Նախկինից ավելի համե՞ստ, թե՝ ավելի ճոխ․ «Էրեբունի-Երևան 2801»-ի համար շուրջ 190 միլիոն է նախատեսվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
Բոլորը

«Էրեբունի-Երևան» տոնակատարության կազմակերպման համար այս տարի կծախսվի շուրջ 190 միլիոն դրամ: Միջոցառումները կանցկացվեն բոլոր 12 վարչական շրջաններում՝ ժանրային լայն ընդգրկումով․ Նուբարաշենում ռոք համերգից մինչև Քանաքեռ-Զեյթունի ռետրո և Դավթաշենի ջազային համերգներ։

Այս տարի հատկացված միջոցները, թեև զգալիորեն շատ են, քան նախորդ տարիներին, սակայն նկատելիորեն  քիչ են անցած՝ հոբելյանական տարվա ծախսերից։ Երևանի 2800-ամյակի համար նախատեսված էր շուրջ 1 միլիարդ դրամ, որը քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից էականորեն կրճատվել էր։

«Նախորդ տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսվող բյուջեն եղել է մոտ 800 մլն դրամ, որից ծախսվել է  մոտ 507 միլիոնը։ Պետք է նշեմ, որ այդ 800 միլիոնը քաղաքապետ Հայկ Մարությանի բազմաթիվ բանակցությունների արդյունքում էր, որովհետև ի սկզբանե տոնակատարության համար նախատեսվել էր 1 մլրդ-ից ավել բյուջե»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ այս տարի տոնակատարության բյուջեն ստացվել է բացառապես Երևանի քաղաքապետարանից, այլ ոչ հիմնադրամներից կամ նվիրատվություններից, ինչպես նախկինում էր։

2016-ին տոնակատարության համար նախատեսված բյուջեն 130 միլիոն դրամ էր, որից ծախսվել էր միայն շուրջ 67 միլիոնը։ Գումարի մնացած մասը քաղաքապետարանն ուղղել էր ապրիլյան պատերազմում վիրավորված, հաշմանդամության ձեռք բերած զինվորների ու ազատամարտիկների ընտանիքներին։

2017-ին ՝ Երևանի 2799-ամյակին, հատկացվել էր շուրջ 80 մլն դրամ։

Այս տարվա «Էրեբունի-Երևան»-ի 190 միլիոնանոց բյուջեից մոտ 128 մլն 638 հազարը ծախսվել է բուն միջոցառումների կազմակերպման համար, 45 մլն 840 հազարը ՝ բրենդավորման։ Բրենդավորմամբ զբաղվել է «Փաբլիսիս Հեպտա» գովազդային գործակալությունը։ Տոնական շապիկները, գլխարկները, գրիչներն ու պաստառներն արդեն քաղաքապետարանում են։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա միջոցառումները տարբերվելու են, քանի որ լինելու են ապակենտրոնացված․ «Այդ ապակենտրոնացումը վերաբերում է ինչպես նախորդ տարիների միջոցառումների աշխարհագրությանը, բազմազանությանը, այնպես էլ ժանրերի ու այդ միջոցառումները կազմակերպողների բազմազանությանը։ Որովհետև, եթե թերթեք նախորդ տարվա տենդերները, լինում էր մեկ կենտրոնացած գլխավոր միջոցառում՝ քաղաքի կենտրոնում, մեկ արտիստով և մեկ ժանրի համերգով, իսկ քաղաքի շրջաններում կամ արվարձաններում ավելի համեստ միջոցառումներ՝ ուղղակի նշանը դնելու համար»։

Այս տարի բազմազան են նաև միջոցառումը կազմակերպող ընկերությունները։ Հակոբ Կարապետյանը նկատում է, որ նախորդ տարիների պես տոնակատարությունը կենտրոնացած չէ մեկ ընկերության ձեռքում․ «Տոնական միջոցառումները կազմակերպում է 10 կազմակերպություն՝ ամբողջ քաղաքում, ի տարբերություն նախկին ժամանակների։ Իսկ մրցույթին մասնակցել է շուրջ 20 կազմակերպություն»։

Հետաքրքիր է, որ կազմակերպություններից շատերը, մրցույթին մասնակցելուց հետո հրաժարվել են ծառայությունների մատուցումից, քանի որ, այսպես ասած, չեն կարողացել տեղավորվել քաղաքապետարանի նախատեսած բյուջեի մեջ։

«Մի շարք կազմակերպություններ հրաժարվել են իրենց շահած մրցութային փաթեթներից։ Մենք ունեցել ենք հանդիպում և քննարկում ու ասել, որ զիջումների պատրաստ չենք և պահանջելու ենք, որ տեխբնութագրով ներկայացված և առկա տեխնիկական միջոցները  լինեն համապատասխան, ինչից հետո մի շարք ընկերություններ հրաժարվել են մասնակցել տոնակատարության կազմակերպումից»,- ընդգծում է Տիգրան Վիրաբյանը։

Փոխքաղաքապետը հավելում է, որ քաղաքային իշխանությունը «Էրեբունի-Երևան»-ի համար հատուկ հանձնաժողով է ստեղծել․ «Ստեղծել ենք Երևանի ավագանու երեք խմբակցություններից կազմված հանձնաժողով, որն ուսումնասիրություն է անցկացնում  բոլոր բեմահարթակներում և համեմատում տեխնիկական բնութագրերը՝ արդյոք հայտարարված ու առկա տեխպայմանները համահո՞ւնչ են։ Այս պարագայում, երբ գործընթացը խոշորացույցի տակ է, ոչ մի խախտում լինել չի կարող»։

Երևանի ավագանու «Լույս» խմբացկության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ այս տարվա բյուջեն նախորդ տարվա հետ համեմատելը տրամաբանական չէ․ «Նախորդ տարի բյուջեն նախատեսված էր 2800-ամյակին համապատասխան ծավալի։ Այս տարվա բյուջեն, եթե համեմատենք նախորդ՝ 2016, 2017 թվականների հետ, փոքր-ինչ ավելի շատ է, բայց ծավալներն ավելի տարբերվող են։  Հասկանալի և տեսանելի է, թե բյուջեն ինչի վրա է ծախվել։ Ընդ որում, ասեմ, որ ես հետևել եմ նաև մրցույթների գործընթացին, թե ինչ կազմակերպություններ են մասնակցել և կարող եմ ասել, որ մրցակցությունը շատ մեծ էր՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր վարչական շրջանի համար մրցույթը հայտարարվել է առանձին մասով, այլ ոչ թե ամբողջ քաղաքի միջոցառումների կազմակերպումը որպես մեկ միասնական մրցույթ։ Իսկապես մրցակցային է եղել և հնարավոր նվազագույն արժեքներով հնարավոր է եղել կազմակերպել»։

Դավիթ Խաժակյանն ընդգծում է․ գնահատականներ կտա  տոնակատարությունից հետո միայն. «Թիվը, որը հատկացված է, քիչ չէ, բայց մարդկանց մասնակցությունից կհասկանանք՝ արդյունավե՞տ էր դա, թե՝ ոչ։ Իմ մտահոգությունը մեր քաղաքացիների մասնակցությունն է տոնակատարություններին, և, եթե պարզվի, որ ինչ-որ վարչական շրջանում փոքրաթիվ մարդիկ էին մասնակցել այդ միջոցառմանը, այդ համերգին, կհասկանանք, որ մոտեցումը պետք է փոխվի և ծավալները՝ փոքրացվեն»։

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ գտնում է, որ այս տարի արված փոփոխություններն այնքան էլ աննախադեպ չեն․ «Քաղաքապետարանը նշում է, որ  առաջին անգամ, աննախադեպ, բոլոր վարչական շրջաններում լինելու են տոնակատարություններ, սակայն կուզեմ ասել, որ դա առաջին անգամ չէ․ նախկին իշխանության օրոք էլ  բոլոր վարչական շրջաններում տոնակատարություններ են եղել»։

Միքայել Մանրիկյանն ասում է․ տոնակատարությունից հետո ավագանու մի քանի անդամներով շրջելու են վարչական շրջաններով՝ հնարավոր խախտումները բացահայտելու համար․ «Եթե մենք տեսնենք գերծախսի գեթ մեկ մանսիկ, բարձրաձայնելու ենք և պահանջելու ենք տվյալ կազմակերպչին պատասխանատվության ենթարկել»։

«Էրեբունի-Երևան 2801»-ն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 19-ին։ Միջոցառումների ժամանակացույցն ու օրակարգը հրապարակված են քաղաքապետարանի կայքում։ Դրան զուգահեռ՝ երևանցիներին կբաժանվեն նաև հատուկ թռուցիկներ՝ իրազեկվածությունն առավելագույնի հասցնելու նպատակով։

Մանարամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան