«Կանխատեսում ենք շուրջ 40 հազար առաջին դասարանցու ընդունելություն»․ ԿԳՄՍ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
17.06.2020 | 13:42Այս տարի կանխատեսում ենք 40 հազար առաջին դասարանցի։ Արդեն հայտագրվել է 22․150 երեխա։ Այս մասին այսօր՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց համակարգի միջոցով ընդունելության գործընթացի վերաբերյալ առցանց ասուլիսին նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մեր հաշվարկներով, մոտավորապես, առցանց հայտագրման համակարգով առաջին դասարանցիների ընդունելություն է իրականացվում շուրջ 25-27 հազար երեխայի համար։ Սրանք երեխաներն են, որոնք բնակվում են այն համայնքներում, որտեղ կա մեկից ավելի դպրոց»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։
Նրա տեղեկացմամբ՝ առաջին դասարանցիների առցանց հայտագրման գործընթացքում երեխաների 2 խմբի առաջնահերթության իրավունք են տվել․ «Առաջինն այն երեխաներն են, որոնց քույրը կամ եղբայրն արդեն սովորում է դպրոցում և այն երեխաները, որոնց ծնողները կամ օրինական ներակայացուցիչներն աշխատում են դպրոցում։ Այս առաջնահերթության իրավունքից օգտվել է 9․247 երեխա»։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե առաջին դասարանցիների հայտագրման համակարգն արձանագրել է, որ, փորձելով երեխային գրանցել իրենց ցանկալի դպրոցում, ծնողները կեղծ փաստաթուղթ են օգտագործել։
«Մենք փորձել ենք շատ մանրակրկիտ ստուգել բոլոր այն տվյալները, որ առաջնահերթություն ունեցողների գրանցման ընթացքում ստացել ենք։ Դրա արդյունքում ունեցել ենք 6 տասնյակից ավելի դեպքեր, որոնք հավելյալ ստուգել ենք։ Բոլոր այն դեպքերը, որոնց պարագայում ունեցել ենք լուրջ հիմքեր, մանրակրկիտ նայել ենք։ Իհարկե, որոշ դեպքերում պարզվել է, որ գործ ունենք 2-րդ ամուսնության կամ հայրության ճանաչման գործընթացի հետ։ Բայց ունեցել ենք հատուկենտ դեպքեր, երբ փաստաթղթերի որոշակի խեղաթյուրման պրոցես էր փորձ արվում կատարել, և այդ հայտն ուղղակի չեղարկվել է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Մելքոնյան