««Սասնա ծռերը» կլինեն, թե՝ ովքեր, պետք է օրենքի առջև պատասխան տան ամբողջ ծավալով»․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
16.10.2019 | 20:19Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը
-Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, սպանվել է մեկ ոստիկան, մյուսին ծեծել են։ Այս դեպքը միջադե՞պ է, թե՞ իշխանությունները պետք է լուրջ հետևություն անեն տեղի ունեցածից։
-Ցանկացած դժբախտ դեպք, հանցագործություն, պատահար պետք է մանրամասն ուսումնասիրվի։ Դա դառնում է որոշակի վիճակագրության մաս, բոլոր հետագա գործողությունների հիմքում դրվում է հիմնականում վիճակագրությունը։ Իհարկե, ցանկացած նման դեպքից պետք է հետևություններ անել, և ձեռնարկել բոլոր հնարավոր և տեսանելի միջոցները, որպեսզի այդպիսի դեպքերը չկրկնվեն։ Ոստիկանությունը շատ օպերատիվ և շատ պրոֆեսիոնալ կերպով ժամեր անց հայտնաբերեց այդ հանցագործներին, այնուամենայնիվ, հանցագործությունը տեղի էր ունեցել, ինչը արժեցավ մեր Ոստիկանության ծառայողի կյանք։ Եվ այստեղ խոսքեր չես գտնում արտահայտվելու, ընդամենը կարողանում ես ցավակցել։
-Եղբայրներից մեկը՝ կարծեմ 16 տարեկան, կարողացել է ոստիկանի ձեռքից խլել զենքը և կրակել։ Ի՞նչ կասեք ոստիկանների պատրաստվածության մասին ենթադրյալ օրինախախտներին վնասազերծելու ժամանակ։
-Եթե պատմենք հայտնի փաստերի մասին, ապա հետևյալն է եղել՝ այդ երիտասարդները կասկածելի վարք են դրսևորել գիշերվա ժամը 4-ին, գրավել են պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանների ուշադրությունը, որոնք պրոֆիլակտիկ ծառայություն են իրականացրել ծառայողական մեքենայով, մոտեցել են նրանց, նրանք փախուստի են դիմել, ինչն ավելացրել է կասկածները, որ ինչ-որ հանցավոր կամ հակաիրավական գործողություններ են իրականացնում նրանք, այնուհետև շատ պրոֆեսիոնալ կերպով ոստիկաններին հաջողվել է հետապնդել նրանց, բերման ենթարկելու միջոցներ ձեռնարկել, որպեսզի նստեցնեն մեքենան, այդ ընթացքում 16 տարեկան չեմ էլ ուզում ասել երիտասարդը, այդ հանցագործը, անչափահասը խլել է ատրճանակը և կրակել է ոստիկանի վրա։ Այդ ընթացքում հնարավոր է խառնաշփոթ իրավիճակ ստեղծվի, ոստիկանը չի պատկերացնում, որ հանցագործը կարող է հանդգնել նման արարքի։ Եթե վեր ենք լուծում ոստիկանների գործողությունները, բավականին պրոֆեսիոնալ են եղել, հնարավոր է եղել նրանց բռնել և բերման ենթարկել, ուղղակի այդ հանդգնությունն ունեցել է քաղաքացին, կարողացել է կրակել ոստիկանի վրա։ Բոլոր երկրներում էլ որքան էլ Ոստիկանությունը պրոֆեսիոնալ լինի, որքան էլ մեծ ռեսուրսներ ծախսվեն ոստիկանին պրոֆեսիոնալ դարձնելու համար, նման դեպքեր լինում են, միշտ դեպքեր լինում են, երբ Ոստիկանության աշխատողը վիրավորվում է և զոհվում է։ Դա չի մեղմում այն կարծիքը, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որ նման դեպքեր չլինեն։ Ավելի վատ բան կարող եմ ասել՝ ոստիկանը կարող էր ուշադրություն չդարձնել այդ գիշերվա ժամին ինչ-որ մեկին հետապնդելու, միջոցներ ձեռնարկելու, կարող էին ուշադրությունից վրիպել այդ երիտասարդները, բայց փորձը ցույց է տալիս, որ ձեռնարկել են բոլոր միջոցառումները, որը ողբերգական ավարտ ունեցավ։
-Ոստիկանապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը նշանակում է ձեռք բարձրացնել պետության վրա։ Այս հայտարարությանը սոցցանցերում արձագանքել են՝ հիշեցնելով Փաշինյանի հանդիպումը «Սասնա ծռերի» հետ որոնց ՊՊԾ գնդի վրա իրականացման հարձակման արդյունքում սպանվեց 3 ոստիկան։ Ինչպե՞ս են սրանք համադրվում իրար հետ։
-«Սասնա ծռերի» գործողությունները, իհարկե, ամեն անձի մասով առանձին քրեաիրավական գնահատական է ստանում, և ստանալու, իհարկե ոստիկաններ են զոհվել, այդտեղ կատարվել է հանցագործություն, և հանցագործները «Սասնա ծռերը» կլինեն, թե ովքեր կլինեն, պետք է օրենքի առջև պատասխան տան ամբողջ ծավալով։ Ես չեմ կապում վարչապետի հանդիպումը նրանց հետ դատաիրավական պրոցեսների հետ, նրանք պետք է պատասխան տան, քանի որ թույլ է տրվել քրեորեն հետապնդելի արարք։ Հետևաբար որևէ բան նրանց չի կարող ազատել քրեական պատասխանատվությունից, անկախ նրանից՝ նրանք քաղաքական ուժ կկազմեն, հասարակական գործունեությամբ կզբաղվեն, թե հետագայում ինչ անձնվեր, հայրենասիրական գործունեությամբ կզբաղվեն, նշանակություն չունի։ Փաստը եղել է, հանցագործության փաստը կա և պետք է օրենքով սահմանված կարգով իրենց պատասխանատվությունը կրեն։
-Ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն Ոստիկանության մասին օրինագծում, որպեսզի ոստիկաններն ավելի պաշտպանված լինեն ծառայողական պարտականությունները կատարելիս։
-Ինչ դարձել եմ պատգամավոր, բազմիցս նշել եմ, որ Ոստիկանությունն այսօր այն գործիքակազմը չունի, որ կարողանա համարժեք պայքար մղել հանցագործության դեմ։ Այսօր հանցագործության մակարդակը և Ոստիկանությունը համարժեք չեն, հանցագործներն այսօր ունեն թե՛ իրավական պաշտպանության մեխանիզմներ, թե՛ ֆինանսական ռեսուրսներ, թե՛ տեխնիկական միջոցներ, սակայն Ոստիկանությունը վերջին տասը տարում լիազորությունների մասով նահանջ է ապրել։ Ոստիկանությունից խլել են լիազորությունները, և նա պատրաստ չէ պայքարել առկա հանցագործության դեմ։
Մհեր Արշակյան
Մանրամասները՝ տեսանյութում: