Հանձնաժողովը պիտի պատասխան տա, թե արդյո՞ք Ապրիլյան պատերազմի պայմանավորվողը Սերժ Սարգսյանն էր. Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.05.2019 | 21:25– Պարո՛ն Ղուկասյան, ինչպես գիտեք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգում բարեփոխումների թեմայով խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ եկել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը, իսկ այսօր Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ այդ հանձնաժողովը սեղմ ժամկետներում կստեղծվի։ Հիշում ենք, որ Դուք Ապրիլյան պատերազմից հետո տեսանյութ էիք հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցիները հարձակվում հայկական դիրքերից մեկի վրա, պարզ էր դառնում, որ մեր զինծառայողներն ասում էին՝ զեկուցեք հարձակման մասին, բայց, կարծես թե, արձագանք չկար։ Որոշ մեկնաբանություններ եղան, թե պատերազմը պայմանավորված էր: Տեսանյութը ուղարկելով ՄԱԿ-ի գլխավոր քարտողարին՝ դեռ այն ժամանակ հետաքննություն էիք պահանջել։ Տեսանյութի հրապարակումից հետո, թեև այլ իրադարձությամբ պայմանավորված, Ձեր դեմ քրեական գործ հարուցվեց ու հայտնվեցիք բանտում: Ինչպե՞ս եք վերաբերվում քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, ի՞նչ տեղեկություններ կարող են ի հայտ գալ։
– Փաստ համար մեկ՝ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, փաստ համար երկու՝ Ադրբեջանին հաջողվել է որոշակի դիրքեր գրավել, փաստ համար երեք՝ Ադրբեջանի ղեկավարությունն այդ բոլոր գործողությունների համար մնացել է անպատիժ: Այս ամենը հիմք է՝ ենթադրելու, որ Հայաստանի ղեկավարությունը ներքաշված է եղել մեր երկրի դեմ դավադրության մեջ, որը տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի ժամանակ, և որը հետապնդում էր աշխարհաքաղաքական նպատակներ՝ հարկադրել մեզ ու Ադրբեջանի ժողովրդին խաղաղություն՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Այդ դավադրության դեմ բացահայտումները եղան Ժիրայր Սեֆիլյանի կողմից, երբ նա բացահայտեց, որ առկա են տարածքային կորուստներ: Մինչ այդ հերքվում էր, որ այդպիսի բան կա։ Վերոնշյալ փաստերը վկայում են այն մասին, որ քաղաքական պայմանավորվածություն է եղել։
– Սերժ Սարգսյա՞նն է եղել պայմանավորվողը։
– Այդ հարցին պիտի պատասխանի այդ հանձնաժողովը։ Ըստ իս՝ այո՛, Սերժ Սարգսյանն է եղել այդ պայմանավորվածությունների կրողը։
– Հիշում ենք, որ ՀՔԱՎ գրասենյակը տեղեկություններ հրապարակեց Ապրիլյան պատերազմի օրերին վառելիքի, փամփուշների պակասի վերաբերյալ, ինչի մասին ԱԺ ամբիոնից նաև այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց։ Ի՞նչ եք կարծում, այս փաստերից բացի՝ այլ տեղեկություններ ի հայտ կգա՞ն։
– Եթե գործն ուղղվի այդ ուղղությամբ՝ բանակում տեղի ունեցող թերությունների բացահայտման, պետք է նշել, որ այդ բացահայտումներն անհրաժեշտ են՝ կանխելու այն երևույթները, որ կան։ Հանրության համար գերկարևոր է պարզել հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի ղեկավարության քաղաքական դիրքորոշումներին և քաղաքական վարքագծին: Նման հանձնաժողովները ստեղծվում են երկու նպատակով՝ կա՛մ բացահայտել ինչ-որ բան, կա՛մ պարտակել։ Հիմա այս հարցին մոտենում ենք հետևյալ կերպ՝ քաղաքացիական հանրությունն ունի՞ լծակներ՝ ազդելու աշխատանքի վրա։ Եթե մենք համեմատենք նմանատիպ հանձնաժողովի աշխատանքը Դատախազության կամ ՀՔԾ-ի աշխատանքի հետ, տեսնում ենք, որ մեղադրանք առաջադրվեց, և այդ մեղադրանքը չի համապատասխանում այն ողջ մեղադրանքին, որ հանրությունն ակնկալում էր՝ կներկայացվի Քոչարյանին, այն է՝ Ռոբերտ Քոչարյանը ստեղծել է հանցավոր համագործակցություն, չարաշահել է իր պետական լիազորությունները, կաշառք է վերցրել, իշխանություն ու գույք է յուրացրել, և բոլոր այն հանցագործություններն այդ տիրույթում վերագրվում էին Ռոբերտ Քոչարյանին, դա մենք չտեսանք:
Մենք չէինք կարող ազդել Դատախազության և ՀՔԾ-ի վրա, որովհետև մեզ ասում էին՝ դուք ազդում եք քննության վրա և խանգարում եք։ Տեսանք, որ այդ աշխատանքն օդ էր իրականում: Մենք տեսնում ենք, որ մինչև այսօր չկա արդյունավետ քննություն, որը կբացահայտեր Հայաստանում համակարգային կոռուպցիայի արմատները, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, նրա հետ կապված հանցագործությունները ստվերված են եղել: Որպեսզի այս հանձնաժողովում այդպիսի բաներ չլինի, ենթադրում եմ, որ քաղաքացիական հանրության դիրքորոշումը կարևոր է:
– Հայաստան-Արցախ հարաբերություններից խոսելով՝ վարչապետն ասել է, թե «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով առաջնորդվող ուժեր կան, որոնք թշնամանք են հրահրում Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև. «Դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Ո՞ւմ նկատի ունի վարչապետը, և արդյո՞ք այսպիսի վտանգ տեսնում եք:
– Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը և վերաբերվի նրան որպես անկախ պետության։ Միաժամանակ՝ Արցախը նույնպես պետք է վերաբերվի Հայաստանի Հանրապետությանն ամբողջ հարգանքով։ Եթե Արցախում վիրավորված են, որ այն Հայաստանի մարզ են կոչում որոշ գործիչներ, նրանք նաև պիտի վիրավորված զգան, որ Քոչարյանը եղել է ՀՀ նախագահ 10 տարի: Որովհետև, եթե Արցախը Հայաստանի մարզ չէ, Քոչարյանն ինչո՞ւ էր 10 տարի նախագահ։ Այն ժամանակ, երբ իրեն առաջադրում էին, հիմքը դրել էին, որ մեկ պետություն է և մեկ ժողովուրդ, և Քոչարյանը չուներ ՀՀ-ում ապրելու 10 տարվա ցենզ: Արցախի ղեկավարությունն այս հարցում հետևողական չէ. մի դեպքում՝ պահանջում են հարգել Արցախի սուբյեկտայնությունը, մյուս դեպքում՝ իրենց պահում են այնպես, կարծես Հայաստանը և Արցախը մեկ պետություն են։
– Ըստ Ձեզ՝ որտեղի՞ց է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մատնանշած թշնամանքը։
– Թշնամանքը գալիս է Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից։ Երբ իրենք գալիս էին Հայաստան, իրենց զգուշացնում էին, ասում էին, որ դեպի իշխանություն ձեր անվերջ մոլուցքը կարող է բերել լրջագույն հետևանքների։ Այսօր ունենք այդ հետևանքները, և այս խնդիրը, որ ունենք, պահանջում է կտրուկ լուծումներ՝ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և կարգավորվեն բոլոր հարաբերությունները:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան