«Իմ քայլը» խոստանում է բարձրագույն կրթությունը դարձնել փաստացի անվճար. ի՞նչ ռիսկեր է պարունակում այս նախաձեռնությունը

Լուրեր

29.04.2024 | 16:31
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
29.04.2024 | 16:22
Ղազախստանը ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա
29.04.2024 | 16:19
Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի․ ՔԿ
29.04.2024 | 16:14
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը
29.04.2024 | 16:07
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Ժերար Դեպարդիեին
29.04.2024 | 15:55
Թուրքիան ամերիկյան ExxonMobil-ի հետ հեղուկ գազի գնման բանակցություններ է վարում՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար
29.04.2024 | 15:51
Ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
29.04.2024 | 15:48
Դեռ որոշում չունենք․ Կիրանցի վարչական ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում հանդիպելու առաջարկի մասին
29.04.2024 | 15:43
Գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
29.04.2024 | 15:34
Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ
29.04.2024 | 15:32
Արարատ Միրզոյանից հետո Կատար է մեկնել Բայրամովը
29.04.2024 | 15:24
Բաքուն չի բացահայտում Արցախում մնացած հայերի թիվը
29.04.2024 | 15:16
Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
29.04.2024 | 15:08
Եվրոպական խոշորագույն բանկերը 2023 թվականին ՌԴ-ում չորս անգամ ավելի շատ հարկ են վճարել, քան պատերազմից առաջ
29.04.2024 | 15:05
Միրզոյան-Բայրամով հանդիպում՝ Ալմաթիում, Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որը, ըստ հեղինակների, բարձրագույն կրթությունը փաստացի դարձնում է անվճար։ Նախագծով պետությունը պարտավորվում է վճարել աշխատող ուսանողների ուսման վարձը, մասնավորապես՝ այդ գումարը կգոյանա ուսանողի վճարած եկամտահարկից։ Ըստ նախագծի՝ փոխհատուցման իրավունք կունենան Միջին որակական գնահատականի շեմը հաղթահարած ուսանողները։ Իշխանական խմբակցության ղեկավարի խոսքով՝ նախագիծը խրախուսում է ուսանողներին՝ ստացված տեսական գիտելիքները կիրառել գործնականում՝ լուծելով նաև աշխատանքային փորձի պահանջի խնդիրը:

«Այն բողոքները, որ լսում ենք կրթական համակարգի հետ կապված, որ կրթությունը իզոլացված է իրական, պրակտիկ կյանքից, կարծում եմ՝ այս նախագիծը այդ խնդիրն է լուծելու։ Գործատուները պահանջում են, որ ուսանողներն ավարտելով բուհը ունենան որոշակի փորձառություն և այստեղ մի փոքր կազուս է առաջանում՝ ինչպե՞ս պետք է ուսանողն ունենա փորձառություն, երբ ամբողջ ժամանակը տրամադրում է դասապրոցեսին, մի կողմից այս խնդիրն է լուծվում, մյուս կողմից խրախուսում ենք աշխատանքը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Հայաստանի նման երկրում բարձրագույն կրթությունը շատ թանկ է և աշխատող ուսանողների ուսման վճարը փոխհատուցելը դրական նախաձեռնություն է, կարծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը․ «Որոշ ուսանողների համար սա արտակարգ որոշում է, հնարավորություն կտա նաև ստվերից հանել որոշ աշխատատեղեր, բոլորս էլ գիտենք, որ ուսանողների մի մասը անօրինական է աշխատում և իրենց էլ դա ձեռնտու չէ»։

Այնուամենայնիվ, մասնագետը որոշակի ռիսկեր է տեսնում։ Ըստ նրա՝ բակալավրիատի 3-րդ կուրսից ուսանողների մեծ մասն սկսում է աշխատել՝ հաճախելիության հաշվին, փորձագետը հարց է բարձրացնում՝ արդյոք չի տուժելու կրթության մակարդակը: «Հիմա մենք եթե բերում ենք մոտիվացնում աշխատելը, շատ լավ է, բայց կարո՞ղ է կրթության որակը էստեղ տուժել։ Շատ դեպքերում աշխատանքն ու կրթությունը կարող են իրար խանգարել, եթե ուսանողը աշխատում է, իրեն սովորելու ժամանակ չի մնում կամ շատ հոգնած է»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։

Նա առաջարկում է ծրագիրը նախ փորձարկել մագիստրատուրայում, հետո՝ մտածել բակալավրիատի մասին։ Սիսակ Գաբրիելյանը տեղյակ է փորձագիտական շրջանակների մտահոգություններից, որ հնարավոր է՝ կրթության որակը տուժի բացակայությունների պատճառով։ Պատգամավորի խոսքով՝ այդ սցենարից խուսափելու տարբերակ կա՝ ուսանողը կարող է գործատուի հետ կնքելով քաղաքացիաիրավական պայմանագիր՝ որևէ ծառայություն մատուցել, և ոչ թե գրաֆիկով ներկայանալ աշխատանքի․ «Եթե իրենք համալսարանում սովորում են անգլերեն, իրենք կարող են զուգահեռ որևէ գրասենյակի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել և իրենց տնից օրական 2-3 ժամ կատարեն որոշակի թարգմանչական աշխատանքներ։ Լրագրողը կարող է որևէ խմբագրության հետ պայմանագիր կնքել և ոչ թե ամենօրյա գրաֆիկով գալ աշխատանքի, այլ պայմանավորվածություն լինի, որ ուսանողը կարող է շաբաթական 2 հոդված հրապարակել թերթում կամ 1 ռեպորտաժ պատրաստել։ Այսինքն՝ ինչ ինքը կսովորի տեսական, նա կկիրառի նաև գործնական և սա լավագույն համատեղում կլինի։ Այո, ուսանողը կարող է նվազագույն աշխատավարձ ստանալ, բայց գումարը կմնա իրեն և նվազագույն աշխատավարձից գոյացած գումարը, մոտ՝ 300-ից 400 հազար դրամ, պետությունը դա որպես ուսման փոխհատուցում կտրամադրի»։

Կրթության փորձագետը նաև կոռուպցիոն ռիսկեր է տեսնում՝ ուսանողները կփորձեն արհեստականորեն բարձրացնել իրենց միջին որակական գնահատականը կամ պետության առաջարկած արտոնությունից օգտվելու համար պարզապես կգրանցվեն որպես աշխատող, բայց փաստացի չեն ներկայանա աշխատանքի։ Քանի որ հայաստանյան ուսանողության մի զգալի հատված նաև աշխատում է, նախագիծն զգալի աջակցություն կլինի բարձրագույն կրթությանը, ասում է Հայկական մանկավարժական համալսարանի ուսանող Աղավնի Գևորգյանը։ Նա չի կարծում, թե աշխատանքը կխանգարի սովորելուն.«Չեմ կարծում կլինեն ուսանողներ, որ կգնան սովորելու միայն նրա համար, որ աշխատավարձից գանձվող հարկը փոխհատուցվի, ուստի վստահ եմ՝ դա հիմնականում ուսանողների այն կորիզի մոտ կկազմակերպվի, որոնք աշխատում էին, չեմ կարծում ուսանողների մեծ մասը կձգտի ուսումը փոխարինել աշխատանքով։ Որպես ուսանող կարող եմ փաստել, որ զբաղված ժամանակ ամենալավն է ստացվում կրթության լավ կազմակերպում իրականացնել»։

Ասպիրանտուրայի 3-րդ կուրսի ուսանող Անի Խաչատրյանի պնդմամբ՝ ուսանողությունն իրապես այսպիսի արտոնության կարիք ունի։ Ըստ նրա՝ նախագիծը մշակողները պիտի քննարկումներ ունենան այդ թվում՝ ուսանողների հետ․ «Մենք ունենք ռիսկեր, նախ՝ բակալավրիատի ուսանողները պետք է ունենան բազային գիտելիքներ, որպեսզի կարողանան աշխատել և լինել որակյալ աշխատող։ Ցանկալի կլիներ, որ առաջին երկու կուրսերում նախագիծը այլ կերպ կիրառվեր, ցանկալի կլիներ՝ խրախուսվեր ուսանողի սովորելը։ Գրեթե բոլոր տեղերում գոնե 3 տարվա ստաժ են պահանջում աշխատողին ընդունելու համար, ապա մագիստրոսի համար սա շահավետ առաջարկ է՝ հաշվի առնելով, որ մագիստրոսը շաբաթական 2-3 օր է լինում ուսման մեջ»։

Ըստ նախագծի հեղինակների՝ կրթական բարձր մակարդակ ունեցող պետություններն արդեն իսկ արտոնություններ են սահմանել ուսանողների համար։ Օրինակ՝ շաբաթական 20 կամ ավելի ժամ աշխատող ուսանողը ազատվում է վարձավճարից։ Նախագծի հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը չի բացառում, որ վերջնական տարբերակում որոշակի սահմանափակումներ կմտցվեն․ «Կան տեսակետներ, օրինակ՝ մենք էլ ենք հակված դրան, որ փոխհատուցումը տրվի ոչ թե առաջին կուրսից սկսած, այլ՝ ենթադրենք ավարտական կուրսերում, մագիստրատուրայի դեպքում՝ ի սկզանե, որպեսզի ուսանողը հենց առաջին կուրսից չկտրվի։ Եթե վտանգը կա, որ ինքը կկտրվի ուսումնառությունից, որոշակի սահմանափակում դնենք, լինի օրինակ՝ 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակից սկսած»։

Լիլիթ Մակունցը հավելում է․ «Այն մեծ ոգևորությունը և խրախուսանքը, որ մենք լսեցինք ուսանողների ու բուերում դասավանդողների կողմից, մեզ հիմք է տալիս մտածելու, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»։

Օրենքի նախագծի հեղինակներն առաջիկայում ակտիվ քննարկումներ կնախաձեռնեն փորձագիտական շրջանակների հետ, որպեսզի մշակումներից հետո Կառավարությունում կոմիտեի նիստում քննարկվի մասնագիտական շրջանակների հավանությանն արժանացած և էլ ավելի հիմնավորված նախագիծ։ Եթե նախագիծը ընդունվի խորհրդարանում, եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը կառավարությունը կսահմանի մինև 2019 թվականի օգոստոսի 1-ը:

Ռոբերտ Անանյան