Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը պատգամ է, որ անպատժելիությունը չի աշխատելու. Զոհրաբ Մնացականյան

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը: շրջանակներում

«Հարգելի՛ ներկաներ,

Հարգելի պարոն Շարփ,

Մրցույթի մասնակիցներ,

Ողջունում եմ բոլորիդ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ կազմակերպված այս միջոցառմանը:

1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, որով հստակորեն ամրագրվեց միջազգային հանրության հանձնառությունն այլևս երբեք թույլ չտալ այս հանցագործության կրկնումը: Հայաստանը վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում:

Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ և հետևողականորեն աշխատել և աշխատում է ՄԱԿ շրջանակներում և իր բազմաթիվ գործընկերների հետ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի, ատելության հողի վրա հանցագործություններին առնչվող շարունակական վտանգների և մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ։ Ցեղասպանության կանխարգելման օրակարգի վերաբերյալ Հայաստանի կողմից նախաձեռնված բազմաթիվ բանաձևերն իրենց ներդրումն են ունեցել այդ օրակարգի շուրջ միջազգային ջանքերի համադրման առումով: 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման  միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը:

Այսօր՝ ծայրահեղականության աճի, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի  միջազգային հանձնառության անկման ժամանակաշրջանում, այս և մարդկության առջև ծառացած այլ լրջագույն մարտահրավերների դեմ արդյունավետ առերեսման հարցում կրթությունն առանցքային նշանակություն ունի: Առանցքային է նաև ցեղասպանությունների կանխարգելումը: Այս հարցում կրթությունը պետք է լինի այն շարժիչ ուժը, որը համախմբում և ուղղորդում է հասարակությունների և պետությունների՝ կանխարգելմանն ուղղված քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական և մշակութային ջանքերը:

Այս համատեքստում Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է վաղ կանխարգելման կարևորության և առաջնայնության մասին, ինչը պահանջում է բավարար կարողություններ իրավիճակների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց արձագանքելու համար, որոնք չլուծվելու դեպքում կարող են հանգեցնել անվերահսկելի վատթարացումների՝ ընդհուպ միչև զանգվածային ոճրագործությունների իրականացումը։ Վաղ կանխարգելումը նշանակում է վաղ գործողություններ, որոնց առանցքը իրազեկվածությունն է: Կանխարգելումը սկսվում է հենց ազգային մակարդակով։

Այս առումով այսօրվա միջոցառումը, «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների մրցույթի կազմակերպումը և անցկացումը ևս մեկ հարթակ է՝ երիտասարդների ձայնը լսելի դարձնելու և նրանց միջոցով իրազեկելու լայն հասարակությանը ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ գործադրված ջանքերի և միջազգային հանրության միասնական գործողությունների մասին: Եվ սա վկայում է հետագա ցեղասպանությունների կանխարգելման ճանապարհին երիտասարդների` ցեղասպանության հիշողությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու պատրաստակամության կարևորության մասին:

Ժխտողականությունը և անպատժելիությունը կանխարգելման հիմնական խոչընդոտներն են: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանության վերապրածների սերունդներին և խոչընդոտում է իրական հաշտեցումը: Ժխտողականության դեմ պայքարը եղել և մնում է մեզ համար ամենամեծ գերակայություններից մեկը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք գիտակցում ենք նաև մեր պարտավորությունը «այլևս երբեք»-ի օրակարգի առաջմղման հարցում: Այս համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն ուղղակի քայլ է մեր արդարությունը ճանաչելու, այլ նաև քայլ է ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ, որովհետև դա պատգամ է, որ անպատժելիությունը չի աշխատելու: Այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը և հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին: Այն անհրաժեշտ է ցեղասպան ընկալումների հաղթահարման և մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար: Միջազգային համակարգում ցեղասպանության կանխարգելմանը միտված գործիքների ամրապնդումը, իրավական և գործնական հնարավորությունները զարգացնելը մշտական մարտահրավեր  և գործառույթ է: Դա շարունակական գործընթաց է, և մենք շարունակաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշելու և այս հարցին հնչեղություն տալու նպատակով 2015 թվականից Հայաստանը կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումներ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ից 11-ը Երևանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը՝ նվիրված կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը, որն իրականացվել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գրասենյակի և անձամբ հատուկ խորհրդական պարոն Ադամա Դիենգի գործուն աջակցությամբ: 2020թ. նախատեսվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի անցկացումը:

Այսպիսի ֆորումների անցկացման կարևորագույն նպատակներից է նաև կրթության և գիտության միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնահարցերի ուսումնասիրությունը, ցեղասպանության վերաբերյալ կրթությանն առնչվող առկա մարտահրավերների բարձրաձայնումը և այդ մարտահրավերներին դիմակայելուն միտված կիրարկվելիք քայլերի, արդյունավետ մեթոդների քննարկումը:

Մենք բոլորս ունենք կարևոր մի պարտավորություն՝ դա հիշելու պարտավորությունն է: Եվ հետևաբար, էական է, թե ինչպես է այդ հիշելու պարտավորությունն արտացոլվում պատմությանը վերաբերվող տարբեր նյութերում՝ դասագրքերում, հոդվածներում, գիտական աշխատություններում: Ցեղասպանությունների զոհերի՝ Մեծ Եղեռնի, Հոլոքոստի, ինչպես նաև Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի սերունդների, այլև հանցագործների սերունդների համար, քանզի այս օրերը պետք է մարդկությանը տանեն դեպի ճանաչում և հաշտեցում։

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով բոլորիդ մասնակցության համար և ընդգծելով նման ձևաչափով միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը և արդյունավետությունը ցեղասպանությունների կանխարգելման միջոցառումների շարքում՝ հայտնում եմ այս հարցում մշտապես հետևողական աշխատանքի շարունակականության պահպանման մեր վճռականության մասին և ակնկալում եմ հետագայում ևս ձեր ակտիվ մասնակցությունը այդ աշխատանքներին: Մաղթում եմ մրցանակակիրներին և մրցույթի մյուս մասնակիցներին իրենց հետագա գործունեության և աշխատանքի մեջ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:

Շնորհակալություն»: