Տեխնոլոգիաների ոլորտում մենք պետք է լինեք ոչ թե սպառող, այլ առաջարկող երկիր. նախագահ Սարգսյանը More for Metsamor նախագծի շրջանակում հյուրընկալվել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում
Հասարակություն
19.12.2019 | 17:44Աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց և More for Metsamor («Ավելին` Մեծամորի համար») նախագծի շրջանակում հանդիպում ունեցել աշակերտների և քաղաքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից դպրոցում այս տարվա նոյեմբերից իրականացվող More for Metsamor նախագիծը դպրոցական կրթությանն աջակցող բազմաբաղադրիչ ծրագիր է: Այն նպատակ ունի դպրոց բերել նոր բովանդակություն՝ խրախուսելով աշակերտներին ուղղակիորեն ներգրավվել իրենց ապագայի ձևավորման գործում: Նախագծի շրջանակում դպրոցում կազմակերպվում են հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, երեխաներն այցելում են նաև գիտատեխնոլոգիական հաստատություններ, ծանոթանում դրանց աշխատանքներին:
Նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է ներկաների հարցերին, խոսել Հայաստանի ապագայի համար գիտության և տեխնոլոգիաների կարևորության մասին:
«Բոլորիդ չեմ առաջարկում, որ անպայման զբաղվեք գիտությամբ ու նոր տեխնոլոգիաներով: Դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ բոլորը գիտնական են: Իմ խորհուրդն է՝ զբաղվեք նրանով, ինչով կարող եք բացահայտել ձեր տաղանդը, ցանկությունը, ձեր վերաբերմունքը կյանքին,-դիմելով աշակերտներին ասել է նախագահը:-Կյանքում ինչ էլ անեք՝ արեք մեծ հաճույքով, քանի որ եթե որևէ բան ստիպված եք անելու, ապա դա ձեզ համար դառնալու է մեծ բեռ, և դժվար է՝ մեծ բեռ տանելով, հաջողությունների հասնել: Ճիշտ հակառակը, եթե դու ունես տաղանդ, շնորհք և հաճույքով ես անում քո գործը, ապա անպայման հաջողության կհասնես»:
Նա ընդգծել է, որ ցանկացած երեխա ի ծնե օժտված է տաղանդով, և կարևոր է, որ հարազատներն ու ուսուցիչները բացահայտեն ու գտնեն այն: «Ձեզնից յուրաքանչյուրը տաղանդ ունի, և դուք այս տարիքում պետք է կարողանաք գտնել այն և հասկանաք, թե ինչ եք ուզում: Մի՛ վախեցեք սխալվելուց, քանի որ կյանքը միշտ ձեր սխալները կուղղի, ձեզ ճիշտ ճանապարհով կտանի: Ինքներդ ձեր նկատմամբ ազնիվ եղեք, երբեք մի փորձեք ինքներդ ձեզ խաբել,-նշել է նախագահը: -Մի մտածեք, որ գիտնական պետք է դառնաք միայն այն պատճառով, որ ձեր ծնողները եղել են գիտնականներ, փորձեք գտնել ձերը»:
Խոսելով նոր տեխնոլոգիաների և դրանց դերի մասին` նախագահ Սարգսյանը նկատել է, որ 21-րդ դարում դրանք ուղղակի անհրաժեշտություն են: «Ինչով էլ զբաղվեք այս կյանքում՝ նոր տեխնոլոգիաների հետ եք շփվելու, հետևաբար պետք է գրագետ լինեք: Նույնը վերաբերում է նաև մեր երկրին: Ինչ-որ իմաստով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք սպառող երկիր են: Եթե ուզում ենք մեր երկիրը հաջողի, ապա պետք է ոչ թե սպառող լինենք, այլ առաջարկող,-ասել է նախագահը և ավելացրել:-Կարող է շատերին թվալ, թե սա երազանք է, բայց մեր ժողովուրդը կարող է դա անել, որովհետև մենք բազմիցս ենք տեսել, որ հայկական ծագում ունեցող մարդիկ աշխարհի տարբեր երկրներում նոր տեխնոլոգիաների առաջնորդներ են: Ինչո՞ւ նույն մարդիկ կամ նույն գենետիկ ծագում ունեցող մարդիկ չեն կարող լինել իրենց սեփական երկրում նոր տեխնոլոգիաների առաջնորդներ: Սկզբունքորեն կկարողանանք, եթե մենք բոլորս միասին որոշենք, որ այդ ոլորտը պետք է զարգացնենք: Դա մեկ հոգու, նախագահի, վարչապետի, նախարարի աշխատանքով չի ստացվի, որովհետև խնդիրը հսկայական է՝ Հայաստանը բարձրացնել բոլորովին այլ մակարդակի: Մարդիկ կարող են զրոյից սկսել ու հասնել հաջողության: Դրա համար պետք է կարգապահություն, նպատակասլացություն, հստակ տեսլական, հստակ ծրագիր և համապատասխան փոփոխություններ»:
Նախագահին հարց է ուղղվել նաև մեր երկրում տեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին: Նախագահը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության, մեծ ծավալի տվյալների կառավարման և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը: Նա ընդգծել է, որ երկիրը 21-րդ դարում մրցունակ դարձնելու համար մի շարք գործոններ են անհրաժեշտ, այդ թվում՝ կրթության բարձր մակարդակ, ազատ, իրենց ուժերի վրա վստահ երիտասարդներ: «Կարևոր է Հայաստանը դարձնել մի վայր, որտեղ բացի լավ կրթությունից, ստարտափից, ներկա լինեն հայտնի միջազգային ընկերություններ, որոնք իրենց փորձով, գիտելիքներով կկիսվեն մեզ հետ»,-նշել է նախագահը:
Ներկայցնելով նախաձեռնության բաղադրիչները՝ նախագահը նշել է, որ այն ունենալու է նաև երեխաների համար նախատեսված «Ապագայի թանգարան» կամ Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը», որտեղ ցանկացած երեխա կտեսնի, թե ապագան որտեղ է:
Նա ընդգծել է, որ փոքր երկիրը կարո՛ղ է իր հնարավորությունների ու կարողությունների շնորհիվ ուժեղ ու առաջադեմ լինել. «Փոքր երկիրը կարող է լինել ոչ միայն գեղեցիկ, այլ նաև ուժեղ ու առաջադեմ, և մենք այդպիսի երկիր ենք ուզում կառուցել»: