Ոչ միայն կա անհանդուրժող վերաբերմունք, այլև այն շատ վարպետորեն ուղղորդվում է. արձագանքներ «ՀուԶԱՆՔ և զանգ» պերֆորմանսին
Այս ներկայացումն անպատրաստ հանդիսատեսի համար չէր: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 2-ին մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանին հարակից տարածքում ներկայացված և աղմուկ հանած «ՀուԶԱՆՔ և զանգ» պերֆորմանսին՝ ասաց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:
«Մենք կարող ենք ընդունել, չընդունել, համաձայն լինել կամ համաձայն չլինել, բայց այդպիսի, եթե ասեմ այն, ինչ մտածեմ՝ բարբարոսական, իսկ եթե դիվանագիտությանը դիմեմ՝ ոչ քաղաքակիրթ վերաբերմունք հարիր չէ իրեն մշակութային անվանող հասարակությանը»,- հավելեց նա:
Նա կարծում է, որ նախագծի հեղինակները պետք է նկատի ունենային նման արձագանքի հնարավորությունը և նախ փակ տարածքում ներկայացնեին բեմադրությունը: «Իհարկե՝ հասկանում եմ, որ տարածքի խնդիր է եղել, բայց իրենք էլ պիտի հասկանային, որ, ցավոք, ոչ միայն կա անհանդուրժող վերաբերմունք, այլև այդ անհանդուրժող վերաբերմունքը շատ վարպետորեն ուղղորդվում է: Դա պետք է նկատի ունենային: Ուղղակի նախագծի հեղինակները պետք է ունենային իրենց հանդիսատեսին և մտածեին, թե ում են ներկայացնում»,- ասաց դրամատուրգը:
Կարինե Խոդիկյանը նաև ուշադրություն հրավիրեց ներկայացման բովանդակության վրա. «Այնտեղ տեսեք՝ ինչ անուններ են՝ Աբով, Չարենց… Այսինքն՝ 1920-ական թվականների անուններ: Գոնե այդ երեխաները կարդացել են, ուսումնասիրել են այդ գրողների գործերը: Իսկ այդ «զելյոնկա» թափողները, հարյուր տոկոսով վստահ եմ, ոմանց անունը նույնիսկ առաջին անգամ էին լսում»:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համոզմամբ էլ՝ ներկայացման մասին ոչ բոլոր կարծիք հայտնողներն են հասկացել դրա բովանդակությունը:
«Ինչ է տեղի ունենում՝ մարդիկ կարծիք են հայտնում, որ ներկայացումը շատ վատն է եղել կամ ցենզուրայից դուրս, բայց ես չեմ կարծում՝ բոլոր այն մարդիկ, որոնք քննադատում են, արդյո՞ք ուսումնասիրել են, խորացել են ու հասկացել են՝ ինչ է, չեն հավանել, դրա համար են քննադատում, թե՞ ուղղակի չեն ուզում հասկանալ, բայց քննադատում են: Մեծ հարց կա՝ ի՞նչ նպատակի արդյունք է այս քննադատությունը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը:
Ամեն դեպքում, ըստ արվեստագետի, փաստը, որ մեր երկրում արվեստի նախագիծ կարող է արվել, մարդիկ կարող են դրան ընդդիմանալ և այն նման հնչեղություն ստանա, խոսում է արվեստի ուժի մասին:
«21-րդ դարում, երբ ամեն ինչից շատ կա և ամեն ինչ շատ հասանելի է, չկա սահմանափակում, ամենաթանկարժեք սերվիսը ռիսկերի գնահատումն է: Եթե արվեստագետները, հեղինակները, որոնք ուզում են ինչ-որ բան առաջարկել հասարակությանը, չեն փորձում գնահատել, թե երբ, ինչ լեզվով, ինչ ժամանակահատվածում և ինչ գործիքակազմով են մատուցում, դա խնդիր է»,- նշեց նա:
Անդրադառնալով ներկայացումը ֆինանսավորելու համար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջներին՝ Սերգեյ Սմբատյանն ասաց՝ անազնիվ է ամեն ինչում պետությանն ու նախարարին մեղադրելը:
«Մենք այսօր անցկացնում ենք ժամանակակից երաժշտության փառատոն, որը շատ քիչ մարդկանց է հասանելի: Բերել ենք լավագույն մենակատարների և կոմպոզիտորների աշխարհի տարբեր երկրներից, և ունենք պետության աջակցությունը: Դրա մասին չեն խոսում, բայց դա ավելի հնչեղ և հեղափոխական սկզբունք է, որ սատարում են ժամանակակից արվեստը կամ ինչ-որ ներկայացում, որը մարդիկ չեն ընկալում: Եթե մարդկանց խնդիրն այն է, որ պետք է խնայել մեր պետության գումարները, ապա դա ուրիշ հարց է: Բայց արվեստը պետք է ֆինանսավորել, փորձել և տեսնել մարդկանց արձագանքը: Լավ է, որ պետությունը սատարում է արվեստը»,- եզրափակեց Սերգեյ Սմբատյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանին հարակից տարածքում ներկայացված «Հուզանք և զանգ» պերֆորմանսը մեծ աղմուկ բարձրացրեց: Պարզվեց, որ նախագծի համար ԿԳՄՍ նախարարության 2019 թվականի բյուջեից 2.7 մլն դրամ է հատկացվել: Նախարարության հետե կնքված պայմանագրի համաձայն՝ փորձարարական այս ծրագրի շրջանակում ներկայացվելու էր պոեզիայի՝ ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն):
Թ. Հակոբյան