«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով բացահայտվել են չարաշահման նոր դրվագներ
Հասարակություն
03.06.2019 | 15:30ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:
«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ:
Նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս, որոնց վերաբերյալ հարուցվել են երկու այլ քրեական գործեր, որոնք միացվել են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործին:
Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ծրագրի Տրանշ 1-ի /Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ/ որոշ հատվածներում ենթակապալի պայմանագրի հիման վրա ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի կազմակերպմամբ պայմանագրի շրջանակներում խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, ընկերության կողմից 2014թ. նոյեմբերի 21-ից մինչև 2016թ. հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կազմված կատարողական ակտերում, հանձնման ընդունման ակտերում և դուրս գրված հարկային հաշիվներում, պատվիրատուին խաբեությամբ և նրա վստահությունը չարաշահելով, հանձնվել են ոչ թե պայմանագրով նախատեսված չափանիշներին համապատասխան 771.652.520 ՀՀ դրամ արժեքով աշխատանքներ, այլ՝ ավելի ցածր չափանիշների՝ 556.615.520 ՀՀ դրամի աշխատանքներ, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 215.037.000 ՀՀ դրամ գումար և այդ գումարի չափով պետությանը պատճառվել է վնաս:
Նախաքննության ընթացքում հայտնաբերված առերևույթ նոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա` 24.05.2019թ. հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն ենթակապալառու ընկերության տնօրենը, ընկերության աշխատանքային գործունեության ընթացքում առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն առերևույթ խուսափելու նպատակով, մի շարք ընկերություններից՝ առանց վերջիններիս կողմից ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, ձեռք է բերել ընկերության ծախսերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով մտցրել է օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթում, ինչի արդյունքում խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց՝ դրանով իսկ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Դեպքի առթիվ 30.04.2019թ. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. մայիսի 31-ին նշված ենթակապալառու ընկերության իրական տնօրենին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Վերջինիս կողմից, որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարվել 200 մլն ՀՀ դրամ:
Քննիչի որոշմամբ կալանք է դրվել նաև նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված 31.900.000 ՀՀ դրամի, 3 մլն ՌԴ ռուբլու և 60.000 ԱՄՆ դոլար դրամական միջոցների վրա:
Լրացուցիչ կատարման ենթակա հարկային պարտավորությունների հստակ չափը պարզելու համար նշված ընկերությունում և ընկերությանը հարկային-հաշիվներ դուրս գրած մի շարք այլ ընկերություններում նշանակվել են հարկային ստուգումներ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: