Բավականին հայտնի մարդիկ քիթը խոթում են իրենց չհասկացած ոլորտ և հակաքարոզչություն են անում․ Թորոսյան
Առողջապահության ոլորտում հակաքարոզչությունը տեսանելի է, և քննադատությունները, թե ինչու Կառավարությունը չի արձագանքում դրան, միգուցե և տեղին են։ Այս մասին այսօր Հանրային խորհրդի հետ տեսաքննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այն մարդիկ, ովքեր պետք է արձագանքեն, օրինակ՝ հակահամաճարակային միջոցառումներ անցկացնողները, համաճարակաբանները, ինֆեկցիոնիստները, էս 3 ամիս է՝ տուն չեն գնում, ես թույլ չեմ տալիս իմ լավագույն համաճարակաբանին գնալ Հանրային հեռուստաընկերություն ու խոսել հակաքարոզչության վերաբերյալ, որովհետև ինքը շատ ավելի կարևոր գործ է անում, ասենք՝ մի հատ 1000 հոգանոց արտադրամասում, որտեղ վարակի բռնկում է տեղի ունեցել, հակահաճարակային միջոցառումներ է իրականացնում։ Դա, իհարկե, վատ է, բայց ես ընտրել եմ իրական գործը մյուսից՝ մտածելով, որ կլինեն այլ մարդիկ, ովքեր կհակազդեն»,- նշեց Թորոսյանը։
Նա նաև ընդգծեց, որ պատժամիջոցների կիրառման կողմնակից չէ, և այս ամենի լուծումը տեսնում է կրթական բարեփոխումների մեջ։ Ըստ Թորոսյանի՝ նախարարությունը շատ հաճախ մենակ է փաստարկի ուժի կիրառման հարցում:
«Բավականին հայտնի մարդիկ կան՝ իրենց քիթը խոթում են իրենց չհասկացած ոլորտներ և հակաքարոզչություն են անում, ես ինչքան ուզում է՝ գոռամ, ասեմ՝ ընկե՛ր ջան, մի արա տենց բան, ստացվում է, որ ես անձի դեմ եմ, ոչ թե սկզբունքների: Դրա համար եմ ասում՝ եկեք այդ փաստարկի ուժը բոլորով օգտագործենք, ոչ թե մենակ մենք»,- նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։