«Լոս Անջելես Փաշինյանի այցը չափազանց կարևոր մեսիջ է, որ կա մի առաջնորդ, որի ասածն իրենց ընտրողներն ընդունում են». Սուրեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.08.2019 | 20:45Factor.am-ի հարցազրույցը Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ
– Պարո՛ն Սարգսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ ամիս ԱՄՆ է մեկնելու: Այս այցի ընթացքում պաշտոնապես երկկողմ հանդիպումներ նախատեսված չեն: Այսօր Դուք ֆեյսբուքյան գրառում էիք կատարել՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միայն արարողակարգային ձեռքսեղմում և լուսանկար է լինելու, և որ այս շփումը շատ բարդ է լինելու: Ինչո՞ւ բարդ և, ի վերջո, ինչո՞ւ Փաշինյան-Թրամփ պաշտոնական հանդիպում այդպես էլ տեղի չի ունենում:
– Այդ մասին մի քանի օր առաջ նաև ԱԳ նախարարն էր խոսել՝ ասելով, որ նման հանդիպում, իհարկե, կա մեր օրակարգում, հանդիպման նախապատրաստական աշխատանքներ պարբերաբար կատարվում են: Իհարկե՝ չափազանց բարդ է Թրամփի հետ հանդիպում ունենալ, որովհետև աշխարհում կան շուրջ 190 պետություններ, և բոլորի առաջնորդները՝ մեկ-երկու բացառությամբ, ցանկություն ունեն հանդիպել նրա հետ, քննարկել երկկողմ հարաբերությունները կամ միջազգային գործընթացների հետ կապված մի շարք հարցեր: Եվ ակնհայտ է, որ դա շատ բարդ է: Ինչո՞ւ է բարդ նման հանդիպում կազմակերպել Նյու Յորքում, որովհետև, նախ և առաջ, երկու պետությունների ղեկավարների գրաֆիկները չափազանց խիտ են լինում: Երկրորդ՝ սա առիթ է միջազգային կարևորագույն խաղացողների համար՝ գալ Նյու Յորք և հանդիպում ունենալ նաև Թրամփի հետ: Իսկ Հայաստանն ԱՄՆ-ի համար առաջնահերթությունների նույնիսկ հարյուրյակում չէ, և այս պարագայում Դոլանդ Թրամփը հանդիպման առաջնահերթությունը տալու է այն պետությունների ղեկավարներին, որոնք ԱՄՆ-ի համար ունեն ավելի կարևոր առաջնահերթություն: Այնպես որ՝ բարդ է կազմակերպել նման հանդիպում, ընդհանրապես՝ բարձր մակարդակի հանդիպումներ, գոնե այս վարչակազմի հետ, որովհետև այն շատ պրագմատիկ է և ամեն ինչից վեր դասում է ԱՄՆ-ի շահերը:
– Իսկ վարչապետի այս այցից ընդհանրապես ի՞նչ արդյունքներ կարող ենք ակնկալել. ներդրումներ, Հայաստանի հզորացման գործում Սփյուռքի ներուժի առավել ներգրավվածություն, որի մասին վարչապետը վերջերս բավական հաճախ է խոսում… Նիկոլ Փաշինյանն այս անգամ հանդիպելու է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
– Սա իրականում կարևոր հանդիպում է, որովհետև նման ձևաչափով հանդիպում ընդհանրապես չի եղել, երբ պետության ղեկավարը մեծ մարզադաշտում կամ այգում հանրահավաքի նման հանդիպում ունենա համայնքի ներկայացուցիչների հետ: Նույնիսկ 1990-ականների սկզբներին, երբ ամբողջ հայ ժողովուրդը ոգևորված էր Հայաստանի անկախության ձեռքբերմամբ, նախագահ Տեր-Պետրոսյանի այցերի ժամանակ նման ձևաչափով հանդիպումներ չեն եղել: Այդ իմաստով սա բացառիկ հանդիպում է: Վարչապետը, վստահ եմ, խոսելու է Հայաստանի ձեռքբերումների մասին, նաև կոչ է անելու հայ համայնքի ներկայացուցիչներին՝ կա՛մ վերադառնալ և մշտական բնակություն հաստատել Հայաստանում, կա՛մ ներդրումներ անել երկրի տնտեսության մեջ: Սա, կարծում եմ, կարող է օգտակար լինել, որովհետև ուղիղ շփումների արդյունքում ավելի հեշտ կլինի համոզել, որպեսզի օտարերկրյա կապիտալով, բայց, ըստ էության, հայկական ներդրումներ լինեն Հայաստանի տնտեսության մեջ: Ես ամիսներ առաջ գրել էի, որ անհրաժեշտ է, որպեսզի վարչապետն այցելի Լոս Անջելես: Դա նաև Միացյալ Նահանգների ներքաղաքական տեսանկյունից չափազանց կարևոր մեսիջ է: Թող շատերը տեսնեն, որ իրենց երկրի տարածքում, իրենց ընտրողների համար կա մի առաջնորդ, մի հեղինակություն, որի ասածը նրանք ընդունում են: Սա նաև ԱՄՆ-ի ընտրական գործընթացներում կարող է լուրջ ազդակ լինել՝ հայ համայնքի հետ աշխատելու տեսանկյունից, բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են դառնալ ԱՄՆ-ում ընտրովի պաշտոնների հավակնորդներ:
– Պարո՛ն Սարգսյան, ըստ որոշ տեղեկությունների՝ օրերս Զոհրաբ Մնացականյանն ու Դավիթ Տոնոյանը փակ հանդիպում են ունեցել մի շարք դեսպանների մասնակցությամբ: Քննարկման առանցքային թեմաների մեկը եղել է Սիրիա ուղարկված հայկական հումանիտար զորախումբը: Ըստ լուրերի՝ վերջերս ԱՄՆ-ն տարբեր խողովակներով հերթական անգամ իր դժգոհությունն է հայտնել այդ կապակցությամբ: Ի՞նչ լուծում եք տեսնում՝ հայ-ամերիկյան հարաբերություններում այս խնդիրը վերացնելու հարցում: Դուրսբերման տարբերակը, կարծես, քննարկել չենք կարող, դա էլ կվնասի հայ-ռուսական հարաբերություններին:
– ԱՄՆ-ի համար չափազանց զգայուն թեմա էր, երբ Հայաստանը որոշում կայացրեց, որ մասնակցելու է Սիրիայում խաղաղարար առաքելությանը՝ ՊՆ-ի կողմից ուղարկելով մասնագետների: Սա, իհարկե, Միացյալ Նահանգներում բացասաբար ընդունվեց: Նաև վերջերս ԱՄՆ-ի որոշ շրջանակներից պարբերաբար հնչում են գնահատականներ, որ Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնության կրճատումը պայմանավորված է եղել մեր այդ քաղաքական որոշմամբ: Սա, իհարկե, ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, բայց սա առանձին թեմա է: Ինչ վերաբերում է հանդիպմանը, ԱԳՆ-ն հերքել էր կոնկրետ այս հանդիպման մասին տեղեկությունը: Բայց ես վստահ եմ, որ մշտապես քննարկում լինում է, որովհետև իսկապես Սիրիայում մեր ներգրավվածությունը որոշակի խոչընդոտներ է առաջացնում հայ-ամերիկյան հարաբերություններում, ինչը ՀՀ իշխանություններին չի կարող չանհանգստացնել, դրա համար փորձում են այլընտրանքներ գտնել: Իմ կարծիքով՝ կա այլընտրանք, և դա հայկական խաղաղապահ առաքելությունների մեծացումն է: Որպեսզի որոշակիորեն բալանսավորի, Հայաստանը կարող է նաև ԱՄՆ-ին առաջարկել օգնություն, ենթադրենք, Աֆղանստանում, Իրաքում խաղաղարար առաքելություններում: Կարծում եմ՝ սա ինչ-որ չափով կմեղմի այն լարված իրավիճակը, որը Վաշինգտոնում կա: Չնայած մեր իշխանությունները պարբերաբար պնդում են, որ բոլոր խնդիրները կարգավորված են, Վաշինգտոնի հետ խոսել են, խնդիրները կարգավորվել են, բայց այդ ամենն այդպես հեշտ չի լինում: Սա հետևողական աշխատանք է, Հայաստանը հիմա հնարավորություն չունի՝ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ այլ տեսակի, դուրս բերելու այդ զորախումբը Սիրիայի տարածքից, որովհետև դա արդեն ռուսական կողմի համար կլինի անընդունելի և անընկալելի քայլ: Հայաստանը մոտ ապագայում պետք է արդեն երրորդ հերթափոխն ուղարկի Սիրիա, սա նույնպես Վաշինգտոնում դժգոհության ալիք է առաջացնելու: Կարծում եմ՝ մեղմելու միակ մեխանիզմն այլընտրանքային տարբերակներ առաջարկելն է խաղաղապահ առաքելություններում՝ արդեն ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում, որոնք, մեծ հաշվով, ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդության տակ են:
– Հայաստանում ԱԳՆ-ի կենտրոնական ապարատի և մեր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք է ընթանում: Փորձագիտական շրջանակներից կարծիքներ են հնչում, որ այս հավաքն առնվազն մեկ տարով ուշացած է, պետք է տեղի ունենար հեղափոխությունից անմիջապես հետո՝ նոր իրավիճակում արտաքին քաղաքականության որոշակի առաջնահերթ ուղիներ նախանշել, որպեսզի մեր դիվանագետները կարողանային առաջ շարժվել: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ, ուշացա՞ծ է այս հավաքը:
– Գիտեք՝ պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպվում են վերջին տասնամյակում: Իհարկե՝ եղել են տարիներ, որ չեն կազմակերպվել: Ինչ վերաբերում է ուշացած լինելուն, ես չեմ կարծում՝ ուշացած է: Այո՛, իշխանափոխությունից անցել է մոտ 1.5 տարի, իսկ դեսպանների նախկին հավաքից, եթե չեմ սխալվում, անցել է 2.5 տարի: Բայց լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել ԱԳՆ-ում՝ թե՛ կադրային առումով, թե՛ տարբեր մարդիկ հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին, թե՛ կառուցվածքային փոփոխությունների առումով: Կարծում եմ, որ սպասում էին՝ փոփոխությունների ամբողջ փաթեթը տեղի ունենար՝ դեսպանների փոփոխությունները, ռոտացիաները, ներքին կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխությունները… Այսինքն՝ սպասում էին, որ այդ ամենը տեղի ունենար, նոր դեսպանների հավաք լիներ, ներկայացնեին այն տեսլականը, որը Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, որտեղ տեղի են ունեցել ներքաղաքական լրջագույն գործընթացներ, արդեն պետք է իր դեսպանների միջոցով աշխարհին ներկայացնի մեսիջները:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Թամարա Հակոբյան