ԵՏՄ-ի օգուտների մասին Վարդան Արամյանի հոդվածի 3 սխալները. ‹‹Իրազեկ քաղաքացիների միավորում››

Լուրեր

24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
Բոլորը

Ինչպես հայտնի է, վերջերս ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությունը լքելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ, ինչի հետևանքով ՀՀ հասարակական և քաղաքական շրջանակներում ակտիվացել են ԵԱՏՄ-ից ստացվող տնտեսական օգուտների վերաբերյալ բանավեճերը: Ըստ որոշ շրջանակների պնդումների՝ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար այլընտրանք չունի, իսկ ահա մյուսները պնդում են, որ ԵԱՏՄ-ն արհեստական միություն է, որը միայն խոչընդոտում է Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Ի պատասխան այս մասին ‹‹Իրազեկ քաղաքացիների միավորում›› ՀԿ-ի հարցմանը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունը գրությամբ տեղեկացրել է, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից ստացվելիք լրացուցիչ տնտեսական օգուտների գնահատման վերաբերյալ, նախարարության մոտեցումները արտացոլված են ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հեղինակած ‹‹Հայաստանի տարածաշրջանային ինտեգրման՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության տնտեսական գնահատականները›› վերտառությամբ հոդվածում:

Ըստ այս հոդվածի՝ ԵԱՏՄ անդամակցությունից Հայաստանի ստացած օգուտների և վնասների միասնական զուտ արդյունքը համարժեք է ՀՆԱ-ի լրացուցիչ 2.35% աճի: Հեղինակը ԵԱՏՄ անդամակցությունից ստացվելիք համախառն դրական էֆեկտը պայմանավորում է չորս հիմնական բաղադրիչներով՝ ոչ սակագնային սահմանափակումների վերացումից օգուտ (+0.35% տնտեսական աճ), ՌԴ-ում գազի արտահանման մաքսատուրքերի վերացումից օգուտ (+1.3% աճ), բարձր մաքսատուրքերից պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր (+0.8% աճ) և մաքսատուրքերի բարձրացումից բարեկեցության անկում (-0.1% աճ): Այսուամենայնիվ, պետք է նշել, որ այս վերլուծությունը չի հանդիսանում ԵԱՏՄ-ից ստացվելիք տնտեսական էֆեկտի համապարփակ գնահատական: Ստորև ներկայացված են մեր այս եզրահանգումը հիմնավորող մի քանի փաստարկներ:

Ոչ սակագնային կարգավորումների վերացումը

Ինչպես նշվեց, ըստ այս աշխատության՝ ԵԱՏՄ անդամակցությունից ստացվելիք լրացուցիչ 2.35% համախառն տնտեսական աճի մի մասը՝ 0.35%-ը, ապահովվելու է ԵԱՏՄ երկրների միջև ոչ սակագնային սահմանափակումների վերացման արդյունքում: Այս գնահատականը հիմնավորվում է Ռիչարդ Բալդվինի և Չեչինիի կատարած հետազոտությամբ, ըստ որի՝ ‹‹ԵՄ երկրներում ոչ սակագնային սահմանափակումների ազդեցությունը տնտեսվարողների ծախսերի վրա գնահատվում է 10% նվազում››: Ուստի հեղինակը պնդում է, որ հայ արտահանողները առնվազն այդքան օգուտ կստանան դեպի ԵԱՏՄ ապրանքներ արտահանելիս, ինչն էլ կհանգեցնի ՀՆԱ-ի լրացուցիչ 0.34% աճի:

Այսուամենայնիվ, ըստ հեղինակավոր Chatam House կենտրոնի գնահատականների՝ ոչ սակագնային կարգավորումների վերացումը երբեք ԵԱՏՄ առաջնահերթություն չի հանդիսացել, ինչի արդյունքում տեխնիկական կանոնակարգերի միասնականացման, ֆիտոսանիտարական չափանիշների մոտարկման, ինչպես նաև պետական գնումների և այլ գործիքների միջոցով պետական հովանավորչության բացառման գործընթացը ընթանում է բավականին դանդաղ:

Ըստ տարբեր հաշվարկների՝ այժմ ԵԱՏՄ երկրների միջև գործում են թվով 200-ից 450 ոչ սակագնային բնույթի սահմանափակումներ: Ավելին, ըստ Եվրասիական զարգացման բանկի գնահատականների՝ 2016թ. այս բարիերները ԵԱՏՄ ներքին առևտրի վրա այնպիսի բացասական ազդեցություն են ունեցել, ինչպիսին կարող էին ունենալ այլ հավասար պայմաններում 30%-ի հասնող արժեքային մաքսատուրքերը:

Մյուս կողմից, վերջին տարիներին ոչ մեկ անգամ են եղել այնպիսի դեպքեր, երբ հատկապես սննդի անվտանգության չափանիշների խախտման պատրվակով ԵԱՏՄ անդամ այս կամ այն երկիրը սահմանափակում է մյուս երկրներից կատարվող ներմուծումը (օրինակները շատ են):

Հետևաբար, հեղինակի այն պնդումը, որ ոչ սակագնային կարգավորումների վերացումը հանգեցնելու է 0.34% լրացուցիչ տնտեսական աճի, մեր տնտեսական իրականությունում այդպես էլ իր դրսևորումը չի ստացել:

Գազի արտահանման մաքսատուրքերի վերացման ազդեցությունը

Ըստ աշխատության՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից ակնկալվող դրական տնտեսական էֆեկտի հաջորդ բաղադրիչը ՌԴ-ի կողմից գազի արտահանման մաքսատուրքերի (30%) վերացումն է, որից Հայաստանը պետք է ստանար լրացուցիչ 1.3%  տնտեսական աճ: Այսուամենայնիվ, այս պնդումը ևս բավարար չափով հիմնավորված չէ:

Այսպես, 2013թ. դեկտեմբերին Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագինը 1000 մ3-ի դիմաց կազմել է 190 դոլար: Միևնույն ժամանակ, «Գազպրոմը» եվրոպական երկրներին գազ մատակարարում էր մոտ 390 դոլարով: Վերջին 3,5 տարիներին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը նվազել է և հասել 150 դոլարի, այնինչ այժմ դեպի Եվրոպա նույն ռուսական գազը մատակարարվում է միջինում մոտ 175 դոլարով: Ուստի գազի գնի անկումը ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորելը կոռեկտ չէ, դա համաշխարհային տենդենց է:

Մյուս կողմից, սահմանին մատակարարվող գազի գնի փոփոխությունը ՀՀ տնտեսության համար որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի այն չի արտացոլվել վաճառվող գազի սակագնի մեջ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ բնակչության համար գազի գինը նվազել է 6% տոկոսով, իսկ խոշոր (արդյունաբերական) սպառողների ու գազալցակայանների համար այն մնացել է համարյա նույն մակարդակում: Արդ, ակնկալվող 1.3% լրացուցիչ տնտեսական աճը ճշգրիտ գնահատական չէ: Դա  նախ և առաջ  պայմանավորված է ՀՀ ՀՆԱ ընդհանուր կառուցվածքում էներգակիրներից ուղղակիորեն կախում ունեցող ճյուղերի ցածր տեսակարար կշռով: Մյուս կողմից, հարկ ենք համարում նշել, որ մինչ եվրասիական ինտեգրացիոն գործընթացի սկիզբը՝ 2012թ., ՀՀ-ում գազի սակագինը կազմել է 132 դրամ՝ այժմ գործող 139 դրամից ավելի քիչ:

Գործող մաքսատուրքերի բարձրացումից վնասը

ԵԱՏՄ անդամակցությունից ակնկալվող բարձր օգուտներին զուգահեռ աշխատությունը պնդում է, որ ներմուծման մաքսատուրքերի բարձրացումից ՀՀ տնտեսությունը կտուժի ընդամենը 0.1%-ով: Պետք է սկսել այն հանգամանքից, որ  2013թ. ներմուծման ծավալներով կշռված ՀՀ միջին մաքսատուրքը կազմել է 3.1%, իսկ ԵԱՏՄ նույն ցուցանիշը՝ 8.14%: Այս պայմաններում մաքսատուրքերի բարձրացումը հանգեցնելու է  բնակչության բարեկեցության կամ սպառողների գնողունակության համամասնական կորուստների: Այնուհետ, աշխատությունում գնահատվել են ՀՀ ներմուծման գլխավոր ապրանքախմբերի գծով պոտենցիալ կորուստները, որոնք այնուհետ համադրվել են ներմուծման՝ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ վերակողմնորոշվելու արդյունքում (առանց մաքսատուրքերի ներմուծում) առաջացող  օգուտների հետ:

Սակայն, պետք է նշել, որ 2017թ. առաջին կիսամյակի տվյալները վկայում են, որ ՀՀ առևտրի վերակողմնորոշման հիպոթեզը սկսում է հակառակ դրսևորում ստանալ. այս տարեսկզբին ՀՀ ներմուծման մեջ ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը կազմել է 22.2%` 2016թ. գրանցված 30%-ի համեմատությամբ, ուստի  ներմուծման աշխարհագրական կառուցվածքի փոփոխության այս միտումների պահպանման պարագայում ԵԱՏՄ կողմից սահմանված առավել բարձր դրույքաչափերի բացասական ազդեցության դաշտը ընդլայնվելու է՝ հանգեցնելով առավել մեծ ծավալով ապրանքների թանկացմանը:

Մյուս կողմից, հեղինակը ենթադրում է, որ Ռուսաստանի՝ ԱՀԿ անդամացությամբ պայմանավորված ԵԱՏՄ մաքսատուրքերը մինչև 2020թ. աստիճանաբար նվազելու են: Սակայն, այժմ վավերացման փուլում գտնվող ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքը բարձր մաքսային դրույքաչափերի այդպիսի նվազեցում չի նախատեսում: Ուստի, այս երկու էֆեկտների ագրեգացված ազդեցությանը տրված գնահատականը  նույնպես քիչ վստահելի է:

Արդյունքում

Վերոնշյալ փաստարկները վկայում են այն մասին, որ հրապարակված այս գիտական աշխատությունը բավականին խոցելի հիմքեր ունի: Բացի քննարկված գործոններին տրված գնահատականների ճշգրտության խնդրից, կատարված հետազոտությունը բավականաչափ խորը և համապարփակ չէ, քանզի ԵԱՏՄ-ն այլևս զուտ մաքսային գոտի չէ, այլ տնտեսական միություն, ուստի դրա անդամակցության արդյունքները միայն առևտրային պայմանների փոփոխության տեսանկյունից դիտարկելը թերի է:

Այդ նոր տնտեսական կառուցակարգի ազդեցությունը գնահատելիս հատկապես կարևոր է գնահատել կապիտալ հոսքերի և ներդրումների ծավալների պոտենցիալ փոփոխությունները: Ավելին, նման կարևորությամբ հարցերի համապարփակ տնտեսագիտական գնահատականը պետք է նաև պարունակի այլընտրանքային ծախսերի (կորսված հնարավորություններ ԵՄ ասոցացումից) բաղադրիչը, որը պարոն Արամյանի հոդվածում չկա:

Այսպիսով, Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից օգուտների մասին վկայող միակ ուսումնասիրությունը ունի բավականին խոցելի հիմքեր, իրականությունից տարամիտված կանխատեսումներ և անգամ պարունակում է իրականության աղավաղում: