«Կրթության ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն». վարչապետը մասնակցել է «Կրթություն բոլորի համար» համաժողովին. ՈՒՂԻՂ
Հասարակություն
21.10.2019 | 09:42Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին: Համաժողովի կազմակերպիչներն են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը և «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցը, մասնակցում է ցանցի ավելի քան 450 անդամ՝ ներառյալ ցանցի գործող անձնակազմի անդամներ, աշակերտներ, աջակիցներ և հյուրեր 75 երկրից:
Ողջունելով համաժողովի պատվիրակներին մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ հաճելի է հյուրընկալել աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիրակներին և հաջող ընթացք մաղթել համաժողովի աշխատանքներին:
Կառավարության ղեկավարի մասնակցությունը «Կրթություն բոլորի համար» համաժողովին տեղի է ունեցել ինտերակտիվ քննարկման ձևաչափով. Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից համաժողովի մասնակից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող հարցեր։ Հարցուպատասխանի ընթացքում վարչապետը խոսել է իր ծննդավայրի՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի մասին, անդրադարձել իր ստացած կրթությանը և ընդգծել կրթությանը՝ որպես շարունակական գործընթացի վերաբերվելու կարևորությանը: «Շատերը կրթություն ասելով հասկանում են ժամանակաշրջան, որ սկսվում է, ենթադրենք առաջին դասարանից կամ նախակրթարանից և ավարտվում է ինչ-որ տեղ՝ համալսարանում կամ որևէ կետում: Ինձ համար կրթությունը շարունակական գործընթաց է, և այդ է պատճառը, որ հիմա, երբ մենք քննարկում ենք մեր երկրում ռազմավարական տեսլականը, այնտեղ մի կետ ունենք, որ հույս ունենք իրականություն դարձնել մեր երկրի համար: Այն ձևակերպում ենք հետևյալ կերպ՝ կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ նկատի ունենք սա ասելով, որ մարդու կրթությունը պետք է շարունակվի իր ողջ կյանքում: Ես այսպիսի մի կարգախոս եմ նաև առաջարկել՝ մեզնից յուրաքանչյուրի կրթական և ինտելեկտուալ մակարդակը պետք է ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը: Ընդ որում՝ կրթություն ասելով նկատի չունեմ, որ պետք է ձեռք բերել միայն ակադեմիական գիտելիքներ, որովհետև կրթություն է ամեն ինչ՝ կրթական զարգացման կարիք ունի խոսելու ձևը, շփվելու ձևը, և դա վերաբերում է բոլորին՝ սկսած արհեստավորից ավարտած արվեստագետով, պետական պաշտոնյաներով», – ասել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով իր դպրոցական հուշերին և դպրոց հաճախելուն՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ես, ըստ էության, դպրոց եմ գնացել իմ սեփական նախաձեռնությամբ և ոչ թե վարչական որոշմամբ: Դպրոց սկսել եմ հաճախել 5 տարեկանում, ուսումնական տարվա, համենայն դեպս, ոչ սկզբից: Ամբողջ խնդիրն այն է, որ մայրս դպրոցում էր աշխատում՝ որպես գործավար, և մեր տանը հայտնվել էր մի այբբենարան, որը ես սկսել էի ուսումնասիրել, և ես ինչ-որ մի պահից պահանջեցի, որ մայրիկս ինձ դպրոց տանի: Ի վերջո, նա ինձ դպրոց տարավ և իր դասվար ընկերուհուն խնդրեց, որպեսզի ինձ մի քանի օր այդ դասարանում պահի, որպեսզի ես տանը, ինչպես ասում են, հանգիստ թողնեմ իրեն: Այդ մի քանի օրը, ըստ էության, դարձան իմ աշակերտական կյանքի մեկնարկը: Կարծում եմ՝ դա կանխորոշող նշանակություն ունեցավ, որովհետև թերևս ենթագիտակցորեն ես հասկացա և հիմա էլ այդ եզրակացությանն եմ, որ կրթության ամենակարևոր բաղադրիչն ինքնակրթությունն է, որովհետև, պատկերացրեք, դպրոցում, այո, մեզ ծրագրեր են տալիս, ուսուցիչները տանում են կրթական գործընթացը, բայց եթե հանկարծ այնպես է ստացվում, որ մարդը չի ուզում դա սովորել, պատկերավոր ասած, բռնությամբ չես կարող իրեն սովորեցնել: Հետևաբար, կրթության, կրթական համակարգի ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն, որովհետև դասարանում էլ, լսարանում էլ ամենահաջողված աշակերտները նրանք են, ովքեր այդ գործընթացն ընկալում են ոչ թե որպես վարչական որոշում, որ ուրիշներն իրենց պարտադրում են ինչ-որ բան իմանալ, սովորել, այլ իրենք են փորձում հագեցնել իմացության, կրթության իրենց ծարավը: Հետևաբար, կրթության ամենակարևոր կոմպոնենտը, իմ կարծիքով, ինքնակրթությունն է, և ես այդ ժամանակներից սկսած մինչև հիմա էլ այդպես էլ վերաբերվում եմ կրթությանը»:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայոց պատմության և հայկական պետականության մեջ կրթության դերակատարությանը, հայոց գրերի գյուտի և հայոց լեզվի՝ որպես կրթական գործիք ծառայելու կարևորությանը: Ի պատասխան այն հարցի, թե որն է երազանքի կրթությունը վարչապետի պատկերացմամբ, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ինձ համար երազանքի կրթությունն այն է, երբ չկա դիմադրություն, հակադրություն ուսուցչի և աշակերտի միջև, դպրոցի և աշակերտի միջև: Իմ երազանքի կրթությունն այն է, որն ընդլայնում է երեխայի աշխարհայացքը, քաջալերում է ավելին իմանալու նրա ձգտումը, որովհետև երբեմն պատահում է այնպես, որ շատ հաճախ փորձ է արվում գիտելիքի համար սահմանել սահմաններ՝ կարելի է իմանալ այսքանը, այսքանից ավելին իմանալն արդեն հակասում է ինչ-որ ենթադրյալ շահերի, արժեքների և այդպես շարունակ: Սա արվում է ընդհանրապես ավտորիտար համակարգերում, երբ գիտելիքի համար որոշակի շրջանակ է սահմանված: Քանի որ մենք շատ մեծ ժողովորդավարական փոփոխությունների ճանապարհին ենք գտնվում, մեր մեծագույն խնդիրը հենց այն է, որ գիտելիքի համար սահման չպետք է գոյություն ունենա՝ կապ չունի ինչ գիտելիքի, որ ուղղությամբ: Շատ երկրներում և կարծում եմ, նաև մեր երկրում էլ այդ երևույթը եղել է և իներցիայով դեռ փորձ է անում շարունակել. կա որոշակի սահման՝ ինչքանով իմանալ պատմությունը, որ սահմանում իմանալ պատմությունը: Այդ սահմանները պետք է վերացնել, որովհետև իմացության, գիտելիքի ամենակարևոր առաքելությունը մարդուն առերեսելն է ճշմարտության հետ, ստեղծել մարդու համար հնարավորություն, որ նա իմանա ճշմարտությունը: Սա է իմ երազած կրթությունը, երբ մարդու իմացության սահմանները չի սահմանափակում, մանավանդ 21-րդ դարում, երբ հիմա արդեն, ըստ էության, Մարսի մասին քննարկումները մեծապես մարսվել են, և մարդկային միտքն արդեն ավելի հեռուն է գնում: Հայաստանը պետք է այս գործընթացի մեջ իր արժանի տեղն ունենա, մանավանդ մենք հռչակել ենք, որ Հայաստանը պատկերացնում ենք որպես ազատ, ժողովրդավարական և տեխնոլոգիական երկիր, և չնայած մի քիչ կոպիտ է հնչում, բայց կրթությունն ամենահզոր տեխնոլոգիան է, որը բոլոր ժամանակներում եղել է քաղաքակրթության, առաջընթացի հիմքում»:
Արձագանքելով աշակերտների և ընդհանրապես երիտասարդների քաղաքացիական ակտիվության վերաբերյալ հարցադրմանը՝ կառավարության ղեկավարն ասել է. «Անցած տարի մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության ամենաակտիվ մասնակիցներից էին դպրոցականները, աշակերտները, և դրա համար մեզ շատ քննադատում էին, բայց կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ մենք որևէ քայլ չենք արել աշակերտներին, երեխաներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու համար: Եղել են 1-2 դեպք, դա դպրոց չի եղել, եղել են բուհական կամ մասնագիտական ուսումնական հաստատություններ, երբ տեսել ենք, որ այդ կրթական հաստատությունների ղեկավարները դռները փակել են, որպեսզի ուսանողները դուրս չգան: Մենք այդ դեպքերում օգնել ենք, որպեսզի դռները բացվեն: Բայց ինձ մոտ միշտ հարց էր ծագում, թե ինչու են դպրոցականներն այդքան ակտիվ հեղափոխական գործընթացներում: Իմ կարծիքով՝ դա բողոք էր Հայաստանում գործող կրթական հարաբերությունների դեմ, և մենք սրանից պետք է անենք հետևություններ: Թերևս դա կապված էր այն բանի հետ, որ երեխաների գիտելիքների համար սահմաններ են քաշվում, պայմաններ են դրվում, և նաև որոշակի հակադրության ռեժիմ գոյություն ունի դպրոցի և աշակերտի միջև: Կարծում եմ, որ այս հնարավորությունը պետք է օգտագործել, որպեսզի հակադրություն չլինի, դպրոցը լինի տեղ, որտեղ երեխաները ձգտում են գնալ, ավելի շատ ժամանակ անցկացնել, ավելի շատ բան ստանալ, որտեղ երեխաները հագեցնում են գիտելիքի իրենց ծարավը և ավելի մեծ ծարավ են զգում: Ես չեմ ասում, որ աշակերտներն իրենք պետք է որոշումներ կայացնեն, բայց նրանք պետք է լսելի լինեն, և նրանց ձայնը պետք է լսելի լինի այն առումով, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ են նրանք ուզում, մանավանդ հիմա, 21-րդ դարում, երբ նրանք երբեմն իրենց գիտելիքներով առաջ են անցնում մեծահասակներից, ուսուցիչներից՝ առնվազն տեխնոլոգիաների բնագավառում, տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների բնագավառում, որովհետև կրթությունն, ի վերջո, ոչ կառավարության համար է, ոչ նախարարի համար է, ոչ տնօրենի համար է: Կրթությունն աշակերտների համար է, և պետք է անընդհատ մեր աչքի առաջ ունենանք աշակերտին, որին պետք է օգնենք, որ ինքն առաջնորդի իր կյանքը դեպի հաջողություններ, դեպի բարեկեցություն, դեպի անվտանգություն և դեպի երջանկություն»: