Լարված խաղ է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև․ որքան շահ ունեն, այդքան էլ հակասություններ․ Սուրեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.10.2020 | 21:22Factor.am-ի հարցազրույցը Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ
-Պարո՛ն Սարգսյան, պատրաստվում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը ԱՄՆ։ Սպասվում է հանդիպում նաև պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Կան տեղեկություններ, որ գալիք ուրբաթ պետքարտուղարը կհանդիպի նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ամերիկյան հանդիպումը կարո՞ղ է բեկում մտցնել 24-օրյա այս պատերազմի ընթացքի մեջ։
-Դժվար եմ պատկերացնում, որ կարող է բեկում մտցնել ամերիկյան այս ճամփորդությունը արտաքին գործերի նախարարների։ Ինչպես գիտեք, մեկ անգամ Ֆրանսիայի, մեկ անգամ էլ Ռուսաստանի միջնորդությամբ արդեն իսկ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել հրադադարի շուրջ, բայց Ադրբեջանը չգնաց այդ պայմանավորվածությունները կատարելու ճանապարհով և խախտեց այդ ռեժիմը։ Սա, կարծում եմ, վկայում է այն մասին, որ Ադրբեջանի վրա ընդհանրապես պետք չէ հույս դնել և պետք չէ վստահել Ադրբեջանին։ Համենայնդեպս, հիմա էլ, կարծես թե, ամերիկյան կողմն է փորձ անում երկու նախարարներին հրավիրել Վաշինգտոն՝ չնայած որ այս պահին չկան հստակ տեղեկություններ, թե արդյոք եռակողմ ձևաչափով լինելո՞ւ են հանդիպումներ։ Կան հանդիպումներ երկկողմ ձևաչափով՝ Պոմպեոն կհանդիպի մեր և Ադրբեջանի արգործնախարարներին։ Եվ չկան տեղեկություններ այն մասին, որ նրանք երեքով միասին հանդիպումներ են ունենալու։
-Հայաստանում սպասում են, որ Միացյալ Նահանգները կոշտ քայլերի կգնան Թուրքիայի դեմ, որն, արդեն փաստված է՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ահաբեկիչներ է մատակարարում Ադրբեջանին, ռազմական աջակցություն է ցուցաբերում։ ԱՄՆ Դեմոկրատական Թուլսի Գաբարդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել բանաձև՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով։ Ի՞նչ սպասել այս մասով։
-Նախաձեռնությունը, իհարկե, լավն է, բայց Թուլսի Գաբարդին ընդամենը երկու շաբաթ է մնացել մինչև լիազորություններն ավարտի որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ Այն շրջանառվել է և չեմ բացառում, որ մի շարք կոնգրեսականներ միանան դրան։ Ինչ վերաբերում է ընդհանրապես պատժամիջոցներին՝ ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են կիրառելու Թուրքիայի նկատմամբ՝ այն էլ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։ Եթե ԱՄՆ-ն պատժամիջոց չի կիրառել Սիրիայում թուրքական վայրագությունների, Իրաքի տարածք ներխուժելու, Լիբիայում գործողությունների, Ռուսաստանի հետ համագործակցության համար՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Միջերկրական ծովում այն խայտառակ պահվածքի համար, որ Թուրքիան դրսևորում է, և ի վերջո՝ Թուրքիան մի երկիր է, որի նախագահի հրամանով Վաշինգտոնի կենտրոնում ծեծի է ենթարկվում ԱՄՆ քաղաքացին, և եթե այս ամենի համար Վաշինգտոնը պատժամիջոցներ չի կիրառում Թուրքիայի նկատմամբ կամ դրանք կրում են ֆիկտիվ բնույթ, ապա ես դժվարանում եմ գտնել բացատրություն՝ ինչո՞ւ պետք է ընդամենն այս կոնֆլիկտում ներգրավված լինելու պատճառով Վաշինգտոնը ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառի իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ։ Այո՛, թուրք-ամերիկյան հարաբերություններն ամենալավ օրերը չեն ապրում, հակառակը՝ գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա, բայց դա չի նշանակում՝ դրանք դեռ չեն խորանալու։
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ պատրաստ են Մոսկվայում դեմ առ դեմ հանդիպել։ Ռուսական կողմից, ակնկալվում է, հրավեր կլինի երկու կողմից։ Ինչպե՞ս է հնարավոր Ալիևին բերել կառուցողական դաշտ՝ պարտադրելով հրաժարվել ողջ Արցախը գրավելու և ահաբեկչական պատերազմը շարունակելու մտքից։
Հնարավոր կլինի, եթե լրջագույն ճնշումներ լինեն Ալիևի վրա և Ալիևին բացատրեն, որ խնդիրը չի լուծվելու իր կամակատարությամբ և կամակորությամբ, այլ խնդիրը լուծվելու է նրա շուրջ, ինչ քննարկվել է բանակցային սեղանին, միգուցե և փաստաթուղթ է դրվել շրջանառության մեջ։ Ես այստեղ նկատել եմ, որ եթե շատ կենցաղային մակարդակով բացատրեմ իրավիճակը, Էրդողանն Ալիևին ասել է՝ «Եթե կլինեն միջազգային ճնշումներ, թող զանգեն ինձ և բոլոր այդ ճնշումները կվերցնեմ ինձ վրա»։ Ես դրանով եմ պայմանավորում այդ հանգամանքը, որ մեր վարչապետը առնվազն 4-5 անգամ խոսել է Պուտինի հետ, Ալիևն ընդամենը մեկ անգամ՝ այն էլ Պուտինի ծնունդն է շնորհավորել։ Բարձր մակարդակով շփումներ կան Ռուսաստանի ու Թուրքիայի միջև՝ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցն է տեղի ունեցել հենց թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Երբ խնդիրներ են առաջանում այս կողմերի միջև, ապա առաջինը զանգահարում է նա, որը, կարծես թե, ունի դժվարություններ, այդպես է եղել Սիրիայում։ Այստեղ կարևոր է միջազգային ճնշումը Ադրբեջանի, բայց կարծում եմ՝ առաջին հերթին Թուրքիայի վրա, որովհետև նորից եմ ասում՝ չեմ կարծում Ալիևը այն գործիչն է, որ կարող է տեր լինել իր գործին։ Մի ձեռքով համաձայնություն է ստորագրում հրադադարի հաստատման, մյուս ձեռքով հրամանագիր է ստորագրում ռազմական գործողություններ սկսելու համար։
-Երբ խոսում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներից, ենթադրվում է՝ ճնշողներից մեկը պետք է լինի Ռուսաստանը։ Մոսկվան այս ընթացքում մի քանի անգամ իր շահագրգռությունն է հայտնել կրակի դադարեցման համար։ Ձեր կարծիքով՝ Թուրքիա-Ռուսաստան հակադրությունը մինչև ո՞ւր կարող է գնալ, Մոսկվան մինչև ո՞ւր կփորձի ճնշում գործադրել Անկարայի վրա՝ հաշվի առնելով իր շահերը Հարավային Կովկասում։
-Լարված խաղ է ընթանում երկու պետությունների միջև՝ նրանք որքան շահ ունեն իրար հետ, նույնքան էլ հակասություններ։ Իհարկե, Ռուսաստանը հզոր պետություն է, չմոռանանք, որ պատմության ընթացքում ռուս-թուրքական 14 պատերազմ է տեղի ունեցել, որոնք բոլորն ավարտվել են Ռուսաստանի հաղթանակով։ Բայց չմոռանանք նաև, որ Թուրքիան այն պետությունն է, որ Ռուսաստանի դեմ 14 անգամ պատերազմել է։ Թուրքիան այն պետությունը չի, որին հեշտ է ճնշել, եթե նույնիսկ խոսում ենք ՌԴ-ի ու ԱՄՆ-ի մասին։ Թուրքիան շատ ինքնուրույն խաղացող է և Էրդողանը՝ շատ անպատիժ երկրի ղեկավար։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան