Հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից զինծառայողի զոհվելու փաստով քրեական գործ է հարուցվել
Հասարակություն
27.07.2020 | 12:13Հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից զինծառայողի զոհվելու փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«27.07.2020 թ.՝ ժամը 01։10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կոկորդի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում: