Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
Մասիս համայնքում դեկտեմբերի 13-ին կայանալիք ընտրություններին կմասնակցի 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը։
ՔՊ-ի ներկայացրած ընտրական ցուցակից հանվել է Ղազար Մարտիրոսյանը, քանի որ թեկնածու դառնալու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը չեն ներկայացվել։
Ավելի վաղ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հայտնել է, որ մասնակցելու է ընտրապայքարին, գլխավորելու է «Կառուցող» դաշինքի ընտրական ցուցակը։
ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է Հովհաննես Հակոբյանը։
Հիշեցնենք՝ 2025-ի նոյեմբերից Մասիսի համայնքապետը Նորայր Հակոբյանն է։ Նախորդ համայնքապետը ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն էր, որ 2025-ի հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Նա կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ-ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:
Համբարձումյանը 2025-ի հոկտեմբերի 28-ին կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Հենց այդ ժամանակ էլ համայնքապետի պաշտոնում նրան փոխարինեց Նորայր Հակոբյանը։ Այս տարի հունիսին վերաքննիչ դատարանը որոշեց Համբարձումյանի գործով առաջին ատյանի դատավճիռը բեկանել, գործը ուղարկել նոր քննության։
Մասիսի նախկին համայնքապետը դատարանի նիստերի դահլիճից ազատ էր արձակվել։ Արդեն հուլիսին Նորայր Հակոբյանը Դավիթ Համբարձումյանին նշանակել էր իր խորհրդականի պաշտոնում։ Նշենք նաև, որ 2025-ի հունիսին ԱԺ 8-րդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցությունը Դավիթ Համբարձումյանին որպես վարչապետի թեկնածու էր առաջադրել։
Եվգենյա Համբարձումյան

