Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, կճանաչվի ագրեսոր. Ստանիսլավ Տարասով

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

– Պարոն Տարասով, Ձեր գնահատմամբ՝ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում գրանցված վերջին միջադեպերը ի՞նչ հետևանքներ կունենան հակամարտության համար:

– Հետևանքներ, անշուշտ, կան: Կարելի է ասել, որ այսօր ըստ էության չկա երկխոսություն Բաքվի ու Երևանի միջև: Էլ չեմ խոսում այն մասին, որ հարց է ընդհանրապես՝ այս տարի հանդիպում կլինի՞ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, թե՞ ոչ:

Հիմա՝ պատճառների մասին: Պատճառները շատ տարբեր են: Բանակցությունների շատ մանրամասներ գաղտնի են: Մեզ հայտնի է Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը պատրաստ է բանակցել: Մամեդյարովն ասում է, որ Ադրբեջանը պահանջում է տարածքների վերադարձ՝ որպես բանակցությունների նախապայման: Մինչ այդ, տեղի ունեցավ եռակողմ ձևաչափով հանդիպումը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև: Այն հանգամանքը, որ կողմերը գնացին շփման, թույլ է տալիս ենթադրել, որ բանակցությունների համատեքստում կա ինչ-որ կետ, որի շուրջ կողմերը բանավիճում են, բայց չեն բարձրաձայնում դրա մասին: Հայաստանի նախագահը, ելույթ ունենալով խորհրդարանում, հիշատակեց Կազանյան փաստաթուղթը: Կարելի է ենթադրել, որ Կազանյան փաստաթուղթը՝ ինչ-որ մոդիֆիկացիաներով, նրբերանգային փոփոխություններով, իսկապես դրված է բանակցությունների սեղանին, և կողմերը քննարկում են այն:

Եվ այս իրավիճակում, երբ թվում է, թե Բաքուն ու Երևանը իրար ընդառաջ գնացին երկխոսությունը շարունակելու հարցում, շփման գծում տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում: Ադրբեջանի զինուժը հարված է հասցնում հայկական կողմին՝ պատճառաբանելով, թե իբր հայկական կողմը ուզեցել է խոցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռը: Ստեղծվում է կոնֆլիկտային իրավիճակ, սրվում է զինված հակամարտությունը և այդպիսով դադարեցվում են բանակցությունները: Սրանից կարելի է անել հետևյալ եզրակացությունը, որ Ադրբեջանում կան ուժեր (ամենայն հավանականությամբ՝ զինվորականներ), որոնց ձեռնտու չէ բանակցային գործընթացը գոյություն ունեցող պայմաններով, և նրանք հասան արդյունքի:

Երկրորդը, Մինսկի խումբը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ ուղղված Ադրբեջանին: Սա ակնհայտ է, բայց մենք չգիտենք՝ Մինսկի խումբը կպահանջի՞ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարում, որոնց տակ չի ստորագրել Ադրբեջանը: Մինսկի խումբը կփորձի՞ ստիպողաբար տարբերակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև ընդունել շփման գծում միջադեպերի հետաքննության և մշտադիտարկման մեխանիզմների ներդրման մասին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի զինվորականները փակուղային վիճակում են և սպասում են ինչ-որ բանի: Բայց թե կոնկրետ ի՞նչ են նրանք սպասում, շուտով կիմանանք:

– Իսկ ինչո՞վ է բացատրվում Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը:

– Ադրբեջանը պնդում է, թե Մոսկվան, որը միջնորդական առաքելություն է իրականացնում ղարաբաղյան հարցում, ունի կարգավորման ինչ-որ ծրագիր՝ «Լավրովի պլան» տարածքների հանձնման մասին և այլն, և այլն: Նման բան չկա: Մինսկի խումբը հանձնարարել է Լավրովին հող նախապատրաստել Մինսկի խմբի ընդհանուր նախագիծն իրագործելու համար: Ֆրանսիայում տեղի ունեցան ընտրություններ, Միացյալ Նահանգների նոր վարչակազմը դեռևս չի կողմնորոշվել Ղարաբաղի հարցում, և Մինսկի խմբի հանձնարարությամբ այդ առաքելությունն իրականացրել է Լավրովը: Հիմա Մինսկի խումբը նման ձևով արտահայտում է իր դժգոհությունը և կոնկրետ նշում է՝ ով է դա արել: Երկրորդը, հունիսին Մինսկի խմբի համանախագահները գնալու են տարածաշրջան: Պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպես նրանք կգործեն:

– Կարո՞ղ ենք ասել, որ սա համանախագահների արձագանքն է Ադրբեջանի ակնհայտ ապակառուցողական գործողություններին, եթե հիշենք նաև այն, որ Բաքուն վետո կիրառեց ԵԱՀԿ-ում՝ արգելափակելով Երևանի ԵԱՀԿ գրասենյակի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը:

ԵԱՀԿ գրասենյակի հարցն ավելի շատ բյուջետային խնդիր է: Մինսկի խումբն աշխատում է բոլորովին այլ սցենարով և ժամանակացույցով: Այո, ԵԱՀԿ գրասենյակի փակումն ունի նշանակություն, բայց դա կապված չէ ղարաբաղյան հարցի հետ:

– Հնարավո՞ր է, որ նման հայտարարությամբ Մինսկի խումբը փորձում է, այսպես ասած, փոխհատուցել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների չկատարման համար:

– Մինսկի խումբն ունի իր լիազորությունները: Այն բաղկացած է այն պետությունների համանախագահներից, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրի մշտական անդամներ են: Նրանք կարող են նախաձեռնել հատուկ բանաձև՝ պարտադրելով Ադրբեջանին կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած իր պարտավորությունները, առավել ևս, որ Ալիևը մասնակցել է այդ գագաթաժողովներին: Ադրբեջանցիները հիմա լկտիաբար խախտում են խաղի կանոնները: Նրանք առաջին խաղակեսը ֆուտբոլ են խաղացել, հիմա դուրս են եկել խաղադաշտ և բասկետբոլ են խաղում: Ահա և վերջ: Նրանք փոխել են խաղի կանոնները: Դիվանագիտությունն այդպես չի արվում: Եվ դուք գիտեք, որ Ադրբեջանի ներսում էլ խնդիրներ կան:

– Կարծում եք, որ Մինսկի խմբի մոտեցումներում փոփոխությո՞ւն է տեղի ունեցել, որովհետև համանախագահները միշտ հավասարեցման նշան էին դնում կողմերի միջև՝ առանց մատնանշելու, թե ով է առաջինը կրակել:

– Ակնհայտ է, որ համանախագահները սկսում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:

– Դա կտա՞ որևէ արդյունք՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու  իմաստով:

– Իհարկե: Եթե Ադրբեջանը այս իրավիճակում ռազմական գործողություններ սկսի, կճանաչվի ագրեսոր: Իսկ եթե Ադրբեջանը հայտարարվի ագրեսոր, ապա կարելի է սպասել ամեն ինչ, ընդհուպ մինչև Ղարաբաղի անկախության ճանաչում:

– Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն առանձին հայտարարությամբ շեշտել է, որ Ադրբեջանն է սկսել ռազմական էսկալացիան շփման գծում: Ինչո՞ւ է Ռուսաստանը, Ձեր կարծիքով, կոշտացնում իր վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ:

Պետք չէ ընդունել Ռուսաստանի դիրքորոշումը՝ որպես ինքնուրույն, առանձին դիրքորոշում: Դա սխալ է: Ռուսաստանի դիրքորոշումը համերաշխ է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման հետ: Ռուսաստանը երբեք առանձին հանդես չի եկել: Ադրբեջանական քարոզչությունն է կարծիք հայտնում, թե Ռուսաստանն առանձին դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Ռուսաստանը հիմա հանդես է գալիս Մինսկի խմբի համանախագահների հետ միասին: Համանախագահները կտրուկ և հասցեական հայտարարություն արեցին՝ ուղղված Ադրբեջանին: Բնականաբար, տարօրինակ կլիներ, եթե այս իրավիճակում Մոսկվան այլ կերպ արտահայտվեր: Պարզապես օբյեկտիվ հանգամանքների բերումով Մոսկվայում նախարարների հանդիպումը կազմակերպվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: Մոսկվան փորձում է բացառել իրադարձությունների զարգացման ուժային սցենարը, Մոսկվան հասկացնում է Ադրբեջանին, որ եթե նա պատերազմական գործողություններ սկսի, ապա Մոսկվան դիտորդի դերում չի մնալու: Մոսկվան ասում է՝ մենք ընդունում ենք միայն քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը, բայց Ադրբեջանը տապալել է այդ բանակցությունները: Սա է իրավիճակի առանձնահատկությունը:

– Բայց չէ՞ որ ակնհայտ է Ռուսաստանի առանցքային դերակատարությունը ղարաբաղյան հարցում:

– Գիտեք, հիմարներ չկան և բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և եթե պատերազմ սկսվի Ղարաբաղում, այն վնաս կհասցնի Հայաստանին, իսկ եթե պատերազմը վնասի Հայաստանին, բոլորն էլ հասկանում են, որ դա կվնասի նաև Ռուսաստանի շահերը:

– Բայց ՀԱՊԿ-ը չի արձագանքում, երբ Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի սահմանամերձ գյուղերը:

– Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ տարածաշրջանում: Հարցն այն է, որ Մոսկվան փորձում է պահպանել հարաբերությունները և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, որովհետև Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, առաջնորդվում է հավասարության սկզբունքներով: Մոսկվան չի կարող ակնհայտորեն աջակցություն ցույց տալ Հայաստանին՝ բացասաբար արտահայտվելով միայն Ադրբեջանի հասցեին: Մոսկվան բացասաբար է հանդես գալիս Ադրբեջանի հասցեին միայն Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, ոչ թե ինքնուրույն:

– Նախագահ Սարգսյանը հայտարարեց, թե Կազանյան փաստաթուղթը շարունակում է մնալ վերջին աշխատանքային փաստաթուղթը բանակցություններում: Սա նշանակում է, որ այսօր կրկին կարգավորման այս տարբերա՞կն է քննարկվում:

– Կազանյան փաստաթղթի մասին բարձրաձայնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Կազանյան փաստաթղթի էությունը «տարածք՝ անվտանգության դիմաց» բանաձևն է: Որքան հասկացա նախագահի ելույթից, Երևանը կողմ է այս փաստաթղթին: Այդ դեպքում մի շարք հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ Ստեփանակերտը չի մասնակցում բանակցություններին, ինչո՞ւ Երևանը, 2016 թ. ապրիլի իրադարձություններից հետո վերսկսելով բանակցությունները Ադրբեջանի հետ, նախապայման չառաջադրեց Ստեփանակերտի մասնակցության մասին: Պարզ է, թե ինչու Բաքուն չի ուզում, իսկ ինչո՞ւ Երևանը չի ուզում, որ Ստեփանակերտը ևս մասնակցի բանակցություններին: Շատ հարցեր կան, որոնց պիտի պատասխանի պաշտոնական Երևանը:

Արամ Սարգսյան