«Սյունիքի թունաբեր հսկան». ռիսկեր, մտահոգություններ և փաստեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
Բոլորը

Առաջին հայացքից լճի նմանվող հայելային այս մակերեսը Արծվանիկի պոչամբարն է՝ կառուցված 1970 թվականին։ Անունը ստացել է հարևան Արծվանիկ գյուղից։ Խորհրդային Միության տարիներին տարածքում կոլխոզի այգիներն էին։ Թունավոր նյութերի ամենամեծ պաշարն ընդգրկող այս հսկան շրջապատված է Արծվանիկ, Չափնի, Սևաքար, Աճանան ու Սյունիք գյուղերով։ Այստեղ են կուտակվում մեկ այլ հսկայի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչանքները։ Արծվանիկի պոչամբարը շրջակա գյուղերի հարյուրավոր հեկտարների հասնող հող է ընդգրկում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տվյալներով, 2019 թվականին այստեղ առկա է 239,7 մլն խմ պոչանք՝ ավելի շատ, քան ջուր կա Արփի լճում։ Պոչամբարի գոյությունը բնապահպանական աղետի առաջ է կանգնեցրել հարևան գյուղերին, որոնք զրկվել են բերք արտադրելու հնարավորությունից։ Գյուղացիները հաճախ են բարձրաձայնում առողջական խնդիրների մասին։ Նրանցից ամեն մեկին 40 հազար դրամ են տալիս, բայց ո՛չ որպես կրած վնասի փոխհատուցում, այլ՝ նվիրատվություն։ Ըստ բնապահպանների՝ այդ գումարով կոմբինատը փորձում է լռեցնել գյուղացիներին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենը համաձայն չէ։

«Լռեցնելու մենք ո՛չ մեխանիզմ ունենք, ո՛չ էլ ձգտում։ Մենք տարբերակներ ունենք մեր համագործակցությունը ինտենսիվացնելու և մեր կողմից առաջարկվում էր ավելի արագ, ինտենսիվ աշխատանք՝ համայնքների ներկայացրած պրոյեկտների շրջանակում, բայց համայնքների ներկայացուցիչներն ասացին, որ կոնկրետ այդ համայնքների բնակիչների զգալի մեծամասնությունը ընտրում է այս ճանապարհը»,- ասաց Մհեր Պոլոսկովը։

Արծվանիկի Պոչամբարը ծածկել է Արծվանիկ, Չափնի, Աևքար գյուղերի համայնքային ու պետական նշանակության հավելյալ 18․55 հա հողեր։ Կոմբինատի պաշտոնյաները պարզաբանում են, որ այդ հողամասերն արդեն իսկ եղել են օտարման գործընթացում, պարզապես համայնքները պետք է փոխեին նպատակային նշանակությունը։ Կարծես թե, հայտնի է նաև Արծվանիկի ճակատագիրը՝ վեց տարուց կոմբինատը կկոնսերվացնի և կռեկուլտիվացվի։ Այստեղ հնարավոր կլինի տեղադրել 50 մեգավատտ հզորությամբ արևային կայան։ Նոր պոչամբարը նախատեսվում է կառուցել Քաջարանում՝ բուն հանքի տարածքում:

«․․․ որպեսզի կարողանանք վերօգտագործել այն ջուրը, որը պոչանքի հետ մղվում է պոչամբար»,- ասաց Կոմբինատի ղեկավարներից Սամվել Ալեքսանյանը։ Հարցին՝ պատկերացնո՞ւմ են, թե բնապահպաններն ինչպիսի քննադատության են ենթարկելու, որ Քաջարանին մոտ լինելու է պոչամբարը, պատասխանեց․ «Պրոեկտներն անցնում են ՇՄԱԳ փորձաքննություն, որի ընթացքում լինում են հանրային լսումներ և բոլորը կարող են արտահայտվել։ Եթե դա խնդրահարույց լինի, ոչ ոք․․․ բայց դա ամենականաչ արտադրությունն է, երբ ունես պոչամբար արտադրության տարածքում և ջուրը վերօգտագործվում է»,- ասաց Զանգեզուրի կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարբերաբար թափոնաջրերի արտահոսք է գրանցում պոչամբարից և պոչատարից։ Հոկտեմբերի 17-ին բնապահպաններն ահազանգեցին Ողջի գետի աղտոտման մասին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ Արծվանիկի պոչամբար գնացող խողովակաշարի վնասվելու հետևանքով աղտոտված ջրերը լցվել էին Ողջի գետ։ Հասցված վնասը դեռ հաշվարկվում է։ Կառավարության նիստում ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասել էր, թե փորձ է արվել գաղտնի պահել վթարը։ Factor TV-ի հետ զրույցում Զանգեզուրի կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենը փորձեց համոզել հակառակը․ «Եղել է արտահոսք պահեստային խողովակներից, ինչը եղել է նրա արդյունքում, որ դրանց առջևում եղել է արհեստական պատնեշ՝ պարկերի տեսքով, հողային մասսայով լցված։ Կարա լինի մարդկային գործոն՝ այդտեղ պարկերը գտնվելու ոչինչ չունեին։ Մենք ոչինչ չենք թաքցնում, ոչ մի թաքցնելու և հետքեր վերացնելու փորձ չի կատարվել։ Ստացել եմ զանգ տեսչական մարմնից, որ այսպիսի բողոք կա գետը պղտորված է, տեղում եղել է ԱԻՆ-ը, ոստիկանությունը»։

Զանգեզուրի հանքի հաստատված պաշատները մոտ 1․8 միլիարդ տոննա է։ 2016-ի դեկտեմբերին ԶՊՄԿ-ն իրավունք է ստացել տարեկան արդյունահանել 22 մլն տոննա հանքաքար, որը կարող է երկարաձգվել մինչև 2041 թվականը։ Մոտակա տարիներին ծավալների մեծացման մասին չեն մտածում։

Factor TV-ի խնդրանքով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց ֆինանսական հաշվետվություն։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2005 թվականից մինչև 2019 թվականի առաջին 8 ամիսը կոմբինատի հասույթը կազմել է է 3 միլիարդ 909 միլիոն դոլար, որից որպես հարկ վճարվել է 948 միլիոն դոլար՝ շահույթի 24․2%-ը։ Այս գումարից 355 միլիոնդ դոլարը ռոյալթիի վճարն է։

Հիշեցնենք, ռոյալթին գանձվում է մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով։

«Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը, ըստ գլխավոր տնօրենի, 2005 թվականից ի վեր բարեգործական նպատակով ծախսել է 120 միլիոն դոլար, հասույթի մոտ 3%-ը և որպես դիվիդենտ վճարվել է 469 միլիոն դոլար՝ հասույթի մոտ 12%-ը:

«Պետության մասնաբաժինը այս ընկերության առօրյայի մեջ, անցած 14 տարվա ընթացքում կազմել է միջինում 43%։ Երբ խոսքը գնում է ընկերության գերշահույթների, ընկերության թվերը ոչ հասանելի լինելու մասին, մեր պատասխանը պարզ է՝ մեր ցուցանիշները պարտավոր ենք տրամադրել և ամփոփ ներկայացնում ենք ձեզ։ Նման պատկեր, ինձ թվում է, կլինի այլ կոլեգաների մոտ, որովհետև պետության մասնակցությունը զգալի է»,- ասաց Պոլոսկովը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերջերս հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում։ Ըստ «Սիվիլնեթի» հետաքննության՝ կոմբինատի բաժնետերերի ցանկում են Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին փոխկապակցված անձինք, իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներին պատկանող ընկերությունն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը ընդհանրություն ունեն։ Այս փաստը տեղիք է տվել ենթադրությունների, որ այս անձանց միջոցով ԱԱԾ նախկին տնօրենը բաժնեմաս ունի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Factor TV-ի հարցապնդումները՝ արդյոք տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե ոչ՝ կոմբինատի ղեկավարությունը հստակ չպատասխանեց․ ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետերերը բոլորը իրավաբանական անձինք են։ Նրանց ֆիզիկական անձինք կանգնած են էդ ընկերությունների բաժնետերերի և նրանց բաժնետերերի հետևում, որոնք մինչև վերջ մեր ցուցակում ներկայացված են»։

Հայաստանի թիվ 1 հարկ վճարող ընկերությունը պարբերաբար մեղադրվում է նաև Ամուլսարի նկատմամբ հավակնություն ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ բողոքի գործողությունները ֆինանսավորելու մեջ։ Մհեր Պոլոսկովը այսպես մեկնաբանեց․ «Մենք ունենք դատական հայց «Լիդիան Արմենիայի» դեմ և համոզված ենք, որ կկարողանանք ապացուցել՝ մենք նմանատիպ գործառույթների հետ կապ չունենք։ Ամենայն լրջությամբ եմ ասում՝ կյանքում թույլ չէինք տա նման ակտիվ գործունեություն կատարել մեր կոլեգաների դեմ, անկախ նրանից՝ նրանց մենեջմենթը սիրում ենք, թե՝ ոչ։ Նրանից հետո, երբ մեր մասին նեգատիվ ինֆորմացիա են տարածում, դժվար կլինի հաստատել, որ մեծ սեր ունենք»։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ ավարտին է մոտենում Կապանի օդանավակայանի կառուցումը։ Առաջին թռիչքը Երևան նախատեսված է իրականացնել 2020 թվականի գարնանը։ Չեխական 5․5 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռը, որը թռիչքներ է իրականացնելու, ունի 19 նստատեղ։ Եթե լինի պահանջարկ, օրվա մեջ ինքնաթիռը կարող է 4 անգամ չվերթ իրականացնել։ Մեկ տոմսը կարժենա 40 հազար դրամ։ Օդանավակայանի ընդհանուր նախահաշվային արժեքը 2.3 միլիարդ դրամ է, որից մոտ 2 միլիարդ դրամն արդեն իրացվել է։ «Սյունիք» օդանավակայանը, ինչպես նշում են կոմբինատի ղեկավարները, հիմնականում շահույթ չհետապնդող ձեռնարկ է։

Մանրամասները՝ տեսանյութ:

Ռոբերտ Անանյան