«Սա նշանակում է՝ Էդիկին սպանել են». Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալի հայրը պնդում է, որ ՔԿՀ պետը թույլ չի տվել որդուն հիվանդանոց տանել

Լուրեր

24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
Բոլորը

Բժիշկները ցանկացել են Էդուարդ Գրիգորյանին հիվանդանոց, տանել բայց բերդի ղեկավարությունն արգելել է. «Սա նշանակում է՝ Էդիկին սպանել են»,- ասում է նրա հայրը

 

Այսօր առավոտյան, ժամը 5-ի շրջանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանը։ Նա անցած 18 տարիների ընթացքում պահվում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Դատապարտյալները մեզ հետ կապ հաստատեցին և տեղեկացրին, որ Էդուարդ Գրիգորյանը երեկ գիշեր երկու անգամ սրտի ուժգին նոպաներ է ունեցել։ Առաջին անգամ նրա ինքնազգացողությունը վատացել է գիշերը՝ ժամը 12-ի սահմաններում։ Դատապարտյալներին հաջողվել է կապվել շտապօգնության հետ։ Շտապօգնության բժիշկները ներս են մտել քրեակատարողական հիմնարկ, սրտի «ԷԿԳ» հետազոտություն են կատարել և որոշել են Էդուարդ Գրիգորյանին տանել հիվանդանոց։ Այս մասին factor.am-ին պատմեց Էդուարդ Գրիգորյանի հայրը՝ Գարեգին Գրիգորյանը։

Սակայն, նրա պնդմամբ, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը արգելել է դատապարտյալին հիվանդանոց տեղափոխել։ «Առավոտյան նորից վատացել է, տարել են , հասցրել են հիվանդանոց, արդեն հիվանդանոցում մահացել է։ Ես այդ ամենը իմացել եմ նրա նստած ընկերներից։ Սա նշանակում է, որ նրան սպանել են, եթե շուտ տանեին հիվանդանոց, կարող էր փրկվել։ Համենայն դեպս, սա նրանց անփույթ վերաբերմունքի հետևանքն է։ Կամ ի՞նչ է նշանակում՝ շտապօգնության բժիշկը ասում է՝ պետք է տանել, իրենք՝ թե բանտի պետը թույլ չի տալիս, իրենք իրենց թագավոր են ձևացնում, ի՞նչ է։ Հիմա տղայիս մարմինը դիահերձարանում է։ Դիահերձումից հետո պարզ կլինի մահվան պատճառը։ Կարծում եմ, սրտի իշեմիկ հիվանդություն է եղել, արագ ինֆարկտ է զարգացել»,- հայտնեց Գարեգին Գրիգորյանը։

Նա, ինչպես և Գրիգորյանի մայրը և ողջ ընտանիքը սգի մեջ են և դժկամությամբ էր հարցերի պատասխանում։ Մեր հարցին, թե կա մի բան Հոկտեմբերի 27-ի դեպքերից, որը Էդուարդ Գրիգորյանը թաքցնում էր, նրա հայրը պատասխանեց.«Նա ոչ մի բան չէր թաքցնում, ինչ որ կար՝ ասել էր»։

Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանին խնդրեցինք ճշտել Էդուարդ Գրիգորյանի մահվան հանգամանքները, պատասխանել, թե քանի անգամ են բժիշկները գիշերն այցելել Գրիգորյանին և ճի՞շտ է, որ առաջին անգամ բժիշկները եկել են, ցանկացել են Գրիգորյանին տանել հիվանդանոց, սակայն բերդի պետը թույլ չի տվել։ ՔԿՎ մամուլի խոսնակը պատասխանեց հետևյալը. «Ամեն ինչ գրանցված է մատյաններում։ Շտապօգնությունը եկել է, տարել է «Էրեբունի»»։ Ավելի կոնկրետ պատասխաններ չստացանք։

Եվս մեկը խորհրդավոր շղթայում

 

Էդուարդ Գրիգորյանի վախճանը համալրեց Հոկտեմբեր 27-ի գործով դատապարտյալների խորհրդավոր մահերի շղթան։

Հիշեցնենք, որ նրանցից առաջինը դեռ նախաքննության շրջանում մահացած կասկածյալ Նորայր Եղիազարյանն էր՝ էլեկտրիկը, որին «տոկը խփեց»։ 2004-ին կալանավայրում կախվեց Հունանյանների քեռին՝ Վռամ Գալստյանը, 2010-ին իր անկողնում սրտի կաթվածից մահացավ Համլետ Ստեփանյանը՝ միակը, որին ի տարբերություն մյուսների, դատապարտել էին 14 տարվա ազատազրկման։

Տարօրինակ զուգադիպությամբ՝ այդ ընթացքում մեկը մյուսի հետևից մահացան նաև վկաները։ Իր տան մոտ սպանվեց գործով վկա, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանը։ Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ Մուշեղ Մովսիսյանը, որին կալանավորել էին և հարցաքննել, մահացավ հիվանդանոցում, վիրահատվելուց հետո։ Վկա Հասմիկ Աբրահամյանը, որը ԱԺ անձնագրային բաժնի աշխատող էր, կախվեց աշխատավայրում։ Նախկին բուժաշխատող, վկա Ռոզա Հովհաննիսյանը մահացավ ԱՄՆ-ում։ Անցած տարի ԱՄՆ-ում մահացավ նաև Հանրային հեռուստատեսության թղթակից, լրագրող Տիգրան Նազարյանը։ Մահվան պաշտոնական պատճառը քաղցկեղն է։ Վերջինը այս շղթայում մանկաբույժ Էդուարդ Գրիգորյանն էր։

 

Էդուարդ Գրիգորյանի անհետացած «պրոֆիլի» պատմությունը

 

Անցյալ տարի Էդուարդ Գրիգորյանի նկարով Ֆեյսբուքում էջ հայտնվեց, որտեղ դատապարտյալը գրառում էր կատարել և խոստացել էր, որ «շուտով» պատմելու է այն, ինչ «համառորեն և բավական փնթի ձևով փորձում են թաքցնել հասարակությունից»: «Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է: Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից։ «Տուժողների» և «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին և ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար»,- գրել էր Գրիգորյանը՝ խոստանալով, որ առանձին անդրադառնալու է Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքներին։

Ինչպես հիշում ենք, Արմենակյանը մահացել էր ԱԺ միջանցքում, ոչ թե դահլիճում, և ոչ պաշտոնապես վարկած է շրջանառվում, որ նրան սպանողը ոչ թե Կարեն Հունանյանն էր, որը այդ պահին գտնվել է նիստերի դահլիճում, այլ մեկ այլ անձ, որը հիմա ազատության մեջ է և օգնել է Հունանյանի խմբին կատարել Հայաստանը գլխատելու դիվային ծրագիրը։

Կարճ ժամանակ անց այս գրառումը ՖԲ-ից անհետացավ։ Էդուարդ Գրիգորյանը լռեց։ Նրան վախեցրել էին՝ ասելով, որ եթե շարունակի, ապա նրա ընտանիքի անդամներին աշխատանքից կհանեն։

Մեր այս տեղեկությունը ստացել էինք անցյալ տարի՝ հենց Էդուարդ Գրիգորյանից։ Նրան հաջողվել էր կապվել մեզ հետ և պատմել, որ իրեն ահաբեկում են։

 

Էդուարդ Գրիգորյան. «Մեր ուզածն է, որ մեզ լսեն»

 

«Ես ուղղակի չեմ ուզում մանրենք այս հարցը։ Մի օր ճիշտը լինելու է, ինձ հիմա այլ խնդիրներ են հուզում՝ ֆինանսական, դատարան դիմել, փաստաբան վարձել։ Ես նման խնդիրների մասին եմ մտածում։ Ես քաղաքականացնելու մասին չեմ մտածել, բոլոր հիմքերն ունեմ բողոքարկելու այս անօրինական վճիռը». սրանք Էդուարդ Գրիգորյանի հետ կարճ համացանցային զրույցի ընթացքում նրա կողմից փոխանցված գրառումներից հատվածներ են: Նա մեզ հասցրեց փոխանցել նաև, որ ինքն ու մյուս ցմահ դատապարտյալները լրագրողների և իրավապաշտպանների հետ շփվելու մեծ կարիք ունեն, որ նրանց թերթեր չեն տալիս, միակ զբաղմունքը հեռուստացույցն է։

«Վերջին անգամ՝ շատ վաղուց, տարիներ առաջ, մեզ այցելել է Ավետիք Իշխանյանը, առաջ լրագրողներ էին գալիս, գալու-գնալու ազատություն կար։ 2008 թվից, երբ որ Հայկ Հարությունյանը դարձավ ՔԿՎ պետ, ոչ ոք չի եկել։ Մեզ հետ արգելված է որևէ հանդիպում։ Երբ փորձում ենք ներկայացնել մեր գործերը, ասել, որ ոչ մեկի չենք սպանել, գոնե թող ցմահի փոխարեն ինչ-որ ժամկետ սահմանեն, ասենք՝ 20 տարի, նրանք ասում են, որ վերևից պետք է սիգնալներ լինեն, որ մենք լսենք։ Մեր ուզածն ընդամենը արդար, բաց դատն է, որ մեզ լսեն՝ առանց քաղաքականացնելու»,- գրել էր Էդուարդ Գրիգորյանը։

Այս գրագրությունից հետո բերդի ղեկավարությունը առգրավեց Գրիգորյանի և նրա խցակիցների բջջային հեռախոսները։

Սյուզան Սիմոնյան