Նախագիծն իրականում սահմանափակում է բուհական ինքնավարությունը, չնայած հայտարարվում է, որ ուղղված է դրա ընդլայնմանը. հայտարարություն

Լուրեր

05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
Բոլորը

«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի խնդրահարույց դրույթների վերաբերյալ: Հայտարարությունը՝ ստորև:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով թեև ապահովվում  է առաջընթաց բարձրագույն կրթության և գիտության ոլորտի որոշ իրավակարգավորումների առնչությամբ, լուծվում են որոշ խնդիրներ, սակայն առկա են լուծում պահանջող մի շարք խնդրահարույց կետեր։

  1. Բուհական ինքնավարություն: Առաջարկվող նախագծով բուհի կառավարման խորհրդում պետական իշխանության կողմից նշանակվող անդամների թիվը սահմանվում է 50 տոկոս: Նույն կարգավորումը գործում է նաև այժմ: Սակայն նախագծով սահմանափակվելու է բուհի դասախոսների և ուսանողների մասնակցությունը՝ 50 տոկոսից իջեցվելով 33.3 տոկոսի: Այսինքն՝ բուհի դասախոսների և ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը դադարում է ազդեցիկ լինելուց, իսկ պետական իշխանությունը ձեռք է բերում հնարավորություն անցկացնելու ցանկացած որոշում, թեկուզ դրան դեմ լինեն տվյալ բուհի բոլոր դասախոսները և ուսանողները: Այսինքն՝ նախագիծն իրականում սահմանափակում է բուհական ինքնավարությունը, չնայած հայտարարվում է, որ ուղղված է դրա ընդլայնմանը:

Բուհական ինքնավարությունն ապահովելու համար անհրաժեշտ է՝

Ա)  Պետական մասնակցության համեմատ համաչափ դարձնել կառավարման խորհրդում դասախոսների և ուսանողների մասնակցությունը, այդ թվում՝ արտաքին անդամների ընտրության այնպիսի կառուցակարգ սահմանել, որը հնարավորություն կընձեռի հաշվի առնելուբուհի դիրքորոշումը թեկնածուներին որոշելիս,

Բ)  Հիմնավորել պետական իշխանության մասնակցության նպատակը և ըստ այդ նպատակի՝ սահմանել մասնակցության տոկոսը,

Գ)  Ապահովել բուհի կառավարման մարմինների ընտրովիությունը,

Դ)  Կառավարման խորհրդի դասախոս և ուսանող անդամների ընտրությունը դարձնել կանոնակարգված (ներկայիս կարգավորումներով այդ ընտրությունը կատարվում է հիմնականում թերի կարգավորված, մի քանի մակարդակով, անուղղակի, ինչի պատճառով սովորական դասախոսի և ուսանողի մասնակցությունը հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը գրեթե վերանում է)՝ սահմանելով նաև արտաքին անդամների ընտրության միասնական չափանիշներ:

  1. Աստիճանաշնորհում: Նախագծով առաջարկվում է սահմանել մեկ գիտական աստիճան: Մենք ընդունում ենք, որ անհրաժեշտ է բարեփոխել գիտական աստիճանաշնորհման և գիտական/բուհական կոչումների համակարգը։

Ամեն դեպքում գիտական աստիճանը պետք է դիտարկվի որպես անհրաժեշտ պայման գիտական/բուհական կոչում ստանալու համար։ Դասախոսի, դոցենտի և պրոֆեսորի պաշտոններին հավակնող անձանց համար պետք է սահմանվեն տարբեր չափանիշներ։ Պրոֆեսորի պաշտոնին հավակնող անձը պետք է ունենա ավելի բարձր որակավորում, քան դոցենտի պաշտոնին հավակնողը։ Այս տեսակետից, նույնիսկ եթե սահմանվի մեկ գիտական աստիճան, ինչ-որ պահի անհրաժեշտություն կլինի ստեղծելու որակավորման ևս մեկ ընթացակարգ։ Եվրոպական տարբեր երկրներում թեկուզ առկա է ընդամենը մեկ PhD աստիճան, սակայն առկա է նաև հաբիլիտիացիայի գործընթաց։

Ուստի, որպեսզի ապահովվի վերջնական արդյունքը, այն է՝ հստակեցվի աստիճանաշնորհումը և կոչումների տրամադրումը, մյուս կողմից՝ տրվեն որակավորման հստակ չափանիշներ, ինչպես նաև ապահովվի համապատասխանեցում և´ եվրոպական, և´ ԱՊՀ երկրների ստանդարտներին, առաջարկում ենք՝

  1. Գիտական աստիճանի տրամադրումը հստակորեն դիտել որպես գիտական/բուհական կոչում տրամադրելու նախապայման,
  2. Հստակեցնել համապատասխան գիտական/բուհական կոչումի համար անհրաժեշտ որակավորման չափանիշները,
  3. Պահպանել գիտության թեկնածուի աստիճանը՝ օրենքով նշելով, որ այն համապատասխանում է եվրոպական երկրներում ընդունված PhD-ի աստիճանին, իսկ գիտության դոկտորը որակավորման լրացուցիչ չափանիշ է PhD-ի համար, որը համապատասխանում է եվրոպական երկրների հաբիլիտիացիային։

Արդյունքում՝

  1. Մենք կունենանք գիտական աստիճանաշնորհման և գիտական կոչումների համակարգ, որը կլինի նպատակային՝ կապահովեն որակավորման չափանիշներ որոշակի պաշտոնների/կոչումների համար,
  2. Այդ համակարգը կհամապատասխանի և´ եվրոպական, և´ ԱՊՀ երկրների ստանդարտներին, ինչը կհեշտացնի հարաբերություններն ավելի մեծ թվով երկրների հետ։
  1. Ակադեմիա: Նախագծով առաջարկվում է ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակը վերանայել: Այն գիտության կառավարող մարմնից վերածվելու է խորհրդատվական մարմնի: Փաստացի, ակադեմիան այն կառուցվածքով, որ այսօր կա, այլևս չի լինելու: Մենք համամիտ ենք, որ պետք է մոտեցնել բարձրագույն կրթությունը և գիտությունը՝ ԳԱԱ համակարգում գործող ինստիտուտները և բուհերը որոշակիորեն միմյանց ինտեգրելու միջոցով։

Սակայն Ակադեմիան պետք է պահպանվի՝ որպես ֆունդամենտալ գիտությունը համակարգող և ուղղորդող մարմին։ Նրա լիազորությունները պետք է հստակեցվեն այդ տրամաբանությոամբ։

Խնդիրն այն է, որ ֆունդամենտալ գիտությունը երբեք չի տալիս կարճաժամկետ արդյունքներ, սակայն նորմալ ֆինանսավորման պարագայում կարող է հանգեցնել երկարաժամկետ ահռելի եկամուտների: Այս առումով առկա է հակասություն՝ պետական իշխանության, որը միշտ ցանկանում է ապահովել կարճաժամկետ արդյունք, և ֆունդամենտալ գիտության միջև, որն այդպիսի արդյունք չի կարող ապահովել։ Ակադեմիան պետք է լինի այն մարմինը, որը կպաշտպանի ֆունդամենտալ գիտության շահերը՝ նաև ապահովելով ֆունդամենտալ գիտությանն ուղղվող միջոցների բաշխումը՝ բնականաբար հստակ վերահսկողական և գնահատողական մեխանիզմների առկայության պարագայում։

Նախագծի բովանդակությունից պարզ չէ, թե պետությունը ֆունդամենտալ գիտության զարգացման համար ինչ հայեցակարգ և քաղաքականություն է մշակել։ Անհրաժեշտ է գնալ ոչ թե մեխանիկական լուծումների, այլ Ակադեմիայի առանձին ինստիտուտների համար կիրառել ֆինանսավորման և խրախուսման դիվերսիֆիկացված մոտեցում՝ ըստ սահմանված ցուցիչների:

  1. Տարիքային սահմանափակումներ: Նախագծով առաջարկվում է սահմանափակել բուհական կառավարման ոլորտում ակադեմիական պաշտոններ (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր) զբաղեցնող անձանց տարիքը: Նախ՝ սա խտրականություն է և հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին: Երկրորդ՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մասնագիտական աճը երկար ժամանակ է պահանջում․ գիտնականը ձեռք է բերում համապատասխան հմտություններ, այդ թվում՝ գիտության և ակադեմիական կառավարման վերաբերյալ, բավականին մեծ տարիքում: Համապատասխան տարիքն անցածներին արհեստականորեն սահմանափակելը, առանց կոնկրետ անձի կարողությունների գնահատման, արդյունավետ չէ:

Նախագծի որպես հիմնական խնդիր կարելի է նշել այն, որ վերջինս չունի որևէ հայեցակարգ: Անհասկանալի է, թե այն ինչ նպատակ է հետապնդում, արդյոք ներկայացված քայլերն այդ նպատակին ծառայելու են, ինչ միջազգային փորձի վրա է այն հիմնված և այլն: Այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելուց առաջ լիազոր մարմինը պետք է հստակ ներկայացնի իր նպատակը, թափանցիկ լինի հանրությանը և քննարկման համար լինի բաց:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հորդորում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ շահագրգիռ քննարկումներ սկսել նշված խնդիրների վերաբերյալ և նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ։