Մարգարիտա Սիմոնյանին ու իր նմաներին հայ մարդը չպետք է բարևի, պետք է թիրախավորվեն և վնասազերծվեն․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
20.07.2020 | 16:09Factor.am-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ
– Պարո՛ն Արշակյան, մինչ սահմանին լարվածություն էր, Հայաստանի իշխանություններին կոշտ քննադատեց «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Նա և իր լրատվամիջոցը համարվում են ռուսական իշխանության պրոպագանդիստներից։ Ըստ էության, նա իշխանությանը մեղադրում է Ռուսաստանի շահերը չսպասարկելու, բայց պահանջներ դնելու մեջ։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը։
– Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանում հիմա շատ լուրջ պրոբլեմներ ունի՝ նրան, ամուսնուն և իր խմբին բռնել են գողության վրա։ Նրանք բավականին լուրջ քրեական հանցագործություն են կատարել։ Այսինքն՝ կախվածության մեջ են Ռուսաստանի իշխանությունների բարի կամքից։ Այդպիսի մարդիկ չունեն հասարակական ծառայության գիտակցություն, նրանք Ռուսաստանին չեն ծառայում, նրանք Հայաստանին չեն ծառայում, նրանք շատ կոնկրետ լյումպեններ են՝ ծառայում են իրենց անձին ու ընտանիքին։ Նրանց ընտանիքի շահը պահանջում է, որ արդարանան Ռուսաստանում, վաստակեն Ռուսաստանի բարեսրտությունը և հիմա փրկում են իրենց։
– Փորձում են իրենց փրկել, օգտագործելով այս բառե՞րը՝ «Ռուսաստանն ունի բարոյական իրավունք՝ թքել ձեզ վրա և տրորել ձեզ»։ Այսպես Սիմոնյանը դիմում է Հայաստանին ու նրա իշխանությանը։
– Դե՝ դա քրեական ենթամշակույթի դրսևորում է։ Իրենց վստահված պետական ռեսուրսների չարաշահման չափը ցույց է տալիս, որ անկախ նրանից՝ ինքը լավ բանասեր է, բայց լավ գող ու ավազակ է։ Գող ու ավազակը կթքի։ Ես գիտեմ, որ քրեականներն ավելի կոշտ արտահայտություններ ունեն իրենց միջավայրում։ Ուրեմն, ես գտնում եմ, որ Մարգարիտա Սիմոնյանը խնայել է մեզ՝ թքելով, ուրիշ բաներ էլ կարող էր անել։ Մենք ազատվել ենք ավելի տգեղ հայհոյանքներից։ Իրավունք ունի, թե չէ՝ քրեականն ինքն է որոշում իր իրավունքի սահմանը, նա չի ճանաչում որևէ այլ իրավունք՝ բարոյական, քաղաքական, քաղաքացիական։ Մենք գործ ունենք մեծ մասշտաբի գող ու ավազակի հետ՝ անկախ նրա սեռից։
– Մարգարիտա Սիմոնյանը մի քանի մեղադրանք է հնչեցնում Հայաստանի գործող իշխանության հասցեին, օրինակ, ասում է՝ դուք չճանաչեցիք Ղրիմը, թեև Ռուսաստանից պաշտպանություն ու բարություն եք ստացել։ Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին 2014 թվականին է տեղի ունեցել, երբ Հայաստանում իշխանության էր ՀՀԿ-ն։ Սա չի՞ նշանակում, որ Մարգարիտա Սիմոնյանը մեղադրում է իրականում ոչ թե իշխանությանը, այլ Հայաստան պետությանը։
– Հայ ժողովուրդն է թիրախում, նա հանձնում է Հայաստանը, փրկագին է փնտրում։ Հայ մարդու համար ամենաթանկը հայրենիքն է, նա Հայաստան պետությունը հանձնում է, նա «դանոս» է անում իր համար։ Ինքը ռուսական պետությանն ասում է, որ հայ ժողովուրդն ու նրա պետությունը մեզ հավատարիմ չեն, մենք չպետք է օգնենք, աջակցենք, դա թիրախ է։ Ինքը թիրախավորում է հայկական պետությունը և հայ ժողովրդին՝ բացի իրենից և իր ընտանիքի անդամներից։
– Նա ասում է՝ «Դուք վռնդեցիք ազգությամբ հայ ռուսաստանցի գործարարներին: Դուք Ռուսաստանի հետ որևէ կապ չեք ուզում ունենալ»։ Իսկապե՞ս այս իշխանությունը որևէ գործարարի է վռնդել։
– Մենք չենք վռնդել, նրանք փախել են արդարադատությունից, պատասխանատվությունից, փախել են քրեական հանցագործության մեջ կասկածվող մարդիկ, և նրանք ապաստան են գտել Ռուսաստանում։ Ուղարկեք նրանց Հայաստան և տրամադրեք իրավաբանական աջակցություն, եթե գտնում եք, որ նրանք ռուսամետ գործիչներ են։ Եվ հիմա ստացվում է, որ Հայաստանին վնաս տված, տնտեսական հանցագործություն կատարած մարդիկ Ռուսաստանի հովանու ներքո են։ Այսինքն՝ Ռուսաստանն այստեղ ունի հայկական պետությունը քայքայող ագենտներ՝ տնտեսական ագենտներ, քաղաքական ագենտներ, ռազմական ագենտներ՝ պաշտպանության նախկին նախարարը, որ մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, թաքնված է Ռուսաստանում, ռուսները թաքցնում, պահում-պահպանում են նրանց։ Քրեական հանցագործները հովանավորվում են Մարգարիտա Սիմոնյանի հայրենիքի կողմից, Մարգարիտա Սիմոնյանը պատասխանատու է այդ երկրի համար՝ որպես քաղաքացի։ Հիմա ինքը ո՞ւմ է պաշտպանում՝ քրեական հանցագործության մեջ մեղադրվող անձանց, ովքեր Ռուսաստանի պաշտպանյալնե՞րն են։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան