Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլ անի՝ ճանաչելով Արցախի անկախությունը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև.

 

Euronews – Պարոն վարչապետ, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը և Եվրամիությունը, բոլորն էլ կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել։ Այդուհանդերձ, մարտերը շարունակվում են։ Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի եք Դուք ձգտում այստեղ։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ամենակարևորը՝ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է արձանագրեն, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ է տեղի ունենում: Նախ, մենք ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների հայտարարությունը: Եվ այդ Թուրքիան է հայտարարել, որ կարծում է՝ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները, և ըստ էության, Ադրբեջանը մնացել է Թուրքիայի տված հանձնարարականի շրջանակում: Կարծում եմ, որ Եվրամիության արտաքին հարցերով գլխավոր հանձնակատարի այսօրվա հայտարարությունը վկայում է այդ մասին: Այս իրավիճակում, երբ մենք ունենք հակամարտության գոտում և ռազմական գործողությունների մեջ ներգրավված ահաբեկչական խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից և որոնք հավաքագրվել և տեղափոխվել են հակամարտության գոտի, մարտական գործողությունների գոտի Թուրքիայի կողմից և հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը հենց այս պահին, հենց հիմա գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո, որովհետև Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, ենթարկվում են անընդհատ հրթիռային հարվածների՝ կարծում եմ, որ միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռականորեն քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

 

Euronews – Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ասում է, որ ձեր զինված ուժերը հրետակոծում են իրենց քաղաքները։ Հայտնի է, որ երկու կողմից էլ կան քաղաքացիական զոհեր։ Արդ, ես ուզում եմ հասկանալ, թե արդյոք Դուք հետամուտ եք խաղաղության:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Միանշանակ, որովհետև նախ հարվածներ հասցրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, և Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հստակ պարզաբանումներով է հանդես եկել, որ այդ պատասխան հարվածը հասցրել է միայն անհնարինության բերումով, որովհետև դա է միակ ճանապարհը եղել, որպեսզի փորձեն կանգնեցնել Ադրբեջանի կողմից ձեռնարկված հրթիռակոծությունները Լեռնային Ղարաբաղի բնակավայրերին:

 

Euronews – Կարծիքները տարբերվում են առ այն, թե ով է առաջինը սկսել մարտական գործողությունները սեպտեմբերի 27-ին։ Անցյալ տարի Դուք և Ձեր երկրի Արտաքին գործերի նախարարը հայտարարեցիք, որ մտադիր եք հանրությանը նախապատրաստել խաղաղության։ Բայց մենք այլ բան ենք տեսնում։ Դուք ունեք Ռուսաստանի աջակցությունը, և ես կցանկանայի իմանալ, թե այդ աջակցությունը որքանով կարող է ազդել Ձեր հետագա քայլերի վրա։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խաղաղությունը միշտ եղել է մեր գլխավոր և գերագույն նպատակը: Իմ՝ վարչապետ ընտրվելու օրվանից ես ասել եմ, որ մենք պետք է ճգնենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես առաջին ղեկավարն եմ՝ ներգրավված բանակցային գործընթացի մեջ, ով պաշտոնապես ասում է, որ որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև դիմացի ժողովրդի համար: Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն այս բանաձևը չի ընդունել և չի ընդունել պաշտոնապես՝ ասելով, որ իր համար կա միայն մեկ լուծում, երբ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ, էթնիկ զտումների միջոցով ազատված կլինի հայերից և ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Սա ցեղասպանության սպառնալիք է, և այդ ցեղասպանության սպառնալիքի իրականացման գործում այսօր ներգրավված են միջազգային ահաբեկիչներ, որոնք հավաքագրել և տարածաշրջան են բերվել Թուրքիայի կողմից և որոնք մարտնչում են Ադրբեջանի կողմից: Այս փաստը, ըստ էության, արդեն ճանաչել են տարածաշրջանի և եվրոպական մի շարք երկրներ: Ես էլի ուզում եմ ընդգծել՝ եթե մենք ուզում ենք կանգնեցնել հումանիտար աղետը, եթե մենք ուզում ենք կանգնեցնել այս հակամարտության ծավալումն ավելի մեծ մասշտաբներով, միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

 

Euronews – Ի՞նչ քայլեր եք Դուք պատրաստվում ձեռնարկել զինված բախումների կիզակետում հայտնված քաղաքացիական բնակչության զրկանքներն ու կորուստները նվազագույնի հասնելու համար։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախորդ հարցից բաց թողեցի, գիտեք, ես կարծում եմ՝ իսկապես շատ կարևոր է պարզել, թե ով է սկսել այս հարձակումը: Եվ դրա համար այսօր միջազգային մամուլը և միջազգային հանրությունն ունի բավարար տեղեկատվություն: Հայաստանը և Ղարաբաղը չէին կարող սկսել այդ պատերազմը՝ մի պարզ պատճառով, որովհետև մենք այստեղ ռազմական խնդիրներ չունեինք լուծելու: Խնդիրը, որը մենք պետք է լուծենք, քաղաքական է, և Ադրբեջանն է, որ  պատերազմին նախորդած վերջին 15 տարում, 15 ամսում, 15 շաբաթում, 15 օրում, 15 ժամում անընդհատ սպառնացել է, որ ինքը ռազմական ճանապարհով կլուծի հարցը: Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Եկեք հրապարակայնորեն վերլուծենք Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարությունները, եկեք հրապարակայնորեն վերլուծենք՝ իսկ ինչո՞ւ պետք է ահաբեկիչները բերվեին Ադրբեջան, շփման գոտի: Որևէ ուրիշ նպատակով կարո՞ղ են ահաբեկիչները հավաքագրվել որևէ այլ երկրում և բերվել սեփական երկիր, եթե այդ երկիրը ռազմական ագրեսիա չի պատրաստում: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնվեր, որ ահաբեկիչները տեղափոխվեն սեփական երկրի տարածք: Բայց մենք ասում ենք, որ այսօր, այո, ամենակարևորը, բռնության դադարեցումն է, և սրա համար Ադրբեջանը պետք է դադարեցնի իր հարձակումները: Իհարկե, կարևորը խաղաղությունն է տարածաշրջանում, և սրա համար լավագույն գործիքը մենք համարում ենք միջազգային հանրության կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը:

 

Euronews – Կներե՛ք, պարոն վարչապետ, ասացե՛ք խնդրեմ, Դուք պատրա՞ստ եք դադարեցնել կրակը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե, բայց հասկանո՞ւմ եք՝ սա չի նշանակում, որ մենք կանգնենք, գան և մեր ժողովրդին ցեղասպանության ենթարկեն: Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել: Մեր գործողությունները և Ղարաբաղի գործողությունը բացարձակապես ինքնապաշտպանական է: Մենք որևէ մեկին սպանելու նպատակ չենք ունեցել և չունենք: Մենք ունենք ընդամենը հայ ժողովրդին հերթական ցեղասպանությունից պաշտպանելու, ինքնապաշտպանվելու նպատակ:

 

Euronews – Ո՞րն է կարգավորման Ձեզ համար ընդունելի տարբերակը։ Կա՞ հակամարտության լուծման այնպիսի տարբերակ, որը չի ենթադրում բռնություն։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեր ամբողջ դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ բռնությունների միջոցով Ղարաբաղի հարցը լուծել հնարավոր չէ: Որևէ լուծման հասնել՝ բռնության միջոցով, հնարավոր չէ: Դա Ադրբեջանի քաղաքականությունն է եղել, որ իրենք պատրաստվում են բռնի եղանակով լուծել Ղարաբաղի հարցը: Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել կոմպրոմիսի: Այդ Ադրբեջանն է, որ որևէ կերպ չի ուզում կոմպրոմիս, չի ուզում կոմպրոմիս: Նրա միակ լուծումն այն է, որ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Ղարաբաղի բնակչության 80 և ավելի տոկոսը, տեղահան արվի, և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով ազատվի հայերից, դառնա ոչ հայաբնակ տարածք: Բայց մարդիկ չեն կարող իրենց հազարամյա հայրենիքն ուղղակի թողնել Ադրբեջանի պահանջով: Եվ նրանք պետք է ինքնապաշտպանվեն և ունեն ինքնապաշտպանվելու իրավունք: Բացի ինքնապաշտպանությունից, Լեռնային Ղարաբաղն այստեղ որևէ ուրիշ նպատակ չունի:

 

Euronews – Պարոն վարչապետ, շնորհակալություն հարցազրույցի համար։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ: