Ներքաղաքական պայքարը չպետք է անցնի այն սահմանը, երբ վերածվում է Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակման հրավերի. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.09.2019 | 17:00Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ
– Պարո՛ն Զուրաբյան, այսօր Արցախի անկախության օրն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ չի մեկնել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Ինչպե՞ս կգնահատեք այդ փաստը։
-Նախ՝ շնորհավորում եմ Արցախի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին, մեզ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության կապակցությամբ։ Դա շատ կարևոր մի ընտրություն էր, և ես, օգտվելով այս առիթից, կուզեի մի խնդիր պարզաբանել, որը տարակուսանք է հարուցում ժողովրդի մի մասին մոտ։ Շատ հաճախ հարցադրում է հնչում՝ ոնց է՝ սկզբից ասում էիք միացում, հետո անցաք անկախության կոնցեպտին, ի՞նչ իմաստ ուներ։ Այս ամենը շատ պարզ բացատրություն ունի: Երբ խնդիրը դրված էր սովետական միության շրջանակում, միակ տարբերակն այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ Արդբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմն անցնելն էր։ Խորհրդային միության Սահմանադրությունն այդ հնարավորությունը տալիս էր, բայց երբ այն փլուզվեց, մեղադրանքներից խուսափելու համար, թե ՀՀ-ն ինչ-որ տարածք է յուրացրել, ճիշտ որոշում ընդունվեց, և հարցը տեղափոխվեց այն ոլորտ, որն ավելի հասկանալի էր աշխարհի համար, այն է՝ Արցախը պայքարում էր իր անկախության համար։
– Դառնալով վարչապետի՝ Արցախ չայցելելուն, ի՞նչ կասեք։
– Ես դրա տակ չարագուշակ բաներ չեմ փնտրի, վարչապետը շատ զբաղված է և բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած: Ես նույնիսկ կասեի, որ պետք է մի քիչ սահմանափակել այդ այցերը և զբաղվել կոնկրետ խնդիրների լուծմամբ։ Ես խնդիր չեմ տեսնում, այնպես չէ, որ ամեն տարի պետք է այցելել Արցախ։
– Արցախի հերոս, Անվտանգության խորհրդին նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն օրերս աղմկահարույց հայտարարություններ է արել՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը և նրա բոլոր արարքները քրեորեն հետապնդելի են։ Ի՞նչ գնահատական կտաք նրա այս պնդումներին։
– Ես շատ հարգանքով եմ վերաբերում Վիտալի Բալասանյանի ռազմական նվաճումներին՝ և՛ որպես կռվող մարդ, և՛ որպես սպա, բայց իր մեջ քաղաքական գործիչ չեմ տեսնում, անգամ անիմաստ է դա քննարկել։ Չգիտես ինչու, բայց նրանք, ովքեր կայացել են որպես զորավար, որոշել են քաղաքական դատողություններ անել, բայց դա նսեմացնում է իրենց վաստակը, հարգանքն ու նվաճումները։
– Պարոն Բալասանյանը նաև ասում է, որ Արցախի ներքին հարցերին միջամտություն կա և այլն։
– Չեմ հասկանում՝ ինչու են անհանգստանում, որ այդ ընտրությունները պետք է նորմալ լուսաբանվեն։ Ես այստեղ ընդհանրապես խնդիր չեմ տեսնում, ընտրություններին պետք է գնալ առանց հետադարձ հայացք գցելու, թե Հայաստանում ինչ է կատարվում, ՀՀ-ն եղել և շարունակում է մնալ Արցախի անկախության երաշխավորը։
– Հայաստանի և Արցախի միջև առկա խնդիրների մասին պաշտոնապես խոսել է նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը…
– Իրականում տարաձայնությունները ոչ թե Արցախի և Հայաստանի միջև են, այլ կապված են Արցախում ներքին քաղաքական պայքարի հետ, և դա բնական է, որովհետև առաջիկայում ընտրություններ են, կա լուրջ պայքար, իշխանությունը վերցնելու համար տարբեր հավակնորդներ կան։ Այլ բան է, որ դա փորձում են տեղափոխել նաև Հայաստանի վրա, մեղադրել Հայաստանի իշխանություններին և այլն: Ներքաղաքական պայքարը չպետք է անցնի այն սահմանը, երբ վերածվում է Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակման հրավերի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Շողիկ Գալստյան