Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավորին՝ 2-րդ նախագահին գրավի դիմաց կրկին ազատելու համար
Հասարակություն
08.07.2019 | 17:47Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ դիմել են Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին:
Factor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ ասելով, որ գրավի չափ չեն նշել։ Դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի հայտնել:
Հիշեցնենք, որ հենց Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխեց ԼՂՀ ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ։ Նրա որոշմամբ քրեական գործը կասեցվեց և ուղարկվեց ՍԴ։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանն այս որոշումները բեկանել է և գործն ուղարկել նոր քննության:
Լիլիթ Շաբոյան