաշվի առնելով դա՝ «Վալդայ» ակումբում վերջերս կայացած քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ չնայած, ընդհանուր առմամբ, երկկողմ հարաբերությունները դրականորեն աճում են, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի և Ռուսաստանի շահերը չեն համընկնում:
Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական մրցակցության համատեքստում Ռուսաստանը Հայաստանում դիտարկվում է որպես հակամարտող կողմերի միջև վստահելի և ակտիվ միջնորդ: Այս հարցում Ռուսաստանը կարևոր դեր է խաղում և ցույց է տվել իր նվիրվածությունը հակամարտության խաղաղ լուծումը գտնելուն` հոկտեմբերի 10-ին միջնորդելով հրադադարի հաստատումը: Եվ պետք է ընդունենք, որ դա համարձակ և ժամանակին արված քայլ էր, չնայած ադրբեջանական կողմը շարունակեց մնալ ագրեսիվորեն համառ և լիովին կործանարար դիրքում: Անկախ այն ջանքերից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ բոլոր երեք նախագահները ներդրել են հրադադարի հաստատման համար, Ադրբեջանը խախտել է դրանք բոլորը, և մարտերը շարունակվում են:
Հաշվի առնելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը (ինչպես մենք ենք ասում) Հայաստանի անվտանգության գերակա շահն ու գերակայությունն է, և Երևանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և ապահովության համար, հայկական կողմը նախաձեռնել է պարբերական և համապարփակ խորհրդակցություններ ռուսական կողմի հետ: Հակամարտության այս փուլում առանցքային խնդիրներից մեկը, որը երկկողմ մտահոգություն է առաջացնում Երևանում և Մոսկվայում, Սիրիայից, Լիբիայից և այլ վայրերից ջիհադիստների հայտնվելն է, որոնց Թուրքիան տեղափոխում է Ադրբեջան՝ հայերի դեմ պայքարելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ նրանցից շուրջ 2000-ն արդեն հասել է տարածաշրջան: Տասնամյակներ շարունակ տարածաշրջանը զերծ է եղել իսլամական ֆունդամենտալիզմից, և այժմ Ադրբեջանի ներսում ունենք այնպիսի ոչ պետական դերակատար, որն ահաբեկչությունն օգտագործում է որպես անմարդկային նոր գործիք խաղաղ բնակչության դեմ: Սա շատ կործանարար գործոն է տարածաշրջանի ապակայունացման համար, ինչը բնորոշ չէ մեր տարածաշրջանին, և իրոք լուրջ մարտահրավեր է ոչ միայն տարածաշրջանային ուժերի, այլև, առաջին հերթին, կովկասյան երկրների համար, քանի որ ջիհադիստական վարձկաններն Ադրբեջանում մեծացնում են անվտանգության ռիսկերը գլոբալ նախագծերի և օտարերկրյա ենթակառուցվածքային ներդրումների համար: Ի դեպ, այդ վարձկաններն իրական ուղղակի սպառնալիք են նաև հենց ադրբեջանական հասարակության համար:
Հայաստանը գնահատում է Մոսկվայի, որպես պայմանագրային դաշնակցի և ազնիվ միջնորդի ջանքերը՝ դադարեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված հրդեհածին և հիբրիդային պատերազմը, և ես վստահ եմ, որ մեր առջև ծառացած այս մարտահրավերը դրական թեսթ է Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ ռազմավարական կապի համար:
Kathimerini- Մեկուկես ամսվա պատերազմից հետո ադրբեջանցիները տարածքային ձեռքբերումներ ունեն, և վերադարձը ստատուս քվոյին անհնար է թվում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և սահմանների վերաբերյալ ո՞ր քաղաքական լուծումը ձեզ համար իրատեսական և ընդունելի կլինի:
– Թույլ տվեք այս կերպ արձագանքել. Լեռնային Ղարաբաղում ընթանում է ինտենսիվ պատերազմ, և տարաբնույթ ռազմական մարտավարական գործողությունները չեն կարող համարվել տարածքային կորուստներ կամ ձեռքբերումներ: Թույլ տվեք հիշեցնել, որ 1992-ի ամռանը կարող էր թվալ, թե հայկական կողմը պարտվում է պատերազմում, երբ փորձում էր հետ մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանական առաջին ագրեսիան: Սակայն 1994-ի մայիսին, երբ Ադրբեջանը հուսահատորեն զինադադար խնդրեց, իրավիճակը բոլորովին այլ էր:
Ինչ վերաբերում է քաղաքական լուծմանը, պարզ է, որ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից կառավարվող այսպիսի դաժան ու անմարդկային ագրեսիան, որն ուղեկցվում է ռազմական հանցագործությունների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքերով, հօդս է ցնդեցնում ցանկացած կցկտուր հույս, որ որոշ օտարերկրյա փորձագետներ ունեին Ադրբեջանի սահմաններում ղարաբաղահայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցության մասով: Հայկական կողմի համար այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղի հայերի գոյատևման միակ իրատեսական տարբերակն իրենց պատմական հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքի ճանաչումն է՝ Ադրբեջանի սահմաններից դուրս:
Այդպիսով, Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևման միակ միջոցը Հայաստանի հետ հուսալի տարածքային կապ ունեցող Ղարաբաղի ճանաչումն է, որը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Kathimerini- Հայ և հույն ժողովուրդները կապված են պատմամշակութային կապերով: Ի՞նչ եք ակնկալում մեր կառավարությունից և մեր ժողովրդից ձեր պատմության այս դժվարին պահին:
– Հունաստանը և հույները հատուկ տեղ են զբաղեցնում հայերի մտքում և սրտում: Սա փոխադարձ զգացում է, որը ոմանք հակված են բնութագրել որպես բնական դաշնակիցների հարաբերություն: Դարեր շարունակ բազմիցս փորձարկվել է հայերի և հույների բնական դաշինքը, և այդ կապերը ձեռք են բերել ոչ միայն պատմական և մշակութային, այլև՝ քաղաքակրթական բնույթ՝ հիմնված մարդկանց միջև համակրանքի, միանման մտածելակերպի, պատմական ճակատագրի և, ինչ-որ առումով, միմյանց նկատմամբ ձգողականության վրա: Մեր ժողովուրդների միջև քաղաքական հարաբերությունների դինամիկան ապացուցել է, որ Հայաստանն ու Հունաստանը կարող են օգտվել ընդհանուր աշխարհաքաղաքական տեսլականից և երկկողմ ռազմավարական հարաբերություններից՝ միասին ինստիտուցիոնալիզացնելով մեր տարածաշրջանային դիրքերը: Վառ օրինակներից մեկը Հունաստանի, Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական եռակողմ գործընկերությունն է, որը նպաստում է մեր քաղաքական-տնտեսական կարողությունների ընդլայնմանը տարածաշրջանային ավելի լայն մակարդակում:
Քանի որ մեր շահերին և անվտանգությանը սպառնացող վտանգը գալիս է նույն աղբյուրից, Հունաստանը ամուր դիրքեր ունի եվրոպական ինստիտուտներում և մասնավորապես՝ ՆԱՏՕ-ում՝ ճնշում գործադրելու հանդուգն և ավելի ու ավելի անվստահելի դարձող Թուրքիայի վրա: Հունաստանն այդ կառույցներում կարող է արտահայտել իր օրինական մտահոգությունները և առաջարկել գործողությունների փաթեթ՝ հիմնավորելու կամ, անհրաժեշտության դեպքում, ներկայացնելու նաև Հայաստանի տեսակետն այս հարցում: Մենք կարող ենք միավորել մեր քաղաքական կշիռը և հնարավորությունները` Արևմուտքում գտնվող այլ դաշնակիցների հետ միասին իրական միջոցներ ձեռնարկելու համար, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանն ինստիտուցիոնալ կերպով հաշվետու լինեն իրենց ապակայունացնող և ապակառուցողական գործողությունների համար: Մարտահրավեր նետող այս հանգամանքների համատեքստում ժամանակն է գործել ռազմավարական համակարգման տրամաբանության շրջանակում: