«Եկեք բոլոր կոռումպացվածներին դատելու փոխարեն նստացնենք տանը, գումար տանք». Գևորգ Գորգիսյանը՝ ՍԴ անդամներին վաղաժամ թոշակավորելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.12.2019 | 20:16Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը
-Այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակավորելու մասին օրենքը, որին դուք դեմ եք քվեարկել։ Ըստ Ձեզ՝ օրենքն իր նպատակին կծառայի՞, ՍԴ անդամները կօգտվե՞ն վաղաժամ թոշակավորման առաջարկից։
-Ես հուսով եմ, որ չեն օգտվի այդ հնարավորությունից, որովհետև դա առնվազն նվաստացուցիչ կլինի։ Դուք լրագրող եք, պատկերացրեք՝ ես Ձեզ գումար առաջարկեմ, որպեսզի Ձեր գործը չանեք։ Ինձ թվում է՝ ցանկացած պրոֆեսիոնալի համար պետք է վիրավորական լինի դա, կարծեմ այդպես էլ արտահայտվել են ՍԴ անդամները։
-Այնտեղ այն կարծիքին են, որ ՍԴ անդամներն իրենց գործով չեն զբաղվել երկար տարիներ և վաղուց լեգիտիմ չեն։
-Նախ՝ այդ լեգիտիմությունը ոչ մեկը չի չափել։ Երկրորդ՝ եթե նրանք իրենց գործը չեն արել, ուրեմն օրենք են խախտել, կարելի էր այդ ճանապարհով գնալ։ Հիմա Կառավարությունը խոսում է դատական համակարգի բարեփոխումների մասին, ընտրում է ՍԴ-ն, որի հետ հասարակությունն ամենաքիչն է առնչվում։ Թիրախավորում է ՍԴ նախագահին ու սկսում է նրա դեմ ինչ-որ գործողություններ անել։ Սկսում է արգելափակել դատարանները, որն օրենքով արգելված է, և դա անում է վարչապետի կոչով։ Այսինքն՝ մի իշխանության ոտնձգությունն էր մյուս իշխանության նկատմամբ։ Հետո փորձում են օգտվել ԱԺ վերահսկողական իրավունքներից, և նախագիծ են շրջանառության մեջ դնում, որի շնորհիվ ՍԴ-ն կարող էր քննել, եթե Հրայր Թովմասյանը ունեցել է կարգապահական լուրջ խախտումներ, նրան կարելի էր հեռացնել ՍԴ-ից։ Բայց նրանք այնքան անփույթ էին կազմել փաստաթուղթը, որ այն քննության էլ չի առնվում։ Ընդ որում՝ մենք նաև քննադատել էինք նյութի բովանդակությունը, բայց խրախուսել էինք «Իմ քայլի» իրավունքը՝ այդ քայլին դիմելու և վերջապես օրենքի դաշտով, օրինական ճանապարհով ՍԴ-ի հետ առնչվելու։ Հիմա տեսնելով, որ այդ դատավորների հետ չեն կարողանում որևէ կերպ պայմանավորվել, գալիս են այս տարբերակին՝ կամավոր վաղաժամ թոշակի գնալ։ Հիմա հարց է առաջանում՝ եթե պարոն Փաշինյանը հայտարարում է, որ բոլոր դատավորները վատն են, կաշառակեր են, կոռումպացված են, մենք ինչո՞ւ ենք հարկատուների հաշվին այդ մարդկանց այդքան գումար տալիս, ասում՝ հարգելի՛ կաշառակերներ, գնացեք ձեր տանը նստեք, մենք ձեզ ամեն ամիս փող կտանք։ Այդպես բոլոր ոլորտներում կան կաշառակերներ, որոնց հենց պարոն վարչապետը թիրախավորել էր՝ ոստիկանություն, դպրոցներ, ինստիտուտներ, կառավարություն… Դե եկեք՝ այդ բոլոր մարդկանց դատելու տեղը նստացնենք տանը, գումար տանք։ Ոչ մեկիս համար ընդունելի չէ, չէ՞։ Հետևաբար, ինձ համար դա ընդունելի չէ՝ որպես քաղաքացի և հարկատու։ Իսկ եթե այդ մարդիկ վատը չեն, ապա առաջարկը վիրավորական պետք է լինի նրանց համար։
-Իշխանությունը մտադիր չէ նահանջել, ինքն ամեն ինչ անելու է, որ ՍԴ անդամները հեռանան։ Ձեր հակաքայլը ո՞րն է։
-Շատ վատ է, որ հարցը դառնում է քաղաքական։ Ի վերջո՝ պետք է գործեն իշխանության տարբեր ճյուղերի փոխզսպումների մեխանիզմներ։ Եթե դա չլինի, ամբողջ համակարգը կքանդվի։ Երբ «Իմ քայլի» մեր հարգարժան գործընկերները խոսում են բարի թագավորի մասին, որ մեր թագավորը լավն է, նա չար բաներ չի անի, մենք անընդհատ հակադրվում ենք, որ այդպես չի կարող լինել, բարի թագավորներ չեն լինում, լինում են փոխզսպված թագավորներ, լինում են ինստիտուտներ, որոնք չեն թողնում թագավորին դառնալ հրեշ։ Վե՛րջ, ուրիշ բան չի լինում։ Ցանկացած մարդ, որին տրվի անսահմանափակ իշխանություն, նա դառնալու է հրեշ։ Եվ այդ ինստիտուտները կառուցելու փոխարեն, ֆունդամենտալ բարեփոխումներ անելու փոխարեն՝ մենք վերցրել ենք ՍԴ-ին, թիրախավորել ենք նրա թագավորին, հորինել ենք ճգնաժամ։ Այնտեղ, երևի, միակ ճգնաժամը Վահե Գրիգորյանն է, որն աշխատում է մի ռեժիմով, որի մեջ ուզում են տեսնել մնացածին։ Նա ստանում է թոշակ և իր աշխատանքը չի կատարում, նա միակ պրոբլեմատիկ կետն է ՍԴ-ում։ Որովհետև մյուս կողմից նույն «Իմ քայլի» մեծամասնությունն ընդունում է ՍԴ-ի վճիռները, եզրակացությունները, տարբեր օրենսդրական նախաձեռնությունները միջազգային պայմանագրերի մասին, ասում են՝ չէ, նա չի աշխատում, կա ճգնաժամ։ Կա ճգնաժամ, եթե այդ մարմինը չի գործում։ Այս մարմինը գործում է։ Եթե այնտեղի դատավորներն օրենք են խախտել, ապա նրանց պետք է պատժել, ոչ թե խրախուսել։ Եթե օրենք չեն խախտել, և միայն այն բանից ենք ելնում, որ նրանք մեզ դուր չեն գալիս, պետք է ինձ դուրեկան մարդ լինի այնտեղ, դա խնդիր է, որովհետև չի կարող իշխանության մի ճյուղը, փոխզսպելու փոխարեն, հաճոյանալ նրան։
-Պարո՛ն Գորգիսյան, երեկ Դուք հայտարարել եք, որ հասարակության մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչ է Սահմանադրական դատարանը:
-Մեր գործընկերներից պնդեցին, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, և դա փաստում են հարցումները՝ հասարակությունը գիտի դա և լուծում է ուզում: Ես հակադարձեցի, որ մարդիկ, միգուցե, լսել են, որովհետև դուք մեկ տարի է՝ խոսում եք դրա մասին, բայց այդ ճգնաժամը քչերն են գիտակցում կամ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Եթե այդ նույն մարդկանց, որոնք ասել են, որ այո՛, կա ճգնաժամ, հարցնեք՝ ո՞րն է այդ ճգնաժամը, ես վստահ եմ, որ 10-ից 9-ը չի իմանա, կասեն՝ դե, ասել են ճգնաժամ, ուրեմն՝ կա ճգնաժամ։ Հասարակությունը, այո՛, շատ հաճախ լսում է այն ամենը, ինչ մատուցվում է, բայց դա խորքային չի մատուցվել, մինչև հիմա չի կարողանում «Իմ քայլը» խմբակցությունը Վահե Գրիգորյանի գլխավորությամբ բացատրել, թե որտեղ է այդ ճգնաժամը։ Լավ, հասկացանք, Հրայր Թովմասյանն այնտեղ է, որի ընտրվելուն մենք դեմ ենք եղել, խստագույնս քննադատել ենք, որովհետև զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, հետո գնում է ապաքաղաքական մարմին, բայց դա չի նշանակում, որ այնտեղ այս պահին, այսօր կա ճգնաժամ։ Միայն Հրայր Թովմասյանի այնտեղ լինելով չի կարող լինել ճգնաժամ, որովհետև ՍԴ նախագահը չունի լիազորություններ։ ՍԴ-ն կոլեգիալ մարմին է, նա չի կարող հրամայել մյուս անդամներին՝ կայացնել այս կամ այն որոշումը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Մհեր Արշակյան