Ինչո՞ւ է շրջակա միջավայրը կարևոր և ի՞նչ է անում ԵՄ-ն՝ Արևելյան գործընկերության երկրներում դրա պահպանության ուղղությամբ

Լուրեր

22.11.2024 | 22:42
Վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք. Փաշինյանը՝ ԲԴԽ նախագահի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:27
Ինչու 1 օրում 6 պաշտոնյա հրաժարական տվեց. Փաշինյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:17
Հարավային Կորեան հայտնում է, որ ՌԴ-ն ՀՕՊ համակարգեր է փոխանցել ԿԺԴՀ-ին
22.11.2024 | 22:10
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրայինին․ ՈՒՂԻՂ
22.11.2024 | 22:04
Ինքնահռչակ Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան Մոսկվա է մեկնել
22.11.2024 | 21:50
Թուրքիայի ԶՈՒ-ի գնդապետը դատապարտվել է 44 տարվա ազատազրկման զինվորների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար
22.11.2024 | 21:37
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
22.11.2024 | 21:28
Պուտինի հետ «ուղիղ կապի» ժամանակ հարցերի տոտալ գրաքննություն կկիրառվի
22.11.2024 | 21:14
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
22.11.2024 | 21:00
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացը
22.11.2024 | 20:48
Իսրայելի նախագահի Բաքու այցի չեղարկումից հետո Ալիևն ընդունել է այդ երկրի տրանսպորտի նախարարին
22.11.2024 | 20:33
3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից
22.11.2024 | 20:16
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ի գիտություն է ընդունել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերը
22.11.2024 | 20:00
Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն է, որը 2004 թվականից Հայաստանում նշվում է որպես Բնապահպանի օր։ Այս առիթով ԵՄ Արևելյան գործընկերության գրասենյակը հոդված է պատրաստել՝ ներկայացնելով, թե ինչո՞ւ է արդիական շրջակա միջավայրի մասին մտածելու խնդիրը և կոնկրետ ինչ կարող են անել բոլորը անել՝ բնությանը վնաս չհասցնելու համար։ Հրապարակման մեջ ներկայացվում է նաև ԵՄ-ում, Հայաստանում և Արևելյան գործընկեր այլ երկրներում բնապահպանական իրավիճակը։

 1. Ինչու՞ մենք պետք է հոգ տանենք շրջակա միջավայրի մասին:

Մեր տունը, հագուստը, տեխնոլոգիաները և հանգիստը կախված են բնական ռեսուրսներից: Այնժամ, երբ բնությունը ձգտում է հավասարակշռություն պահպանել, մարդու գործունեությունն, ընդհակառակը, շոշափելի ազդեցություն է ունենում փխրուն էկոլոգիական հավասարակշռության վրա: Սա, իր հերթին, արտացոլվում է մեր բարեկեցության և առողջության վրա:

Գալիք տասը տարիները թե ԵՄ-ի, և թե Արևելյան գործընկերության երկրների համար որոշիչ կլինեն՝ կլիմայական և բնապահպանական հիմնախնդիրների լուծման առումով: Մենք պետք է սկսենք միասին շտկել անցյալում կատարած սխալները, որոնք հանգեցրել են կենսաբանական բազմազանության կորստի, հողերի էրոզիայի, ապօրինի անտառահատման, օդի և գետերի աղտոտման, թափոնների ոչ ռացիոնալ կառավարման և այլ բացասական հետևանքների: Հետևաբար, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի կայունության ուղղությամբ համատեղ աշխատանքը կենսական կարևորություն ունի:

«Կանաչ» զարգացման ուղղությամբ ներդրումները կարող են ապահովել դրական արդյունքներ, և, մարդու առողջության համար օգտակար լինելուց զատ, ստեղծել նաև տնտեսական աճի հնարավորություններ:

2. Ինչպե՞ս կարող է կլիմայի փոփոխությունն ազդել մեր առօրյա կյանքի վրա:

 Սպասվում է, որ մարդու կենսագործունեության արդյունքում արտանետվող ջերմոցային գազերի հետևանքով կլիմայի փոփոխության նշանակալի ու արագացված տեմպերն աճելու և գնալով ավելի ծանր հետևանքներ են ունենալու մեր տնտեսությունների ու հասարակությունների համար:

Եվրոպական միությունն ու նրա արևելյան հարևանները հաճախ են ականատես լինում բնական այնպիսի աղետների, ինչպիսիք են անձրևահեղեներն ու ջրհեղեղները, ինչպես նաև ջերմային ալիքների, հողի էրոզիայի, պտղաբերության և կենսաբազմազանության կորստի ու ջրային ռեսուրսների սակավության հետևանքով առաջացող հրդեհները, որոնք ազդում են արդյունաբերության, գյուղատնտեսության և տնային տնտեսությունների վրա:

Միայն վերջերս էր, որ Ուկրաինայում անոմալ շոգ, չոր և քամոտ եղանակի պատճառով Չեռնոբիլի մեկուսացման գոտում շուրջ երկու շաբաթ մոլեգնում էին անտառային հրդեհներ՝ ոչնչացնելով ավելի քան 11,000 հա անտառային տարածք, ինչը կլիմայի փոփոխության վրա ազդեցության վառ օրինակ է:

Տարածաշրջանի բոլոր երկրներն ավելի հաճախ են առերեսվելու ինչպես երաշտների (Մոլդովան համարվում է կլիմայի առումով Եվրոպայում ամենախոցելի երկիրը, իսկ ջրի ընդհանուր հասանելիությունն այստեղ դեռևս մի քանի տասնամյակ ցածր կլինի ընդհանուր պահանջարկից), այնպես էլ՝ ջրհեղեղների (Ադրբեջանն աշխարհում ամենաջրհեղեղավտանգ տարածքներից մեկն է), ինչպես նաև ջրի որակի վատթարացման ու ջրամատակարարման ռիսկերի (Վրաստանում սառցադաշտերի հալոցքը սպառնում է երկրի ջրային անվտանգությանը) հետ:

Կլիմայի փոփոխության դեմ հավաքական գործողությունները բազմաթիվ օգուտներ կունենան շրջակա միջավայրի, մեր առողջության և տնտեսության վրա: Մեր զարգացման հայեցակարգի վերանայումն ու փոփոխումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել բնական ռեսուրսները, նվազեցնել ծախսերը, ապահովել աճ և ստեղծել աշխատատեղեր:

Եվ եթե կարծում ես, որ ի նպաստ կլիմայի գործողությունը թանկ է, ապա մտածիր ոչինչ չանելու գնի մասին. Վրաստանի հաշվարկներով վտանգավոր կլիմայական երևույթներն առաջիկա 10 տարվա ընթացքում երկրին կարող են պատճառել 10-12 միլիարդ դոլարի չափով տնտեսական կորուստներ, ինչը տասն անգամ ավելին է, քան նույն ժամանակահատվածում կլիմայի փոփոխությանն հարմարվելու գինը:

3. Ի՞նչ է Փարիզի համաձայնագիրը:

Փարիզի համաձայնագիրը կլիմայի գլոբալ փոփոխությանն ուղղված երբևէ առաջին իրավականորեն պարտավորեցնող հանձնառությունն է, որն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերին կայացած Փարիզի կլիմայի համաժողովում: ԵՄ-ն և նրա անդամ պետությունները, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրները Համաձայանագիրը ստորագրած գրեթե 190 երկրների շարքում են:

Համաձայնագիրը սահմանում է կլիմայի վտանգավոր փոփոխությունից խուսափելու հնարավորություն ընձեռող գլոբալ շրջանակներ` գլոբալ տաքացումը սահմանափակելով 2 °C-ից ցածր մակարդակում և հետամուտ լինելով այդ սահմանափակումը 1.5 °C-ից ցածր մակարդակի հասցնելու ուղղությամբ: Այն նաև նպատակ ունի ամրապնդել երկրների՝ կլիմայի փոփոխության հետևանքները հաղթահարելու կարողությունն ու աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ նրանց ջանքերին:

Համաձայնագիրը շեշտում է գլոբալ արտանետումների նվազեցման ուղղությամբ աշխատանքները հնարավորինս շուտ մեկնարկելու և այս դարի երկրորդ կեսին կլիմայական չեզոքության հասնելու անհրաժեշտությունը:

Եվրոպական միության՝ իր ջանքերը սեփական նպատակներին համապատասխանեցնելու առանցքային տարրը Եվրոպայի կանաչ գործարքն է, որի նպատակը մինչև 2050 թվականը Եվրոպան կլիմայապես չեզոք դարձնելն է՝ տնտեսական աճը ռեսուրսների օգտագործումից տարանջատելու շնորհիվ ԵՄ-ի տնտեսության կայունացման միջոցով:

Կանաչ գործարքը հասկացնել է տալիս, որ բնապահպանական և կլիմայական մարտահրավերները հրատապ գործողություններ են պահանջում ԵՄ-ի և նրա գործընկեր երկրների կողմից: ԵՄ-ն, հետևաբար, իր արևելյան գործընկերներին աջակցում է Փարիզի համաձայնագրի ներքո վերջիններիս ստանձնած պարտավորություններում, ներառյալ կլիմայի ազգային պլանների (ազգային մակարդակով սահմանված ներդրումներ՝ NDC) իրականացումը, ջերմոցային գազերի արտանետումների ցածր մակարդակի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունների մշակումը (LEDS), ինչպես նաև իրենց տնտեսությունների արդիականացումը` կլիմայական չեզոքության ուղղությամբ շարժվելու միջոցով:

Այս պարտավորությունների կատարումն անցում է պահանջում ցածր ածխածնային, ռեսուրսարդյունավետ տնտեսության, ինչը ենթադրում է հիմնարար տեղաշարժ տեխնոլոգիաների, էներգետիկայի, տնտեսագիտության, ֆինանսների և, ի վերջո, հասարակության՝ որպես ամբողջության, ուղղություններում:

4. Ինչպե՞ս է ԵՄ-ն օգնում Արևելյան գործընկերության վեց երկրներում շրջակա միջավայրի պահպանությանը:

Արևելյան գործընկերության երկրներին ուղղված ԵՄ աջակցությունը վերջին շրջանում ավելանում է: 2018-2019 թվականներին Հարևանության ներդրումների հարթակի (NIP) միջոցով տրամադրված դրամաշնորհների քառորդ մասն ուղղվել է «կանաչ» ներդրումներին: ԵՄ այսբովանդակ համախառն ներդրումները 2014-15-ից 2018-19-ն ընկած ժամանակահատվածում աճել են ավելի քան 50%-ով՝ մոտավորապես 67 միլիոն եվրոյից հասնելով 107 միլիոն եվրոյի: Միայն 2018-19-ին NIP-ը 1.3 միլիարդ եվրոյի դրամաշնորհներ է տրամադրել՝ տարածաշրջանում ընդհանուր «կանաչ» ներդրումների տեսքով:

ԵՄ-ն նաև 60 միլիոն եվրո է ուղղել տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են Արևելյան գործընկերության տարածքում իրականացվող քաղաքականությունների և գործող հաստատությունների բարելավմանը՝ Եվրոպական կանաչ գործարքին համապատասխան: Համայնքային ինշխանություններին ուղղված աջակցությունը կազմում է շուրջ 24 միլիոն եվրո, մինչդեռ գործընկեր երկրները աջակցություն են ստանում նաև ԹԱՅԵՔՍ և Թվինինգ ծրագրերի միջոցով:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերի թվում են.

EU4Environment կամ «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը (ԵՄ-ի ֆինանսավորումը կազմում է 19.5 միլիոն եվրո), որը նպատակ ունի օգնել Արևելյան գործընկերության երկրներին պահպանել իրենց բնական կապիտալն ու բարձրացնել մարդկանց բարեկեցութան մակարդակը: Ծրագիրն օժանդակում է քաղաքականության և օրենսդրական փոփոխություններին, «կանաչեցնում» է պլանավորումն ու ներդրումները, խթանում է նորարարական տեխնոլոգիաների և նոր բիզնես մոդելների ներդրումը, ինչպես նաև կանաչ աշխատատեղերի ստեղծումը: Այն նաև խթանում է շրջակա միջավայրի ավելի լավ կառավարումը, պաշտպանված տարածքների և անտառների կառավարման բարելավումն ու կայուն առևտուրը:

EU4Climate կամ «ԵՄ-ն հանուն կլիմայի» ծրագիրը (ԵՄ-ի ֆինանսավորումը կազմում է 8 միլիոն եվրո), որը նախատեսված է Փարիզի համաձայնագրի իրականացմանն օժանդակելու և կլիմայական քաղաքականությունների ու օրենսդրության բարելավման համար՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու դրան հարմարմանը, ինչպես նաև ցածր արտանետումային և կլիմայի նկատմամբ ճկուն տնտեսության զարգացմանը:

«EUWI+ 4 EaP» կամ «ԵՄ ջրային նախաձեռնություն պլյուս Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագիրը (ԵՄ-ի ֆինանսավորումը կազմում է 23.5 միլիոն եվրո), որը գործընկեր երկրներին օգնում է իրենց օրենսդրությունը մոտարկել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում ԵՄ քաղաքականությանը` մշակելով գործիքներ` ջրի որակի և բոլորի համար դրա հասանելիության բարելավման նպատակով:

Շրջակա միջավայրի հարցը բարձր տեղ է գրավում նաև երկրների մակարդակով սահմանված առաջնահերթություններում, ընդ որում՝ գործողություններն ուղղված են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են` օդի որակը, ջրային ռեսուրսների կառավարումը և ծովային միջավայրի աղտոտվածությունը, էներգաարդյունավետությունը, թափոնների կառավարումը, թունաքիմիկատների և արդյունաբերական աղտոտվածության դեմ պայքարն ու անտառների կայուն կառավարումը:

Ի հավելումն Եվրոպական միության համագործակցության ծրագրերին, եվրոպական ֆինանսական հաստատությունները, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), զգալի աջակցություն են ցուցաբերում կանաչ տնտեսության անցմանը՝ աջակցելով ցածր ածխածնային և կլիմայակայուն աճին, ինչպես նաև կանաչ ենթակառուցվածքների ոլորտում ներդրումներին: Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամը (բազմադոնորային հավատարմագրային հիմնադրամ, որտեղ ԵՄ-ն հիմնական դոնորն է) նպաստում է էներգախնայողությանը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված քաղաքային նախագծերի ուղղությամբ ներդրումներին: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Համայնքային նախագծերի աջակցության հիմնադրամը (MPSF) տեխնիկական աջակցություն է ցուցաբերում էներգախնայողության նախագծերի նախապատրաստմանը, որոնք հետագայում կարող են իրականացվել վարկերի միջոցով: ԵՄ-ն նաև նշանակալիորեն նպաստում է «Կանաչ աճի» հիմնադրամի (Green for Growth Fund, GGF) գործունեությանը:

5. Ի՞նչ են իրականում անում այս ծրագրերը: Կա՞ն արդյոք հաջողության պատմություններ:

Իհարկե, նշված նպատակների և ընդհանուր բյուջետային ցուցանիշների ֆոնին գոյություն ունեն շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և տեղերում ճկունության ու կայունության մասով իրական հաջողությունների մի շարք պատմություններ:

ԵՄ-ն, օրինակ, աջակցում է ժամանակակից ջրային քաղաքականության մշակմանը՝ վեց գործընկեր երկրներում ավելի քան 30 միլիոն մարդու համար ջրամատակարարման և ջրի որակի բարելավման համար:

ԵՄ աջակցությամբ Բելառուսը, Մոլդովան և Վրաստանը սկսել են կանաչ տնտեսության ազգային ռազմավարությունների մշակումը: Ուկրաինան արդեն իսկ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող աշխարհի 20 լավագույն երկրների թվում է. 2016 թվականին այն արտահանել է 59 միլիոն եվրո արժողությամբ օրգանական արտադրանք, որի մեծ մասը հավաստագրված է համաձայն ԵՄ չափանիշների:

Տարածաշրջանի ավելի քան 100 պիլոտային ՓՄՁ-ներ ստացել են ԵՄ աջակցություն՝ ռեսուրսարդյունավետ և մաքուր արտադրության ծրագրեր իրականացնելու համար, որոնց արդյունքում կատարվել է 9.4 միլիոն եվրոյի խնայողություն (յուրաքանչյուր ձեռնարկության կատարած խնայողությունը միջին հաշվով կազմել է 2,000-ից մինչև 20,000 եվրո, որոշ դեպքերում էլ հասել է մինչև 100,000 եվրոյի): Գործողությունները շարունակվում են EU4Environment ծրագրի աջակցությամբ:

Բոլոր վեց գործընկեր երկրներում բնապահպանական տվյալները համապատասխանեցվում են Եվրոպական միության և միջազգային լավագույն պրակտիկաներին: Այդ տվյալների հասանելիությունն ապահովվում է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (ՇՄԵԳ) կողմից վարվող համացանցային գործիքի միջոցով:

Բնական տարածքները և կենսաբազմազանությունը պաշտպանելու ու միմյանց հետ կապելու համար Արևելյան գործընկերության վեց երկրները որոշակիացրել են «էմերալդ» էկոլոգիական ցանցի  մոտ 700 տարածքներ, որոնց ընդհանուր տարածությունը կազմում է 12.8 միլիոն հեկտար, ինչն ավելի քան չորս անգամ գերազանցում է Բելգիայի չափերը:

ԵՄ-ի աջակցման գործողություններն ընդգրկում են հասարակության բոլոր մակարդակները՝ կառավարության վարած քաղաքականություններից՝ մինչև տարրական դասարանների երեխաների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցառումներ, ինչպես կարելի է տեսնել ստորև ներկայացված օրինակներում.

Հայաստանում իրականացվող «Connecting Nature» («Միանալով բնությանը») նախագիծն աջակցում է Երևանի շրջակա միջավայրի հիմնախնդիրների լուծման համար նոր, էկոլոգիապես մաքուր գաղափարների ու լուծումների որոնմանը. օրինակ` քաղաքի տարբեր տարածքներում առկա բնապահպանական իրավիճակի լուծմանն առավելագույնս համապատասխանող բույսերի և ծառատեսակների որոշման համար:

Ադրբեջանում Ֆինլանդիան, Ավստրիան և Լատվիան ներկայացնող ԵՄ փորձագետներն օդի որակի մշտադիտարկման վերաբերյալ վերապատրաստում են անցկացրել Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ավելի քան 200 աշխատակցի համար: Թվինինգ նախագծի շրջանակներում մշակվեց օդի որակի մշտադիտարկման համակարգերի արդիականացման մանրամասն ծրագիր՝ ներառյալ օդի որակի հսկողության 25 նոր կայանների ձեռքբերումը:

Բելառուսում դպրոցականները մասնակցում են Բելառուսի և Ուկրաինայի միջև անցնող Ստիր գետի մաքրման միջսահմանային նախագծին՝ իրականացնելով ջրի որակի փորձարկումներ ու սովորելով՝ ինչպես հայտնաբերել նիտրատներ, ֆոսֆատներ և օրգանական աղտոտիչներ:

Վրաստանի Բաթումի տարածաշրջանում 6.1 միլիոն եվրո արժողությամբ նախագիծն ապահովել է ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնումն ու թափոնների մաքրման կայանների կառուցումը, ինչը հանգեցրել է բնակչության համար մաքուր ջրի անխափան մատակարարման, ինչպես նաև ծովային աղտոտման նվազեցման:

Մոլդովայում գյուղատնտեսական թափոնների այրումը նախկինում շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր էր: Այժմ, շնորհիվ ԵՄ աջակցության, թափոնները մեծ պահանջարկ են վայելում՝ բիովառելիք արտադրելու համար, որն օգտագործվում է 206 դպրոց, մանկապարտեզ ու հանրային հաստատություն ջեռուցելիս:

Ուկրաինայում ավելի քան 7,000 մարդ մասնակցեց 2019 թվականին կազմակերպված #EUBeachCleanup մարտահրավերին, որի շրջանակներում երկրի յուրաքանչյուր շրջանում իրականացվեց թվով 234 մաքրման գործողություն: Միջոցառումն անցկացվում էր Մաքուր լողափների միջազգային օրվա շրջանակներում, երբ ամբողջ աշխարհում քաղաքացիները հավաքվում և մաքրում են գետափնյա ու լողափնյա տարածքները: Ընդհանուր առմամբ, հավաքվել և հեռացվել է ավելի քան 35.7 տոննա թափոն՝ կանխելով դրանցով ջրերի աղտոտումը:

Տարածաշրջանն ընդգրկող բոլոր երկրները ներկայացնող պաշտոնատար անձինք ԹԱՅԵՔՍ-ի կազմակերպած աշխատաժողովի ընթացքում, որը նվիրված էր պլաստմասսայի և մեկանգամյա օգտագործման պլաստիկի վերաբերյալ ԵՄ ռազմավարությանը, ստացել են ուղեցույցներ՝ պլաստիկ թափոնների ու ծովային պլաստիկ աղբի բնապահպանական կառավարման և պլաստիկ թափոններից էներգաստացման վերաբերյալ:

Կանաչ ենթակառուցվածքների ուղղությամբ ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և E5P-ի ու այլ ներդրումային գործընկերների ներգրավվածությամբ ներդրումները ևս կարևոր նշանակություն ունեն: Ուկրաինայում դա հնարավորություն է տվել ներդրումներ կատարել էկոլոգիապես մաքուր հասարակական տրանսպորտի ոլորտում՝ Խերսոնում, Մարիուպոլում և Լվովում նոր տրոլեյբուսային պարկերով, ինչպես նաև 35 միլիոն եվրո ուղղել Լվովում թափոնների կառավարմանն աջակցելու համար: Մոլդովայի Բալթի քաղաքի բնակիչներն օգտվել են էներգախնայող ջեռուցման և նոր էլեկտրական ավտոբուսների ուղղությամբ ՎԶԵԲ-ի կատարած ներդրումներից: ԵՆԲ-ի ֆինանսավորումը նպաստել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում մետրոյի արդիականացմանն ու հանրային նշանակության շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանը, ինչպիսիք մանկապարտեզներն են: Ադրբեջանում ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է 35 նոր էկոարդյունավետ ավտոբուսների ձեռք բերմանը, ինչով նպաստել է ածծաթթու գազի արտանետումների կրճատմանը՝ տարեկան 2,853 տոննայի չափով: Բելառուսում 300,000 մարդ է օգտվել ջրի որակի բարելավումից՝ յոթ քաղաքներում թափոնաջրերի մաքրման կայանների համար ՎԶԵԲ-ի տրամադրած վարկի ու E5P-ի հատկացրած դրամաշնորհի շնորհիվ: Վրաստանում ԵՆԲ-ն երկարաժամկետ վարկ է տրամադրել Թբիլիսիի ջրմուղկոյուղու սպասարկումն իրականացնող ընկերությանը` ի աջակցություն դրա ջրամատակարարման և կոյուղու ենթակառուցվածքների զարգացման ծրագրին, իսկ ՎԶԵԲ-ը 75 միլիոն եվրո պետք է ներդնի Թբիլիսիի մետրոյի արդիականացման ուղղությամբ:

6. Ինչպե՞ս կարող եմ էկոլոգիապես ավելի մաքուր դարձնել իմ կենսագործունեությունը:

Որպես քաղաքացի՝ դու ունես շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու իրավունք, կարողություն և պարտականություն:

Քո՝ որպես ընտրողի և սպառողի ամենօրյա ընտրություններն ունեն ինչպես կառավարության քաղաքականություններում, այնպես էլ՝ ընկերությունների որոշումներում ու նորարարություններում փոփոխություններ մտցնելու ուժ:

Քո բոլոր գնումներում հաշվի առ դրանց բնապահպանական հետքն ու կրճատիր այն, ընտրիր տեղական արտադրանք, խուսափիր աղտոտող նյութերից և մեկանգամյա օգտագործման պլաստիկից, կրկնօգտագործիր, վերամշակիր, առանձնացրու, խտացրու և ճիշտ տեսակավորիր թափոնները:

Յուրացրու էներգախնայողության պարզ սովորություններ, ինչպիսիք են՝ լույսերն ու սարքերն անջատելը, պատուհաններն ու փակոցները փակելն ու բացելը` սենյակում կատարյալ ջերմաստիճան ապահովելու համար:

Ջուր խնայելու համար լոգանքի փոխարեն ցնցուղ ընդունիր, և դա արա կարճ ժամանակամիջոցում: Բաց մի թող ծորակներն ու հետևիր, որպեսզի որևէ տեսակի արտահոսք չլինի (զուգարանի բաքի արտահոսքը կարող է օրական 200 լիտր ջուր վատնել): Քո բույսերը ջրիր ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ գոլորշիացման արդյունքում ավելի քիչ ջուր է կորսվում:

Քո համայնքի հետ կիսվիր ցանկացած տեսակի փոխադրամիջոցով, չօգտագործվող օբյեկտով կամ ավելորդ սննդամթերքով և ընտրիր վերականգնվող աղբյուրներից սնուցվող ավելի կայուն փոխադրամիջոց ու էներգետիկ ծառայություններ:

Հնարավորության դեպքում, ունեցիր քո սեփական պտղատու այգին և բանջարանոցը (կարող ես նույնիսկ ծաղկաման տեղադրել պատշգամբում կամ օգտագործել քաղաքային այգիների տարածքը), ավելի քիչ միս կեր և գերադասիր բուսական ծագման սնունդ, գնիր ավելի բազմազան ու ավելի քիչ վերամշակված սննդամթերք, իսկ գնումներ կատարելիս հետդ վերցրու քո սեփական պայուսակը կամ տարաները:

Ծանոթացիր ԵՄ-ի՝ կլիմայի վերաբերյալ խորհուրդներին ու պարզ բնապահպանական խորհրդատվություն ստացիր տան, աշխատանքի, գնումների և տրանսպորտի համար: