Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
30.05.2020 | 14:47Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ:
Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մեր օրակարգը և ժամանակացույցը: Ընթացքի մեջ են նաև մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էական փոփոխություններ են բերելու մեր հարկային համակարգում և ընդհանրապես եկամուտների հայտարարագրման ոլորտում: Ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, թե ինչի համար են այս փոփոխություններն արվում և ինչ նպատակի են ծառայելու:
Ըստ էության՝ այս փոփոխություններն արվում են մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պոտենցիալը մեծացնելու համար, և այս համակարգերով էականորեն փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները: Եվ ես կարծում եմ, որ այս նախաձեռնություններով ընդհանուր առմամբ պետք է փոփոխության ենթարկվեն, կրկին ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վերաբերյալ մեր ընկալումները և պատկերացումները: Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այն համախառն գումարն է, մեր ազգային պետական այն գրպանն է, որտեղ կուտակվում են և որից ծախսվում են միջոցներ: Եվ երբ ամեն առիթով, հասկանալիորեն և արդարացի կերպով բարձրացվում են տարաբնույթ տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային հարցեր, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ այդ հարցերի լուծման ժամանակը, արագությունը, որակը կախված են նրանից, թե մեր հանրապետությունը և պետությունն ինչպիսի պոտենցիալ ունի, ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում քաղաքացիները և կառավարությունը, և ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում կառավարությունը և քաղաքացիները:
Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն արդարացի կերպով երկար տարիներ Հայաստանի կառավարությունից պահանջել են և շարունակում են պահանջել թափանցիկություն: Ես կարծում եմ, որ մեր կառավարությունն այս առումով շատ թափանցիկ է, առավել թափանցիկ է, քան Հայաստանի որևէ կառավարություն եղել է, բայց մենք կառավարության գործունեության այս թափանցիկության պրոցեսում շարունակելու ենք առաջ գնալ: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ, ի վերջո, թափանցիկությունը պետք է դառնա ազգային մտածելակերպ և մենթալիտետ, որովհետև, ի վերջո, կառավարության անդամներն այդ կարգավիճակում հայտնվում են ոչ ի ծնե: Նրանք քաղաքացի են և քաղաքացիական կյանքում արդեն թափանցիկության կանոնների որդեգրումը պետք է մեզ բոլորիս օգնի, որ հետագա կյանքում, անկախ նրանից՝ ինչ կարգավիճակ կունենանք և ինչ կարգավիճակում կաշխատենք, այդ թափանցիկությունը դառնա ուղղակի սովորական:
Այնպես որ, կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք ունենանք քաղաքական կամք՝ այս բոլոր փոփոխությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար: Տվյալ ժամանակաշրջանում 2 սկզբունքային փոփոխություն կա. դրանցից մեկը գույքահարկի համակարգում մեր առաջարկած նոր համակարգն է, և երկրորդը՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը: Ընդ որում՝ այս համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը մենք արձանագրեցինք մեր հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համատեքստում, երբ բախվեցինք այն իրավիճակին, որ երբեմն հնարավոր չի լինում որոշել, ի վերջո՝ ով է սոցիալապես անապահով, և ով է սոցիալապես ապահով, ով է, որ ունի ռեալ՝ պետական 60000 դրամ կամ 100000 դրամ աջակցության կարիքը, ով է, որ չունի այդ կարիքը: Եվ մենք ակնհայտորեն բախվել ենք իրավիճակների, երբ մարդիկ, ովքեր ակնհայտորեն չունեին այդ աջակցության կարիքը, ստացել են դա, և մարդիկ, ովքեր ունեին այդ աջակցության կարիքը, չեն ստացել:
Եվ մենք արձանագրեցինք՝ եթե ունենայինք եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմ, ըստ էության, շատ չէինք տանջվի այս թեմայի վրա, և մեզ համար աջակցություն ունեցող մեր քաղաքացիների պատկերը պարզ կլիներ ընդամենը 1-2 համակարգչային գործողություն կատարելու արդյունքում: Ընդ որում՝ այդ պատկերը կունենայինք անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցեով, ինչը կհեշտացներ նաև այդ օգնությունը տեղ հասցնելը, որովհետև եկեք արձանագրենք, որ մենք նույնիսկ մի քանի ծրագրերով ուղղակի շաբաթներ ենք ծախսել, որպեսզի գտնենք այն մարդկանց, ում այդ գումարը պետք է տանք։ Սա, իր հերթին, բերել է լրացուցիչ բարդությունների, առավել ևս որ մենք, ինչպես ասացի, համոզված չենք, որ գտել ենք հենց այն մարդկանց, ում պետք է գտնեինք, մի շարք դեպքերում չենք գտել այն մարդկանց, ում լավ կլիներ, որ գտնեինք: Այնպես որ, իսկապես եկել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակը: Այսպիսի բարեփոխումներ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք, և մենք ունենք այդ քաղաքական կամքը»:
Հաջորդիվ ներկայացվել է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ընդհանուր նկարագիրը: Անդրադարձ է եղել հայեցակարգի ներդրման նպատակներին, առաջարկվող ժամանակացույցին, հաշվետվողականության ու վերահսկողության մեթոդաբանությանը, հարկաբյուջետային ազդեցությանը:
Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմներին, անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմին, շահառուների տարբեր խմբերի հայտարարագրման առանձնահատկություններին, անհատական հայտարարագրման մշակույթի ձևավորմանը, համատարած հայտարարագրման ազդեցության գնահատմանը, համակարգի ներդրման շուրջ քննարկումների անցկացմանը վերաբերող և այլ հարցեր: Ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկություններ:
Վարչապետը ևս մեկ անգամ նկատել է՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը պետականամետ մտածելակերպ և դրան համարժեք հանրային վարքագիծ ձևավորելուն միտված բարեփոխում է: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել համատեղ քննարկումները, ինտենսիվ աշխատել խորհրդարանական գործընկերների հետ՝ համակարգի արդյունավետ ներդրման և գործարկման փոխհամաձայնեցված մոտեցումներ ձևավորելու ուղղությամբ: