Բազմազան, բայց դեռևս ոչ անկախ․ Հայաստանը տարածաշրջանի ամենաազատ մամուլն ունեցող 2-րդ երկիրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
Բոլորը

«Բազմազան, բայց դեռևս ոչ անկախ»․ այսպես է նկարագրվում հայկական մեդիադաշտը՝ Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության տարեկան զեկույցում։ Առաջ անցնելով Ադրբեջանից ու Թուրքիայից և ընդամենը մեկ հորիզոնականով զիջելով Վրաստանին, այս տարի Հայաստանը մամուլի ազատությամբ 61-րդ տեղում է։

«Դա պայմանավորված է նրանով, որ 2019-ին իրավիճակը բարեփոխելու ուղղութամբ որևէ հստակ քայլ չի արվել և առաջընթացը, որ ունեցել ենք 2018-ի ընթացքում, մնում է մեր կապիտալը․ այսինքն՝ այն, որ իշխանություններն ավելի քիչ են վերահսկում լրատվամիջոցները կամ ընդհանրապես չեն խառնվում նրանց գործունեությանը, չկան ակնհայտ ճնշման դրսևորումներ»,- ասում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։

Զեկույցի հեղինակներն ընդգծում են․ Հայաստանում լրատվական բազմազանությունը ծաղկում է, սակայն թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունը չի կարողացել հաղթահարել դաշտում առկա բևեռացումը։ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ այս մասով որևէ հստակ հայեցակարգ դեռ չկա․ «Այն, ինչ ակնկալվում էր 2019 թվականին՝ սեփականատերերի և ֆինանսական աղբյուրների թափանցիկության ուղղությամբ՝ օրենսդրական նախաձեռնություններն էին, բայց մինչև այսօր հստակ մոտեցում չենք տեսնում կառավարության կողմից։ Իսկ նախկին միտումները, որ տարբեր քաղաքական և բիզնես շրջանակներ շարունակում են վերահսկողություն ունենալ մասնավոր լրատվամիջոցների վրա, մնացել է, և այստեղ էլ որևէ հստակ տեղաշարժ մոտակա ժամանակում ես չեմ ակնկալում»։

Իսկ ինչպիսի՞ նկարագիր է ստացել տարածաշրջանի մյուս երկրների մեդիադաշտը։ Օրինակ՝ 61-րդ հորիզոնականում գտնվող վրացական մամուլը զեկույցի հեղինակների կողմից բնութագրվել է որպես «բազմակարծիք, սակայն դեռ ոչ անկախ»։ Մատնանշվում են հատկապես «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ նախորդ տարի ծավալված զարգացումները, որոնց հետևանքով այն վերադարձվեց նախկին սեփականատիրոջը` ստանալով ամբողջությամբ նոր խմբագրական քաղաքականություն և դառնալով շատ լրագրողների աշխատանքից ազատման պատճառ:

154-րդ տեղում գտնվող և նախորդ տարվա համեմատ դիրքերը 3 հորիզոնականով բարելաված Թուրքիան զեկույցում ներկայացվում է որպես «պրոֆեսիոնալ լրագրողներին ամենաշատ բանտարկող երկիր»։

Նշվում է, որ երկրում կայքերի և սոցցանցերի գրաքննությունն աննախադեպ մակարդակի է հասել, իսկ իշխանություններն արդեն փորձում են նաև առցանց վիդեո ծառայությունները վերահսկել: Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանին 107 հորիզոնականակով զիջող Ադրբեջանը նկարագրվում է հետևյալ ձևակերպմամբ․ «Հույսն արագ խորտակվեց»։

Ըստ զեկույցի հեղինակների՝ Ադրբեջանում մամուլի ազատության հույսերը մարեցին 2020-ի սկզբին, երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ճնշումների ենթարկվեցին այն լրագրողները, որոնք ընդդիմության հավաքներն ու ընտրակեղծիքներն էին լուսաբանում։ Զեկույցում նշվում էր նաև, որ 2014-ից ի վեր՝ Իլհամ Ալիևն անողոք պատերազմ է մղում իր քննադատների դեմ: Անկախ լրագրողներն ու բլոգերներն ազատազրկվում են, եթե տեղի չեն տալիս շանտաժին ու հալածանքներին, կամ չեն ընդունում իրենց առաջարկվող կաշառքը։

Բորիս Նավասարդյանը նշում է․ տարածաշրջանի երկրների գրանցած նման արդյունքները Հայաստանի համար «դրական» են։ «Այդ ֆոնին մեր խնդիրներն այդքան ակնհայտ չեն երևում։ Ընդհանրապես, խոսքի ազատության հետընթաց ամբողջ աշխարհում է նկատվում և 2020-ին այն հատկապես խորացել է համավարակի տարածման պայմաններում, երբ պետությունները շատ խիստ ու անհամաչափ միջոցներ են ձեռնարկում։ Այդ երևույթը մասամբ կա նաև Հայաստանում։ Ամեն դեպքում՝ այդ ֆոնի վրա մեր՝ մտահոգություններն ավելի քիչ են երևում»,- ասում է Բորիս Նավասարդյանը։

Հայաստանի ամենակարևոր դաշնակցի՝ Ռուսաստանի մեդիադաշտը 149-րդ հորիզոնականում է հայտնվել ու բնութագրվել որպես «հեղձուցիչ միջավայր» անկախ լրագրողների համար։ Զեկույցում հատկապես ընդգծվում է, որ Ռուսաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական ճնշումներն ու սպանությունները շարունակում են անպատիժ մնալ, իսկ անկախ լրագրողներն ու լրատվամիջոցները՝ «օտարազգի գործակալներ» համարվել։

Հարևան Իրանը, որտեղ գրաքննությունը վաղուց զարմանք չի առաջացնում, մամուլի ազատությամբ 173-րդ տեղում է։ Այնտեղ, ըստ զեկույցի, վերջին 40 տարում լրագրողների նկատմամբ ամենամեծ ճնշումներ են գործադրվել։ Նշվում է, որ 1979 թվականից ի վեր Իրանում առնվազն 860 լրագրող է բանտարկվել կամ մահապատժի ենթարկվել։

Օվկիանոսից այն կողմ մամուլի հանդեպ, կարծես թե, լավ չեն տրամադրված։ «Թրամփի դարաշրջանի թշնամությունը մամուլի հանդեպ շարունակվում է»․ այսպես է նկարագրվում մամուլի ազատությամբ 45-րդ տեղում գտնվող ամերիկյան մեդիադաշտը։ Վերջին շրջանում ԱՄՆ նախագահը հաճախ անձամբ է այս թեմային անդրադառնում։ Օրինակ՝ 2 օր առաջ նա թվիթերում գրել էր․ «Հրաշալի է, որ ԱՄՆ նախագահ եմ դարձել՝ նման կոռումպացված, անազնիվ ու սուր լրատվամիջոցների օրոք, որոնք օրուգիշեր իմ հետևից են ընկած։ Կամ ես իրոք շատ լավն եմ կամ մեդիան այնքան ուժեղ չէ, որքան կարծում է»։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս՝ ամենաազատ մամուլ ունեցող երկիրը Նորվեգիան է։ Հաջորդաբար՝ Ֆինլանդիան, Դանիան, Շվեդիան ու Նիդեռլանդներն են։ Ամենաանազատ մամուլը Հյուսիսային Կորեայինն է։ Նախավերջին՝ 179-րդ հորիզոնականում էլ Թուրքմենստանն է։

Զեկույցի համաձայն՝ տարեսկզբից աշխարհում 10 լրագրող է սպանվել։ Դեպքերից ամենաշատը ՝ 3 սպանություն, գրանցվել է Իրաքում, որն այս տարի 6 հորիզոնականով հետընթանց է գրանցել ու բնորոշվել որպես «լրագրողների համար ավելի վտանգավոր դարձած վայր»: Ձերբակալված լրագրողների թվով առաջատարը Չինաստանն է։ Այնտեղ 67 լրագրող է ձերբակալվել։

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով՝ զեկույցում ընդգրկված 180 երկրներում 229 ազատազրկված լրագրող կա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան