Բելառուսում վախի մթնոլորտը հաղթահարված է․ Լուկաշենկոն գնալու է․ Արթուր Սաքունց

Լուրեր

13.12.2024 | 14:45
ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության համար
13.12.2024 | 14:42
Վարչապետը ժամանել է Մոսկվա
13.12.2024 | 14:22
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում
13.12.2024 | 14:08
Դամասկոսում Թուրքիայի դեսպանությունն ավելի քան մեկ տասնամյակ անց կվերսկսի գործունեությունը
13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

– Պարո՛ն Սաքունց, Բելառուսում ներքաղաքական իրավիճակը չի կայունանում, հետընտրական իրադրությունն ամեն օր նորանոր զարգացումներ է ապրում։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձություններն ընդհանրապես և, որպես իրավապաշտպան, շարունակվող ձերբակալությունները՝ մասնավորապես։

– Այն, ինչ տեղի է ունենում Բելառուսում, նորություն չէ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի բնույթով պայմանավորված, որովհետև մշտապես և պարբերական են եղել մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ ապօրինի քրեական հետապնդումներն ընդդիմադիրների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, նաև բռնի անհետացումները։ Ի դեպ, Բելառուսը եվրոպական միակ պետությունն է, որը դեռևս Եվրախորհրդի անդամ չէ և այնտեղ մահապատիժը դեռևս կիրառվում է։ Ուղղակի այս անգամ, ի տարբերություն անցած ժամանակների, երբ բողոքի ցույցերն ընտրությունների արդյունքների կեղծման դեմ կարճատև էին և, որպես կանոն, բռնի ուժի կիրառումից հետո անմիջապես դադարում էին, այս անգամ Բելառուսի քաղաքացիները շարունակական բողոքի ցույցերով իրենց անհամաձայնությունն են ցուցադրում նախագահական ընտրությունների արդյունքների հերթական կեղծման դեմ։ Իհարկե, ռեժիմն իր գործիքներն է կիրառում, ընդ որում՝ տարբեր ժամանակահատվածում տարբեր սաստկությամբ ու դաժանությամբ, որովհետև օգոստոսի 9-ին, 10-ին իրադրությունը շատ ավելի լուրջ էր, հենց այդ ժամանակ եղան մահվան դեպքերը, այնուհետև որոշ ժամանակ, կարծես, թուլացան, բայց վերջին ժամանակներս վերստին ուժգնացան ապօրինի բերման ենթարկելու, մարդկանց նկատմամբ ճնշումներ գործադրելու գործողությունները։ Բայց, կարևոր մի հանգամանք ևս, ոգեշնչող է այն, որ ցույցերը տեղի են ունենում ոչ միայն Մինսկում, այլև Բելառուսի այլ քաղաքներում։

Եվ այստեղ գործ ունենք մի պետության հետ, որը հանդիսանում է թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ԱՊՀ-ի, թե՛ ԵՏՄ-ի առանցքային երկրներից մեկը, և սա չպետք է դիտարկել որպես բելառուսական խնդիր։ Ընդհանրապես, մարդու իրավունքների հետ կապված խնդիրները չպետք է դիտարկել զուտ ներպետական առումով։ Սա լուրջ մարտահրավեր է հենց ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի ներսում իրավիճակի համար, որոնց, ցավոք, դեռևս շարունակում է անդամակցել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սա լուրջ մարտահրավեր է նաև հենց Հայաստանի համար՝ ժողովրդավարական, իրավական պետության վերականգնման, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից։ Ըստ էության, տեսեք, ՀՀ-ում ժողովրդավարական փոփոխություններին ուղղված թավշյա հեղափոխությունից հետո հաջորդ այդպիսի մեծ շարժումը տեղի ունեցավ Բելառուսում։ Եվ դա, չեմ կարծում, ուղղակի կապ չունի։ Հակառակը, Հայաստանում թավշյա հեղափոխության փորձը ոգևորիչ էր հետխորհրդային տարածաշրջանի այն պետությունների համար, որտեղ դեռևս պահպանվել են ավտորիտար ռեժիմները, այդ թվում՝ Ռուսաստանում։

– Ինչ եք կարծում՝ ընդդիմությունը կհաջողի՞ Բելառուսում, որովհետև տպավորություն կա, որ ոչ մի կերպ չեն կարողանում միավորվել իրենց համար այս պահին օրախնդիր գաղափարի ու նպատակների շուրջ՝ հեռացնել իշխանությունից այդքան տարի երկիրը ղեկավարած Լուկաշենկոյին։

– Կանխատեսումներ անելը տեղին չէ, բայց որպեսզի կարողանանք որևէ գնահատական տալ, երևույթներն իրենց բուն բովանդակությամբ պետք է ընկալենք։ Բելառուսում արդեն ընդդիմությունը չէ, որ կազմակերպում է բողոքի ցույցերը, այլ քաղաքացիները։ Այսինքն՝ այսօր Բելառուսում բռնապետական, հակամարդկային և հակաժողովրդավարական ռեժիմի դեմ հանդես է գալիս քաղաքացին։ Եվ այս առումով սա իրապես յուրահատուկ է, այն իմաստով, որ ընդդիմության կողմից ռեժիմի դեմ կազմակերպված գործողություններ չեն, այլ քաղաքացիներն են ինքնակազմակերպվում և իրենց անվստահությունը հայտնում ռեժիմին։ Այն, որ ստեղծվեց Համակարգող խորհուրդ, որում ընդգրկվեցին տասնյակ տարբեր գործիչներ՝ հասարակական, մշակույթի, այդ թվում՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսիևիչը, խոսում է այն մասին, որ սրանք իրապես քաղաքական ընդդիմադիրների կողմից կազմակերպված ակցիաներ չեն։ Ավելին, ուշադրություն դարձնենք, որ ընդդիմադիր թեկնածուին՝ Տիխանովսկայային ստիպեցին, հեռացրին երկրից, Մարիա Կոլեսնիկովային փորձում էին վտարել երկրից, բայց նա պատռեց իր անձնագիրը և չկարողացավ հատել սահմանը ու հիմա կալանավորված է։ Այսինքն՝ կարելի է ասել, որ ընդդիմության թեկնածուներն այս պահին կազմակերպական առումով որևէ մասնակցություն չունեն այդ բողոքի ցույցերին, սակայն առանց այդ լիդերների էլ մարդիկ շարունակում են ինքնակազմակերպվել։ Սա է բուն «թավշյա հեղափոխություն» ասվածի էությունը, որը հենց իր բովանդակությամբ ժողովրդավարական է, անձակենտրոն չէ, և որը շատ ավելի է սարսափեցնում ավտորիտար մտածելակերպ, արժեհամակարգ ունեցողներին, որոնք փորձում են անպայման նման ժողովրդավարական հեղափոխությունները նույնականացնել ինչ-որ անձերի կամ կառույցների հետ և այդ վարկածի հիման վրա փորձել ներկայացնել որպես արտաքին միջամտության արդյունք՝ դրանով փորձելով նսեմացնել քաղաքացիներին, որոնք սեփական համոզմունքի հիման վրա են իրենց գործողությունները մշակում։

– Ասացիք՝ տարիներ առաջ նույն ընտրակեղծարարությունների դեմ պայքարող Բելառուսի քաղաքացիների բողոքի ակցիաները կարճ էին տևում, ճնշվում էին իշխանության կողմից։ Հիմա, փաստորեն, ավելի քան մեկ ամիս է՝ պայքարը չի դադարում։ Այսինքն՝ մտադիր են այս անգամ մինչև վե՞րջ գնալ, ի՞նչ տպավորություն ունեք։

– Բռնապետական ռեժիմները, որպես կանոն, իրենց իշխանությունը պարտադրում են վախի մթնոլորտի, անպատժելիության մթնոլորտի հիման վրա, և երբ քաղաքացին հաղթահարում է այդ վախը, նրանք են վախի մեջ ընկնում և սկսում արդեն իրենց կարծիքը, դիրքորոշումն ազատորեն արտահայտող քաղաքացիների ընդվզումը ներկայացնել որպես արտաքին միջամտության արդյունք, որն այս անգամ չի հաջողվի։ Ես առավել քան համոզված եմ, որ Լուկաշենկոն հեռանալու է։ Որպես ռեժիմի խորհրդանիշ՝ նա այլևս չի կարողանալու կառավարել այդ վախը հաղթահարած, ազատության ձգտող Բելառուսի քաղաքացիներին։ Եվ, ուզած թե չուզած, ինչ-որ պահի Լուկաշենկոն կամ նրա ներկայացուցիչները գնալու են երկխոսության այդ Համակարգող խորհրդի հետ։ Սա շատ նման է թե՛ հայաստանյան պարագային, քանի որ միայն Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը չէին փողոց դուրս եկել, ամեն տեղ ժողովուրդը դուրս էր եկել, որովհետև այլևս չէին ընդունելու Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության իշխանության շարունակականության պարտադրանքը։ Ուզում եմ ասել՝ բռնապետական ռեժիմների դեմ հանդես եկողները ոչ թե ինչ-որ կառույցներ են, այլ ժողովուրդը, որն իրականացնում է թավշյա հեղափոխությունը։ Եվ այս առումով իրադարձությունների հետագա ընթացքը այլևս կախված չէ ո՛չ Բելառուսի բռնապետ Լուկաշենկոյից կամ նրա ենթակա անձանցից, և ո՛չ էլ քաղաքական ընդդիմություն ասված կառույցներից, այլ միայն Բելառուսի քաղաքացիների զանգվածային բողոքի ցույցերից, որոնք շարունակվելու են, չեն դադարելու։ Չնայած բռնությունների, հետապնդումների ուժգնությանը, որ կիրառում են իրավապահ մարմինները, մարդիկ դիմակայում են և շարունակում են իրենց բողոքի ցույցերը։ Հարցն այն է, թե ինչպես է Լուկաշենկոն պատրաստվում կառավարել։ Նա կարող է գնալ ուժի տոտալ կիրառման, բնականաբար՝ արտաքին միջամտությամբ։ Եվ զարմանալի է, որ արտաքին միջամտությանը հղում կատարողները հենց իրենք են փորձում արտաքին միջամտությունն օգտագործել՝ հանձին պուտինյան ռեժիմի, որպեսզի իրենց իշխանությունը պահպանեն։

– Պարո՛ն Սաքունց, երեկ Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Լուկաշենկո հանդիպումը։ Բելառուսի նախագահը խորը երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանին՝ հետընտրական շրջանում «պարկեշտ և մարդկային վերաբերմունքի համար»։ Ձեր կարծիքով՝ ռուսական միջամտությունը մինչև ո՞ւր կարող է հասնել։

– Շատ զուգահեռներ ուղղակի հիշեցի, երբ հարցը տվեցիք, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ, երբ 2008 թվականի փետրվարի նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը, իհարկե՝ ոչ հրապարակային, բայց հանդիպումներ ունեցավ Պուտինի հետ, կամ 2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանը «բերման ենթարկվեց» Կրեմլ և սեպտեմբերի 3-ին՝ մեկ գիշերվա ընթացքում հրաժարվեց Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագրից։ Եվ ամեն անգամ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և, ցավոք, ՀՀ քաղաքական ուժերն էլ՝ բացառությամբ մեկ-երկուսի, իրենց ծրագրերի իրականացումը տեսնում են Կրեմլի, պուտինյան ռեժիմի աջակցության մեջ։ Եվ հիմա նույն Լուկաշենկոն, որը բարբաջում էր Բելառուսի ինքնիշխանության, ապօրինի զինված խմբավորման՝ Վագների անդամների ձերբակալման մասին՝ դրանով հայտարարելով, որ հենց Կրեմլն է փորձում ապակայունացնել վիճակը, հիմա, ստացվում է, ինքն է ապակայունացնող որակված ուժի, ռեժիմի աջակցությունը խնդրում։ Փաստորեն, պետության, այսպես կոչված, դե ֆակտո ղեկավարը հանուն իր իշխանության պահպանման պատրաստ է այդ պետության ինքնիշխանությունը ոչնչացնել, հանձնել Կրեմլին։ Եվ սա Կրեմլի շատ պրիմիտիվ մեխանիզմն է, որը հերթական անգամ գործի է գցվում։

– Ամեն դեպքում, իրադարձությունների ինչպիսի՞ զարգացում եք կանխատեսում։ Քաղաքացիները կհամակերպվե՞ն Կրեմլի աջակցությամբ իշխանությունը պահելու՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի փորձերի հետ։

– Չեմ կարծում, որ Լուկաշենկոն կմնա։ Լուկաշենկոն իր խնդիրը կլուծի, այն է՝ ամբողջությամբ գործի կգցի երկրի ինքնիշխանության հանձնման՝ իր պատկերացրած մեխանիզմը, այնուհետև Կրեմլը կփորձի գտնել նրան փոխարինող։ Բայց այլ հարց է՝ որքանով դա կհաջողվի։ Խնդիրն այն է՝ արդյո՞ք Բելառուսի քաղաքացիները կհաշտվեն այդ հիբրիդային, այդ բռնազավթման գործընթացի հետ և արդյո՞ք միայն Լուկաշենկոյի ու նրա նեղ շրջապատի հեռացմամբ կբավարարվեն։ Բոլոր դեպքերում, հեղափոխություն ասվածը մեկանգամյա գործընթաց չէ, ինչպես համոզվում ենք նաև Հայաստանի կամ Ուկրաինայի պարագայում։ Դա շարունակական գործընթաց է, որի հաջողության երաշխիքը հանրության գիտակցության հասունությամբ է պայմանավորված, ազատության, ժողովրդավարության պայմաններում, իրավական պետությունում ապրելու և գործելու ձգտումը բնական ձգտում է և շարունակական պրոցես։ Նկատենք, որ Բելառուսը գտնվում է այնպիսի պետությունների հարևանությամբ, որոնք նման ձախողված փորձերի օրինակ ունեն՝ հանձին Մերձբալթյան պետությունների, Լեհաստանի, Ուկրաինայի, որտեղ Կրեմլի կողմից այդ գերիշխանության, գաղութացման գործընթացը ձախողվել է։ Բայց, ինչպես քիչ առաջ նշեցի, Բելառուսում վախի մթնոլորտն արդեն հաղթահարված է, իսկ դա ժողովրդավարական զարգացումների կարևոր նախապայմանն է, և եթե, ենթադրենք, ինչ-որ պահի հանդարտվեց, այնուամենայնիվ, պրոցեսն արդեն սկսված է։ Մարդկանց վախի մեջ պահելու համար ռեժիմների ռեսուրսներն այլևս չեն բավարարում։ Մենք տեսնում ենք, թե նույն Բելառուսում ինչպես են իրավապահ մարմինների ներկայացուցիչները հրաժարվում հրամաններ կատարելուց և իրենց համերաշխությունն են հայտնում ազատության ձգտող քաղաքացիներին։

– Բելառուսի իրադարձություններին Հայաստանի արձագանքը տարբեր տեսակետներ է ծնել։ Ոմանց կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպետք է շնորհավորեր Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մյուսներն էլ համարում են՝ դա ընդամենը քաղաքականություն է։ Ձեր կարծիքը, խնդրեմ։

– Շատ տարօրինակ էր, իհարկե, Հայաստանի իշխանությունների արձագանքը Բելառուսի դեպքերին։ Մասնավորապես, քանի որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների ծավալը Բելառուսում այն աստիճանի էր հասել, որ պետք էր գործի գցել ՄԱԿ-ի մեխանիզմները, որի գործիքներից մեկը հենց Մարդու իրավունքների խորհուրդն է։ Եվ շատ ցավալի է, որ ՀՀ-ն, որը բառացիորեն մեկ տարի առաջ Մարդու իրավունքների խորհրդում ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվեց՝ զուտ թավշյա հեղափոխության շնորհիվ ժողովրդավարության իր իմիջի համար, ակնհայտ նահանջ արձանագրեց՝ թե՛ շնորհավորանքով, թե՛ նրանով, որ Խորհրդում ձեռնպահ քվեարկեց Բելառուսի իրադարձությունների հարցը Խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառելուն։ Սա, պետք է ասեմ, զգալիորեն նվազեցրեց Հայաստանի իմիջը՝ որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներ կրող պետության, որի իշխանությունները, ցավոք, ակնհայտորեն նահանջեցին այդ արժեքներից։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ, այս քվեարկությունն ինչպե՞ս բացատրել։

– Այդ հարցին իրենք պետք է պատասխանեն, և քանի որ չեն պատասխանում, այլ լռում են, ամենևին չի նշանակում, որ պատասխանատվություն չեն շարունակում կրել։ Կոնկրետ վարչապետը՝ իր շնորհավորանքի համար։ Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ նա պետք է ներողություն խնդրի, դա է ազնիվ, շիտակ և պատասխանատու քայլը։ Ներողություն խնդրի՝ իր ոչ հարգալից վերաբերմունքի համար մարդկանց հանդեպ, որոնք դուրս են եկել՝ ազատության, ժողովրդավարության և իրենց արժանապատվության համար պայքարի։ Միշտ էլ կարելի է թույլ տված սխալն ուղղել։ Այն, որ ձեռնպահ են քվեարկել, նշանակում է՝ այնուամենայնիվ, ինչ-որ մի բան գիտակցել են, բայց մեզ պետք չէ, որ մենք ենթադրենք՝ գիտակցել են, թե ոչ։ Իշխանության ներկայացուցիչները ժամանակին ասում էին, որ ազնիվ, շիտակ, թափանցիկ պետք է լինեն ՀՀ քաղաքացիների հանդեպ։ Մենք արձանագրում ենք, որ ազնիվ, հրապարակային, թափանցիկ և հաշվետու չեն իրենց որոշումներում, իրենց գործողություններում։ Եվ այստեղ որևէ հիմնավորում՝ արտաքին քաղաքականության, դիվանագիտության վերաբերյալ, տեղին չէ, ավելին, դա վախկոտության ակնհայտ հիմնավորում է։ Չեն կարող մարդու, քաղաքացու արժանապատվության դեմ ոտնձգությունները լռության մատնվել՝ ինչ-ինչ քաղաքական շահից ելնելով։ Դա նշանակում է՝ տեղ ես թողնում, որ քո նկատմամբ նույնպես նման գործողություններ կատարվեն։

Թամարա Հակոբյան