Այրե՞լ մարմինը, թե՝ թաղել․ դիակիզարանների բացմանն ընդառաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
28.11.2019 | 20:25Հաջորդ տարի Հայաստանում 2 դիակիզարան կբացվի։ Գաղափարը մասնավոր ներդրողներինն է, որոնք հետազոտել ու եզրակացրել են՝ Հայաստանում կա դիակիզարանների պահանջարկ։ Ըստ համաճարակաբանների՝ դիակը հողին հանձնելու ճանապարհով հուղարկավորելու ձևը վարակների տարածման տեսանկյունից ռիսկ չի պարունակում։ Սակայն առնվազն երկու հանգամանք արդարացնում են դիակիզարանների գոյությունը։ 2006 թվականից գործում է «Հուղարկավորությունների կազմակերպման, դիահերձարանների, գերեզմանատների շահագործման մասին» օրենքը, որտեղ նշում կա դիակիզարանների մասին, դրանք, սակայն, իրականության մեջ գոյություն չունեն։ Ստացվում է՝ անձը դիակիզարանից օգտվելու իրավունք ունի, բայց չի կարող իրացնել այդ իրավունքը։ Երկրորդ պարագան օրեցօր ընդլայնվող գերեզմանոցներն են։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ այսօր մայրաքաղաքում կանաչ տարածքները կրկնակի պակաս են, քան գերեզմանները։ Այսպես՝ եթե Երևանի 90 պուրակներն ու զբոսայգիները միասին վերցրած զբաղեցնում են 213 հեկտար տարածք, գերեզմաններին բաժին է հասնում՝ 530 հեկտարը, որի վրա տեղավորված է 21 գերեզմանատուն։ Միայն Երևանում տարեկան միջինը 2 հեկտար նոր տարածք է հատկացվում գերեզմանոցներին։ Հոգեբան-ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանը կարծում է, որ տարիների ընթացքում դիակիզումը կդառնա հուղարկավորության ծեսի մաս․
«Հին գերեզմանոցները աճում և աճում են՝ գրավելով քաղաքների ու գյուղերի տարածքներ, այսինքն՝ կա գործնական խնդիր, որը պետք է լուծի, և սա ըստ էության լուծումներից մեկն է։ Չպետք է սա լինի շատ կոպիտ՝ չի կարելի ստիպել մարդկանց, որ վաղը այլևս չեք օգտագործելու ընտանեկան դամբարանները, այլ բոլորին ուղարկում ենք դիակիզարան։ Իհարկե, դա սխալ կլինի։ Արգելել մարդկանց, որպեսզի կատարել հուղարկավորություն դա սրբապղծություն է, ավանդույթի խախտում է և բռնություն մարդկանց հանդեպ։ Սկզբունքորեն դեմ չէի լինի, եթե քիչ-քիչ մտներ դիակիզման ավանդույթը»։
Գերեզմանատեղի տարածքի խնդիրը գնալով ահագնանում է, և ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի՝ հատկապես հին գերեզմաններում նույն տեղում երբեմն եռակի, քառակի թաղումներ են կատարվում։ Հարցին լուծում կարող է տալ դիակիզման դիմելը մշակույթ դարձնելը, ինչը, ըստ Հրանուշ Խառատյանի, տարածում կունենա Հայաստանում․ «Դիակիզումը էս պահին աշխարհում դիակից ազատվելու ձևափոխվող ծեսերի շարքում առավել շատ սկսվող կիրառվողն է, շատ տարբերակներով՝ դիակի կիզելուց ինչ պետք է անել մոխիրը, կարո՞ղ են արդյոք թաղել, շաղ պետք է տան։ Տարբերակներ կան։ Եթե դիակիզարաններ պետք է գործեն, հավանաբար պետք է աշխատի նաև դիակից մնացածի հետ ինչ պետք է լինի»։
Բայց այդուհանդերձ, ի՞նչ պատկեր է թվերի ու հաշվարկների աշխարհից այն կողմ։ Դիակիզում երևույթը ի՞նչ տեղ է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ։ Քրիստոնեական տեսակետից դիակիզումը ընդունելի չէ, ասում է աստվածաբան Հայկ Հակոբյանը։ Հիշեցնելով Աստվածաշնչյան հանրահայտ «Հող էիր, հող դարձիր» միտքը, աստվածաբանը հարցադրում է անում՝ ինչպե՞ս հարություն կառներ Քրիստոսը, եթե այն ժամանակ նրա մարմինը վառեին, նրա հարությունը ուղղակի տեղի չէր ունենա․ «Քրիստոնյաները հավատում են, որ նա խաչվեց, մահացավ երեք օր և երրորդ օրը հարություն առավ։ Աստվածաշնչում տողեր կան, որտեղ ասվում է, որ նրա ոսկորները չպետք է ջարդվեն, և մարմինը չպետք է պղծվի։ Դիակիզման դեպքում կունենայինք մարմնի փոփոխելիության երևույթ, որը ուղղակի Քրիստոսի փրկագործությունը ի չիք կդարձներ»։
Ըստ աստվածաբանի՝ դիակիզումը անգամ հեթանոսական շրջանում չի եղել մասսայական մշակույթ, թեև թաղման այդպիսի ձևեր հայտնաբերվել են։ Հայկ Հակոբյանը պատմում է՝ քրիստոնյաները մարմինը թաղել են՝ դրված սավանի մեջ, չփոփոխելով դրա ձևը, չջարդելով ոսկորները․ «Սխալը քրիստոնյայի մարմնի՝ համարենք դա պղծություն, համարենք մարմնի փոփոխելիություն, դա պետք է բնական ճանապարհով փոխվի, հող դառնա, ինչպես և մեր նախահայրն էր՝ ըստ քրիստոնեության»։
Դիակիզումը, ըստ նրա, հատուկ է քոչվոր ժողովուրդներին, որոնք իրենց մեռելներին սափորով տեղից տեղ էին տանում․ «Մենք քոչվոր չենք եղել, մենք ունեցել ենք սովորական գերեզման և գնացել ենք մեր մեռելներին ի տես, իսկ իրենք դրա հնարավորությունը չեն ունեցել, որովհետև չեն մնացել նույն տեղում։ Դա է պատճառը, որ մեր մենթալիտետային մտածելակերպի մեջ անգամ չկա դիակիզելու երևույթը համատարած։ Կողմ եմ, որ մարդիկ ազատորեն որոշեն՝ ինչ են իրենք ուզում, իմ մտավախությունն է, որ այդ ոչ պարտադիրը կարող է դառնալ պարտադիր»,- ասում է Հայկ Հակոբյանը։
Հոգեբան-ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանն ասում է՝ հայերը ընդունել են թաղումների ամենատարբեր ձևեր՝ այդ թվում՝ դիակիզումներ ու փոշին տարածվել է բնության մեջ։ Գտնվել են նաև կարասային թաղումների ապացույցներ։ Ի տարբերություն հայերի, հնդիկները պղծություն են համարում մարդու մարմինը հողի տակ թաղելը, նրանց ու ճապոնացիների շրջանում տարածված է դիակիզումը։ Այդ դեպքում ինչո՞ւ է թաղման ու գերեզմանի կառուցման մշակույթը այդքան արմատացած հայերի շրջանում։
Ըստ Լիլիթ Սիմոնյանի՝ գերեզմանը ոչ այնքան մահացածի, այլ նրա հարազատների համար է, կառույց, որտեղ հարազատները հանդիպում են հանգուցյալին. «Դա մի փոքր իր իմաստը փոխել է մեր ժամանակներում, քանի որ այնքան էլ չեն հավատում անդրշիրիմյան կյանքին, այնքան էլ չեն հավատում, որ գնալով գերեզման կարող են հանդիպել իրենց հանգուցյալ ազգականին։ Ավելի շուտ սա ձևական դեր է կատարում։ Քիչ-քիչ մշակույթը կարող է փոխվել, այսինքն՝ ես վստահ եմ, որ մեր բնակչության զգալի մասը կողմնակից է դիակիզարաններին, և իրենք էլ կուզենային, որ իրենց դիակը մահից հետո մաքուր պայմաններում այրվեր և կամ պահվեր կամ ցանվեր»։
Հայաստանի քաղաքացիները արդյոք պատրա՞ստ են ընդունել դիակիզումը, Հրանուշ Խառատյանը վստահ է՝ սկզբնական շրջանում տարածման մեծ թափ պետք չէ սպասել. «Եթե դիակիզումը ընդունվում է որպես կամավոր մի միջոց, ինքը չի կարող և չպետք է առաջացնի հանրային մեծ ընդվզում, ի վերջո՝ մարդիկ իրավունք ունեն ընտրելու իրենց մարմնի հետ մահից հետո ինչ պետք է կատարվի։ Ժամանակի ընթացքում ինքը կարող է դառնալ պարտադիր, երկար տարիների ընթացքում աստիճանաբար կենցաղում, երբ կդառնա ընդունված նորմ»։
Մինչ մասնագետները կբանավիճեն դիակիզում երևույթի՝ ընդունելի կամ ոչ ընդունելի լինելու շուրջ, Factor TV-ն հարցախույզով փորձեց հասկանալ՝ ի՞նչ կարծիք ունեն շարքային քաղաքացիները։