Հանգիստ Եգիպտոսում՝ փակ սահմանների պայմաններում․ գայթակղիչ առաջարկի հնարավոր ռիսկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
12.08.2020 | 20:45Կորոնավիրուսի օրերին Հայաստանի քաղաքացիների մտահոգությունը ոչ միայն շոգ եղանակին դիմակ կրելն է, այլ նաև ծովափնյա երկրներում հանգիստը վայելել չկարողանալը, քանի որ օդային սահմանները շարունակում են փակ մնալ։ Ու թեպետ երկրում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացվեց, վերջին շրջանում ֆեյսբուքում տեղեկություններ են այն մասին, թե որոշ զբոսաշրջային ընկերություններ այս օրերին փաթեթներ են առաջարկում, օրինակ, դեպի Եգիպտոս՝ վստահեցնելով, որ քաղաքացիներն առաջիկայում կկարողանան հանգստի մեկնել։
Գնալով տեղեկության հետքերով, Factor tv-ն կապ հաստատեց հայկական մի քանի զբոսաշրջային ընկերության հետ։ 3 ընկերությունից մեզ հայտնեցին, որ այս պահին արտագնա տուր փաթեթներ չունեն, հաճախորդներին զգուշացնում են, որ առաժմ նման հնարավորություն չկա։
Ընկերություններից մեկում, սակայն, մեզ վստահեցրին, որ իրենց փաթեթով հենց օգոստոսի 15-ին՝ ընդամենը 3 օրից, կարող ենք Եգիպտոս հանգստի մեկնել։
«Չարտերային թռիչքներ են նախատեսված։ Առաջին թռիչքը ամսի 15-ին է։ Ամեն չորեքշաբթի և շաբաթ օրերին են իրականացվելու թռիչքները»,- հայտնեցին զբոսաշրջային ընկերությունից։
Ըստ ֆեյսբուքում տարածված տեղեկությունների, որոշ զբոսաշրջային ընկերություններ գումար են աշխատում՝ չհաստատված չվերթներով տոմսեր վաճառելով, իսկ հետո դրանց գումարը որոշակի պահումներով քաղաքացիներին վերադարձնելով։
Ընկերությունից, որին դիմել էինք, մեզ փոխանցեցին․ «Պայմանագիր ենք կնքում ամրագրելուց, ըստ որի գումարն ամբողջությամբ ենթակա է վերադարձի՝ առանց պահումների։ Գումարային կորուստ չեք ունենա, եթե հանկարծ թռիչքը չեղարկվի, գումարը ամբողջությամբ վերադարձվում է»։
Հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և դրա ենթակա մարմին հարմարվող Զբոսաշրջության կոմիտեի խոսնակ Աննա Օհանյանին։ Նա մեզ փոխանցեց, որ մինչև արտակարգ դրության ավարտը Եգիպտոս, Կիպրոս ու Շրի Լանկա ուղղություններով հաստատված թռիչքներ չկան։ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաստատմամբ՝ այս պահին չվացուցակում նման չվերթներ չկան, չարտերային նման չվերթներ սահմանված չեն։ Վստահաբար Քաղավիացիայի հետ ճշտված է այդ տեղեկատվությունը, իրենք էլ ասել են, որ այն ուղղությունները, որոնցով այս պահին փաթեթներ են վաճառվում, հաստատված չվերթներ չեն, ավիացիան չի հաստատել։ Եթե որևէ այլ տեղեկություն լինի նոր չարտերային չվերթների վերաբերյալ՝ արտագնա տուրիզմի համար, կամ Զբոսաշրջության կոմիտեն, կամ ՔԱԿ-ը հավելյալ տեղեկություն կտարածեն»,- նշեց Աննա Օհանյանը։
Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիներին առաջարկվում է թռիչք մի ուղղությամբ, որի համար Պարետի և Քաղավիացիայի կողմից թույլտվություն առկա չէ։ Զբոսաշրջային գործակալությունում մեր այս հարցին պատասխանեցին․ «Այդ տեղեկությունը հաստատված չի, թռիչքը կա ու չեղարկման մասին մենք տեղեկություն չունենք։ Նիստ է գնում Պարետատան, վերջնական որոշվելու է ամեն ինչը։ Ամեն դեպքում՝ թռիչքը կա, չեղարկված չի։ Եթե չեղարկվի, նման բան հաստատ չենք ասի»։
Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Մինչև 15-ը (խմբ․ օգոստոսի) որևիցե ավիաընկերություն ՀՀ-ում կանոնավոր կամ չարտերային չվերթ չի կարող իրականացնել։ 15-ից հետո, տեսականորեն, բոլորը, ովքեր թույլտվություն ունեն, կարող են անել։ Օգոստոսի 15-ից հետո բոլորը կարող են ենթադրել, որ ամեն ինչ կարող են անել, որովհետև մեր սահմանափակումները գործում էին՝ հաշվի առնելով այն, որ արտակարգ դրությունը 13-ին ավարտվում էր, գումարած 2 օր էլ՝ մեր սահմանափակումներն էին գործելու մինչև ամսի 15-ը»։
Քաղավիացիայի կոմիտեից մեզ տեղեկացրին, որ գուցե օգոստոսի 15-ին դեպի Եգիպտոս զբոսաշրջային փաթեթ առաջարկող ընկերությունում նախատեսում են ոչ թե ուղիղ, այլ, օրինակ, Մոսկվայով կամ Մինսկով չվերթ իրականացնել, քանի որ այդ երկու ուղղություններն այժմ բաց են։ Զբոսաշրջային ընկերությունից հետաքրքրվեցինք՝ արդյոք չվերթն ուղիղ է լինելու։ Պատասխանեցին՝ այո։
Կապ հաստատեցինք նաև այն գործակալության հետ, որի միջոցով նշված՝ օգոստոսի 15-ի չվերթն իրականացվելու է։ Այնտեղ մեզ տեղեկացրին, որ դեռ սպասողական վիճակում են։ Մեր հարցին՝ արդյոք արտակարգ դրության երկարացումից հետո դիմել են՝ չարտերային թռիչքի թույլտվություն ստանալու համար, պատասխանեցին, որ չեն կարող մանրամասներ հայտնել։
Զբոսաշրջային կոմիտեից հետաքրքրվեցինք՝ արդյոք քայլեր են կատարվում նման անորոշ ճամփորդական փաթեթների վաճառքը սահմանափակելու ուղղությամբ։ Աննա Օհանյանը մեզ տեղեկացրեց․ «Կոնկրետ տուրիստական գործակալությունների, ընկերությունների ոլորտը հատուկ կարգավորելու համար մշակվել է Զբոսաշրջության մասին ՀՀ օրենքը, որը, կարծում եմ, շուտով կդրվի քննարկման»։
Զբոսաշրջության կոմիտեից նշեցին նաև, որ խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար քաղաքացիներին հորդորում են զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Մելքոնյան