Մանեկենի հետ ընթրիքից մինչև ռոբոտ-մատուցողներ․ ռեստորանային արտասովոր լուծումներ՝ կորոնավիրուսի օրերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ընկերների հետ մի գավաթ սուրճ խմելը կամ պարզապես մի սեղանի շուրջ նստելը երբեք այսքան անհասանելի չէր թվացել։ Կորոնավիրուսի պատճառով ողջ աշխարհում ոչ միայն առողջապահական, այլև հոգեբանական ճգնաժամ է, ինչի արդյունքում շատ հաճախ քաղաքացիները խուսափում են հանրային վայրեր, օրինակ՝ սրճարան կամ ռեստորան այցելել, ընկերական հավաքների մասնակցել։
Հայաստանում, որտեղ արտակարգ դրությունն այսօր հերթական անգամ մեկ ամսով երկարացվեց, մայիսի 4-ից վերաբացվել են բացօթյա տարածք ունեցող սրճարաններն ու ռեստորանները։ Սակայն, գրեթե ամեն օր, տեսչական մարմինների հայտնաբերած խախտումների արդյունքում դրանցից շատերի աշխատանքը կասեցվում է։ Որոշ դեպքերում չի պահվում անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, որոշ դեպքերում, օրինակ, այցելուները նարգիլե են ծխում։ Որոշ օբյեկտներ էլ բազմամարդ միջոցառումներ են կազմակերպում։
Եվ մինչ Հայաստանի սրճարաններում ու ռեստորաններում դժվարությամբ են պահպանվում հակահամաճարակային ամենապարզ կանոնները, աշխարհի տարբեր ծայրերում սննդի ու սպասարկման ոլորտը կոլապսից փրկելու համար նոր ու հետաքրքիր գաղափարներ են մտածում։ Դրանք կրեատիվ են, երբեմն էլ, սակայն, մի փոքր տարօրինակ։
Օրինակ՝ Վաշինգտոնի ռեստորաններից մեկում, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով զգալիորեն կրճատվել է սեղանների ու աթոռների թիվը, մանեկեններ են տեղադրվել, որպեսզի հյուրերն իրենց միայնակ չզգան և չճնշվեն սրահի դատարկությունից։ Ռեստորանի դատարկ սեղանների շուրջ տեղադրված մանեկենները 1940-ականների ոճով են հագնված։ Ուշագրավ է, որ մատուցողներն այստեղ սպասարկում են ոչ միայն իրական այցելուներին, այլ նաև նրանց։
Տոկիոյի ռեստորաններից մեկում նույնպես՝ մանեկենները «նոր նորմալն» են դարձել։ Սակայն այս անգամ նրանք ոչ թե ընդհանուր սրահով մեկ են տեղադրված, այլ հենց հաճախորդների կողքին։ Սրա նպատակն է հաճախորդներին զգուշացնել, որ կողք-կողքի՝ իրար չափազանց մոտ նստել չի կարելի։ Ճապոնացիները, կարծես, հարցին բավականին լուրջ են մոտեցել, քանի որ ռեստորանում տեղադրված մանեկենների հագուստն ապահովում է ճապոնական «Բիմս» կոչվող բրենդը։ Նրանց հագուստը փոխվում է ամեն շաբաթ։ Այս ամենից բացի, հաճախորդները կարող են հատուկ QR կոդով սկանավորել իրենց կողքին նստած մանեկենի հագուստը և այն գնել բրենդի օնլայն խանութից։
Սոցիալական հեռավորություն պահպանելու համար սննդի օբյեկտները հաճախ ստիպված են կրճատել սեղանների կամ աթոռների թիվը։ Ամստերդամում գտնվող ռեստորաններից մեկը, սական, ավելի կրեատիվ լուծում է գտել։ Այստեղ հյուրերը հատուկ առանձնացված տարածքում են ճաշում՝ ջրի մոտ։ «Հատուկ ապակե խցերը» թափանցիկ են, իսկ ներսում 2-3 մարդ կարող է տեղավորվել։ Ռեստորանի աշխատակիցները սնունդը մատուցում են ձեռնոցով, դիմակով ու երկար սկուտեղի վրա՝ այդպիսով նվազագույնի հասցնելով հաճախորդի հետ շփումը։
Հոլանդական մեկ այլ ռեստորանում հաճախորդներին սպասարկում են ռոբոտները։ Նրանք նախ դիմավորում են այցելուներին, ջերմաչափում նրանց, հետո պատվեր գրանցում ու մատուցում։
Գերմանական Nobelhart & Schmutzig ռեստորանը, հյուրերին գոհացնելու համար, աշխատակիցներին ապահովում է տեղացի դիզայներների կողմից կարված հատուկ կտորե դիմակներով։ Ռեստորանի սեփականատերերի խոսքով՝ բժշկական դիմակները սթրեսային վիճակ են ստեղծում, իսկ այսպիսի գեղեցիկ դիմակներ տեսնելիս, այցելուներն իրենց ավելի հանգիստ կզգան։
Կորոնավիրուսային պանդեմիայի օրերին սոցիալական հեռավորության պահպանման օրինակելի երկրներից մեկը համարվող Շվեդիայում բացօթյա ռեստորան է ստեղծվել՝ նախատեսված ընդամենը մեկ անձի համար։ Մեկ օրում այն սպասարկում է միայն մեկ այցելուի։ «Սեղան մեկ անձի համար» կոչվող այս վայրը գտնվում է քաղաքից դուրս ու առաջարկում սպասարկման յուրահատուկ մեթոդ։ Սնունդը հաճախորդին է մատուցվում հատուկ փակ զամբյուղի մեջ, բայց ոչ մարդու կողմից։ Այն հաճախորդին է մոտեցվում ծառին ամրացված ճոպանի միջոցով։ «Դաշտային» ռեստորանի սեփականատերերը կատակում են․ կորոնավիրուսն օգնեց իրենց ստեղծարար գաղափարն իրագործել։
Եվ եթե շվեդների համար սոցիալական հեռավորություն պահելը մինչև կորոնավիրուսն էլ էր սովորական երևույթ, ապա տաքարյուն ու ակտիվ իտալացիների համար սա ամենադժվար փորձություններից մեկն է։ «Solo per Due»՝«Միայն երկուսի համար» կոչվող այս ռեստորանը, ինչպես կռահեցիք, նախատեսված է 2-ից ոչ ավելի հաճախորդների համար։ Հռոմից 68 կմ հեռավորությամբ վրա գտնվող այս վայրը կորոնավիրուսից դեռ 23 տարի առաջ է բացվել, ինչի շնորհիվ՝ այսօր, համավարակի պայմաններում, այն այլևս կարիք չունի հատուկ միջոցներ ձեռնարկել։
Ֆրանսիայի սրտում՝ Փարիզում գտնվող ռեստորաններից մեկում էլ հյուրերի համար թափանցիկ, մեծ լամպ հիշեցնող սաղավարտեր են տեղադրված։ Դրանք կախված են առաստաղից, այնպես որ սեղանին մոտեցող հաճախորդը պետք է գլուխը որևէ կերպ դրանց մեջ մտցնի։ Սա մի ֆրանսիացի դիզայների գաղափար է, որն այս ընթացքում արդեն հասցրել է 5 երկրի ռեստորաններից նման թափանցիկ «լամպի» 200 պատվեր ստանալ։
Եվ մինչ նախկինում գործող ռեստորաններն ու սրճարաններն այժմ փորձում են կորոնավիրուսի թելադրած կանոններին հարմարվել, Ճապոնիայի մայրաքաղաքում այդ կանոնները նոր սրճարան բացելու առիթ են դարձել։ «Տոկիոյի սոցիալական հեռավորության սրճարան» (Social Distancing Cafe Tokyo ) կոչվող նորաբաց օբյեկտն ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար լավագույն վայրը չէ, քանի որ այստեղ տեղադրված 25 սեղանից յուրաքանչյուրի դիմաց ընդամենը 1 աթոռ է։ Սոցիալական հեռավորությունից բացի, սակայն, այստեղ նաև մեկ կարևոր պայման կա․ չնայած նրան, որ դիմակ կրելը պարտադիր է, խոսել չի կարելի, քանի որ օդ արտանետված մասնիկները կարող են կորոնավիրուսի բացիլներ տարածել։ Հեռախոսազրույցների համար առանձին սենյակներ կան՝ կրկին մեկ հոգու համար նախատեսված։ Բացի այդ, սրճարանում օդափոխման հատուկ համակարգ է տեղադրված, ինչի շնորհիվ օդն անընդհատ մաքրվում է։
Թե սպասարկման ոլորտում ինչ նոր ու արտասովոր լուծումներ ի հայտ կգան առաջիկայում՝ կախված է կորոնավիրուսի տարածման կամ հաղթահարման ընթացքից:
Մանրամասները՝ տեսնյութում։
Նելլի Մելքոնյան