Հետհեղափոխական Հայաստանում լրագրողների դեմ բռնությունների հեղինակները մնում են անպատիժ․ ահազանգում են իրավապաշտպանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
24.06.2019 | 19:15Նույնիսկ Թավշյա հեղափոխությունից հետո 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի կենտրոնում իրականացված ոստիկանական բռնությունների հեղինակները մնում են անպատիժ։ 4 տարի առաջ վնասվածքներ էին ստացել թե՛ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներ, թե՛ առնվազն 2 տասնյակ լրագրողներ ու օպերատորներ։ Այս գործով լրատվամիջոցների 21 ներկայացուցիչներ ունեն տուժողի կարգավիճակ։ ԽԱՊԿ տվյալներով՝ 2016 թվականին առաջնային դերակատարություն չունեցած 4 ոստիկանի է մեղադրանք ներկայացվել, բռնությունների իրական մեղավորները և պատասխանատուները չեն պատժվել։ Բացակայում են կասկածյալ անձինք՝ պատճառաբանում են իրավապահները։
«Տեսանյութերը, լուսանկարները վկայում են, որ այդտեղ մի քանի տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր ոստիկաններ, քաղաքացիական հագուստով անձինք էին, որոնք գործում էին ոստիկանների հովանու ներքո, բռնություններ իրականացրին և մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել։ Ամենատարօրինակն այն է նաև, որ հետհեղափոխական շրջանում ՀՔԾ-ն կասեցրեց այդ գործի վարույթը և դա ուղղակի մեզ համար անսպասելի է, որովհետև մենք այլ տեսակետ ունեինք, որ շատ արագ առաջընթաց կարձանագրվի»,- ասաց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների ժամանակ բռնության ենթարկված լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ԽԱՊԿ-ը բողոքարկել է գործը կասեցնելու ՀՔԾ-ի որոշումը։ Վերջերս Գլխավոր դատախազությունը գործը վերադարձրել է ՀՔԾ՝ նոր քննության։ Տուժած լրագրողներից Թեհմինե Ենոքյանը սեփական հետաքննությամբ պարզել է, որ բռնություններին մասնակից ոստիկանները դեռևս համակարգում են, ավելին՝ զբաղեցնում են ավելի բարձր պաշտոններ։ Հավաքագրված փաստերով ՀՔԱՎ գրասենյակը դիմել է Գլխավոր դատախազություն՝ պահանջելով նոր քրեական գործ հարուցել, սակայն նյութերը վերադարձվել են գործը չբացահայտած նույն քննիչի տիրույթ։
«Ստացվում է՝ նույն քննիչը պետք է քննի իր իսկ գործողությունները, որոնք 4 տարի չի իրականացրել։ Հրաման տվողների ցուցակով, եթե բարձրանանք, մինչև Վլադիմիր Գասպարյան կհասնենք, միգուցե ավելի բարձր, իրեն մեղադրանք կա՞ առաջադրված, չկա»,- նշեց Թեհմինե Ենոքյանը։
Բռնարարքների գործը նույն քննիչին ուղարկելը փակուղային իրավիճակ է առաջացրել, ասում է իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը։ Միաժամանակ նա համոզմունք է հայտնում, որ լրագրողների դեմ բռնությունները՝ իրականացված 2015 թվականին «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, 2016 թվականի հուլիսին՝ Սարի թաղում և 2018 թվականին հեղափոխության օրերին, այլևս դուրս են իրավական տիրույթից, և պետությունն այդ իրադարձություններին պետք է տա քաղաքական գնահատական։
«Ցավոք, պիտի ընդունենք, որ մենք արդյունավետ քննության համար անհրաժեշտ ժամանակը բաց ենք թողել։ Այն փաստերը և ապացույցները, որոնք պիտի օգտագործվեին և հիմք հանդիսանային պատասխանատվության համար, այլևս հնարավոր չէ ձեռք բերել։ Պետությունը պիտի ընդունի, որ իսկապես տեղի է ունեցել անձանց կոնկրետ իրավունքների խախտում և դա պայմանավորված է եղել քաղաքական նախկին ռեժիմի տված ոչ օրինական հրահանգներով։ Իրավական շրջապտույտի մեջ խնդիրը պտտելը կարծում եմ՝ մեզնից տանում են ջանքեր, որոնք մեր ակնկալած արդյունքները չեն տալու»,- նշում է Հայկուհի Հարությունյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին խիստ անհասկանալի է՝ ինչպես է ստացվում, որ այսօր լրագրողների դեմ բռնությունների գործերը ունենում են նույն ելքը, ինչ հեղափոխությունից առաջ։ Նախկին լրագրող, այսօր իշխանական խմբակցության պատգամավորը հաճախ է ականատես եղել մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներին կտտանքների ենթարկելու դրվագների։ Տիկին Թովմասյանը խոստանում է ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում առաջիկայում քննարկում կազմակերպել և իրավասու մարմիններից բացատրություն պահանջել, թե բացահայտումների համար ինչ խոչընդոտներ կան։
«Գուցե ինչ-որ դիվային ուժեր կան, որոնք խոչընդոտում են այս գործերի բացահայտմանը։ Ցանկացած մեկը, ով լրագրողի վրա ձեռք է բարձրացրել կամ որևէ ոտնձգություն է իրականացրել նրա նկատմամբ մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, պիտի խստագույնս պատժվի։ Ես ուղղակի վստահ եմ, որ քաղաքական իշխանությունը կոնկրետ հրահանգ չի տվել լրագրողների դեմ բռնությունների գործերը փակելու, կարծում եմ՝ խնդիր ունենք ներքին տիրույթում և նրանց հետ պետք է հարաբերվենք այնպես, որ ստիպենք զբաղվել լրագրողների հարցերով»,- ասում է Թագուհի Թովմասյանը։
Իշխանական խմբակցության պատգամավորը հավաստիացնում է՝ այսօրվա իշխանությունը չունի որևէ պատճառ՝ բռնարարաքներն անպատիժ թողնելու: «Պետք է գիծ քաշել և անցնել առաջ»,- ընդգծեց տիկին Թովմասյանը։
Իրավապաշտպաններն իրենց հերթին առաջարկում են հիմնովին վերափոխել Ոստիկանությունը, որը իրավունքներ խախտող կառույցից կվերածվի իրավունքներ պաշտպանողի, ինչը հետագա բռնարարաքների կրկնությունը բացառող միակ երաշխիքն է։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան