Քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության խնդիրը յուրահատուկ է բոլոր երկրներին՝ անկախ կարգավիճակից ու ժողովրդավարական զարգացման աստիճանից․ Անուշ Ղավալյան

Լուրեր

17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

Քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության խնդիրը յուրահատուկ է բոլոր երկրներին՝ անկախ կարգավիճակից ու ժողովրդավարական զարգացման աստիճանից։ Չնայած այն ընդունված մոտեցմանը, որ կառավարությունն ու խորհրդարանը պետք է ներկայացնեն հասարակության լիարժեք պատկերը, ղեկավար պաշտոններում կանայք շարունակում են ոչ բավարար ներկայացվածություն ունենալ ամբողջ աշխարհում:
Փորձագետների մի խումբ համոզված է, որ քաղաքականության մեջ և կառավարման ոլորտում տղամարդկանց հետ հավասար ներգրավվելու խնդիրը հիմնականում կախված է հենց կանանցից։

Իհարկե, նախաձեռնողականությունն ու պահանջարկը շատ կարևոր գործոններ են, բայց, արդյո՞ք միայն դա բավարար է «տղամարդկանց աշխարհ» մուտք գործելու համար։ Փորձը ցույց է տալիս, որ այնքան էլ՝ ոչ։ Հակառակ դեպքում խնդիրը կարևորություն չէր ներկայացնի ազգային ու միջազգային մասշտաբներով մեխանիզմներ որոնելու և լուծումներ գտնելու համար։
Այսպես, ՄԱԿ-ի կողմից 2015 թ. ընդունված «Կայուն զարգացման օրակարգ–2030» բանաձևով սահմանված 17 նպատակներից 5-րդը վերաբերում է քաղաքական, տնտեսական և հանրային կյանքում որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությանը ու ղեկավար պաշտոնների համար հավասար հնարավորությունների ապահովմանը։ Եվրոպական կառույցները տարբեր մեխանիզմներով նույնպես աջակցում են կանանց քաղաքական իրավունքների պաշտպանությանը, խտրականության դեմ պայքարին և որոշում կայացնող մարմիններում կանանց ու տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածության ապահովմանը։ Օրինակ՝ Եվրոպական հանձնաժողովի «2016-2019 թթ. ռազմավարական ներգրավվում գենդերային հավասարության համար» ծրագրով անդամ-պետություններին խորհուրդ է տրվում միջոցներ ձեռնարկել բարելավելու քաղաքական և հանրային պաշտոններում կանանց և տղամարդկանց հավասարակշռությունը, ԵՄ «2016-2020թթ. գենդերային գործողությունների ծրագրով»՝ հատուկ ուշադրություն դարձնել քաղաքականության մեջ, կառավարմանը և ընտրություններին կանանց մասնակցության հարցին։ Կանանց քաղաքական ներկայացվածության բարձրացման ուղղությամբ օրենսդրական կարգավորման տարբերակներ են առաջարկվում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ մի շարք բանաձևերով և հանձնարարականներով։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս ասել, որ այն երկրներում, որտեղ օրենսդրությամբ միջոցներ են կիրառվում կանանց ներգրավվածության ընդլայնման համար, գրանցվում է առաջընթաց: Այսպես, համաշխարհային մասշտաբով 2018 թվականին օրենսդիր մարմիններում կանանց ներկայացվածությունը աճել է մինչև 24.1%, այն դեպքում, երբ երկու տասնամյակ առաջ այն կազմում էր ընդամենը 13%:
Կանանց ներգրավվածությունը չափելու համար ՄԱԿ-ի կողմից երկու ցուցանիշ է օգտագործվում. ա. ազգային խորհրդարաններում և կառավարության կազմում և բ. կառավարչական պաշտոններում նրանց ներկայացվածության համամասանությունը։ Այս ցուցիչների դիտանկյունով էլ փորձենք հասկանալ քաղաքականության մեջ կին-տղամարդ հարաբերակցության իրավիճակն Արցախի Հանրապետությունում։

Թվերն այսպիսին են. 6-րդ գումարման խորհրդարանի 33 պատգամավորներից միայն 5-ն է կին, ինչը կազմում է ընդհանուրի 15%-ը: Գործող կառավարության 13 անդամներից 1-ն է կին (7%), 25 փոխնախարարներից՝ 6-ը (24%): Պետական կառավարման այլ մարմինների, շրջանի վարչակազմի ղեկավարների մակարդակով կանայք ներկայացված չեն: 12 նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներից միայն 3-ն է կին (25%) այն դեպքում, երբ նույն նախարարությունների աշխատակազմերում կանանց ներկայացվածությունը բավականին բարձր է՝ միջինը կազմում է մոտավորապես 60%, Հանրապետության նախագահի աշխատակազմում՝ 51%, Ազգային ժողովի աշխատակազմում՝ 76%:
Այս պատկերից ակնհայտ է, որ պետական կառավարման համակարգում կանանց վստահվում է հիմնականում միջին և ցածր օղակների աշխատանքը: Միանշանակ է, որ սա պայմանավորված չէ կանանց կրթական մակարդակով, քանզի Արցախի Հանրապետության ազգային-վիճակագրական ծառայության 2015 թ. տվյալներով բարձրագույն և հետբուհական կրթության չափանիշներով կրթված կանանց ցուցանիշը ավելի բարձր է, քան տղամարդկանցը (կին՝ 16 հազար, տղամարդ՝ 12.6 հազար):

Հասարակության մեջ կանանց դերի վերաբերյալ ընկալումները, ըստ որոնց կինը չի կարող լինել ղեկավար և կարող է զբաղվել միայն տնային տնտեսությամբ, զուտ կարծատիպեր են և ընդհանրապես կապված չեն մասնագիտական ունակությունների հետ։ Պակաս կարևոր չէ այն իրողությունը, որ կանայք միատարր խումբ չեն. երիտասարդ կամ տարիքով, կրթված կամ առանց կրթության, ակտիվ կամ պասիվ քաղաքացիական կեցվածք ունեցող, քաղաքում կամ գյուղում ապրող՝ նրանք բոլորն ունեն ամենատարբեր կարողություններ և կենսափորձ: Հետևաբար, ղեկավար պաշտոններում կանանց նշանակվելը կամ ընտրվելը ենթադրում է ոչ միայն ներքևից վերև պահանջարկի ու նախաձեռնության առկայություն, այլև պետության կողմից խթանման մեխանիզմների կիրառում:

Այս ուղղությամբ որոշակի դրական տեղաշարժ կարելի է համարել նոր Ընտրական օրենսգրքով խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակներում նախկին 15%-ի փոխարեն նվազագույն 25% գենդերային քվոտայի սահմանումը: Համեմատության համար նշենք, որ միջազգայնորեն ընդունելի չափանիշ է համարվում 40/60, իսկ ցանկալի՝ 50/50 տոկոսային հարաբերակցությունը:

Մյուս կողմից, գրեթե անհերքելի է, որ կանանց ներկայացվածությունը դեռևս երաշխիք չէ, որ օրենսդիրում, գործադիրում և առհասարակ կառավարման մարմիններում պատշաճորեն բարձրացվում ու առաջ են մղվում կանանց հարցերի վերաբերյալ օրակարգերն ու պահանջները: Սակայն ասվածը ակնառու է հատկապես սահմանափակ ազատություն ունեցող քաղաքական միջավայրում: Օրինակ՝ խորհրդարանում կանանց ամենաբարձր տոկոսային ներկայացվածություն ունեցող երկրում՝ Ռուանդայում (61.3%), քաղաքական ազատության հարցում ունեն խիստ սահմանափակումներ: Այսինքն, խնդրի էությունը թվերից այն կողմ է, և կարևորն այն է, թե որքանո՞վ են քաղաքական ներկայացուցիչները՝ լինի կին կամ տղամարդ, բարձրաձայնում կանանց շահերի մասին։

Հասարակությունն անընդհատ փոփոխվում, զարգանում է։ Յուրաքանչյուր նոր սերնդի հետ առաջ են գալիս նոր պահանջներ ու առաջնահերթություններ։ Այս առումով 1991 թվականի անկախության հռչակումից հետո Արցախում շատ բան է փոխվել։ Առավել պատկերավոր ներկայացնելու համար բավական է նշել, որ 2020 թվականի համապետական ընտրություններում Նախագահ և խորհրդարան է ընտրելու նաև 21-րդ դարում ծնված սերունդը, իսկ նախկին սահմանափակ միջոցների փոխարեն կանայք այսօր շատ ավելի լայն հնարավորություններ ունեն կրթություն ստանալու, մասնագիտական ոլորտում դրսևորվելու, քաղաքականության մշակմանն ու իրագործմանը մասնակից դառնալու համար։ Հասարակական նման զարգացումները պետք է արտացոլվեն նաև քաղաքականության մեջ, ինչը, իր հերթին, ենթադրում է որոշակի մոտեցումների վերանայում և խթանման մեխանիզմների կիրառում։
Իհարկե, կանանց ներկայացվածությունը միակ գործոնը չէ, բայց այն առանցքային նշանակություն ունի ներառական, պատասխանատու և թափանցիկ ժողովրդավարական համակարգի կայացման գործում: Իսկ նման համակարգ զարգացնելու դրույթներն են ընկած Արցախի Հանրապետության Սահմանադրության հիմքում:

Քաղաքականության մեջ և հանրային կյանքում կանանց ներգրավվածության ընդլայնումը դրականորեն կազդի նաև Արցախի միջազգային հեղինակության վրա։ Այն ևս մեկ փաստարկ է միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու օգտին. երկիր, որի համար կարևոր են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և համընդհանուր զարգացման տեսլականը։