Ապրիլի 26․ ՀՀԿ-ն համաձայնվում է բանակցել Փաշինյանի հետ․ «Հնարավոր են սադրանքներ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.04.2019 | 19:59Մեկ տարի առաջ ապրիլի 26-ի առավոտյան Հանրապետականի հեռացումն է պահանջում Ապարանը:
Ամբողջ հանրապետության տարածքով գրանցվում է դատավորների հիվանդության աճ, այս օրերին նրանք խուսափում են մասնակցել որեւէ դատական նիստի։
Մայրաքաղաքում Հանրապետականի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի դեմ անհնազանդության գործողությունները մի փոքր ուշ են սկսվում, փողոցներում նույն քաոսն է, որը կար մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Օրվա բողոքի գործողությունների հենց մեկնարկին Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը տարածում է մի հայտարարություն, ըստ որի մայիսի 1-ին իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստում խորհրդարանը կքննարկի վարչապետի ընտրության հարցը։
Քաղաքագետները փորձում են հասկանալ, թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ինչ հնարավորություններ ունի իշխանությունը պահպանելու։
«Միանշանակ է այլեւս, որ վարչապետի թեկնածուն պիտի լինի Նիկոլ Փաշինյանը»,-ասում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Սուրեն Զոլյանը զգուշացնում է․ «ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի փչացնի էս գործընթացը, իրոք շատ վտանգավոր իրավիճակ է, հնարավոր են սադրանքներ»։
Բողոքի գործողությունների մեկնարկից 14 րոպե հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հանդես է գալիս անսպասելի հայտարարությամբ՝ միայն Երեւանում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը։ Պատճառը ոչ մի կապ չունի հեղափոխության եւ Հանրապետականի առճակատման հետ։
«Երեկ երեկոյան ես մտահոգիչ տեղեկություններ եմ ստացել, որ քաղաքում առանց համարի մեքենաներ կան, համարները փակած, որոնք անկանոն ձեւով են վարում։ Մենք հիմա պիտի առաջին հերթին զբաղվենք քաղաքում կարգ ու կանոնի հաստատմամբ»,-ահազանգում է Նիկոլ Փաշինյանը։
Քիչ հետո ուղերձով հանդես է գալիս հանրապետության նախագահը, որը հայտարարում է, որ Հայաստանը պիտի առաջնորդեն մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժերը։ Այդ պահին մեծամասնության վստահությունը ըստ խորհրդարանի դասավորության վայելում էին Հանրապետականը «Ծառուկյան» դաշինքը եւ «Ելք» դաշինքը։
«Ծառուկյան» խմբակցությունն արդեն ուրվագծում է այն իշխանությունը, որը կցանկանար տեսնել Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո՝ լինի այնպիսի իշխանություն, որ 6 ամիս հետո ժողովուրդը չփոշմանի։ Փաստ է, որ Փաշինյանն արդեն ժողովրդի կուռքն է։
«Կլինեն մարդիկ, որոնք իրենց երեխաների անունը կդնեն ոչ թե Սերժ, այլ Նիկոլ»,-նկատում է «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Հայտնի է դառնում, որ նախորդ օրը Ռուսաստանի դեսպանատանը հեղափոխության առաջնորդների հետ հանդիպել են ռուս դիվանագետները։ Վերջիններս կոչ են արել, որպեսզի փողոցը կառուցողական երկխոսություն սկսի գործող իշխանությունների եւ մյուս կուսակցությունների հետ։
Չնայած Փաշինյանի կոչին, մայրաքաղաքի մի շարք փողոցներ շարունակում են փակված մնալ, ուսանողներն, օրինակ, փակել են Հերացի փողոցը։ Ոստիկանները խնդիր են տեսնում՝ ինչու՞ եք փակել հիվանդանոց տանող ճամփան։
Քաղաքի մեկ այլ հատվածում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ երեկոյան բոլորը պիտի հավաքվեն Հանրապետության հրապարակում։ Հրապարակի ճանապարհին լրագրողները «Իմ քայլի» առաջնորդից հետաքրքրվում են՝ ի՞նչ կարծիքի է նա, եթե վարչապետի թեկնածու առաջադրվի Գագիկ Ծառուկյանը։
«Ժողովրդի հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։
Հանրապետական խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ամենեւին չի պատկերացնում վարչապետի պաշտոնում։
«Թող գա Փաշինյանը ներկայանա ԱԺ, հանդիպումներ լինի, մեր հետ էլ շփվի, պայմանավորվենք, խոսենք հասկանանք ինչ ա ուզում էդ մարդը։ Թե չէ ահաբեկելով փողոցից՝ շուտ արեք ինձ վարչապետ ընտրեք, թե չէ հեսա գալիս եմ, դա ճիշտ ճանապարհ չի։ Ամբողջ աշխարհը նայում է՝ պատգամավորներին ուժի ազդեցության տակ չի կարելի տանել ընտրության»,-բողոքում Ալիկ Սարգսյանը։
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան մի գրառում է կատարում, որով Հանրապետության նախագահին զգուշացնում է, որ նա չի կարող վարչապետ նշանակել Կարեն Կարապետյանին, պատճառը շատ պարզ է՝ վարչապետի պաշտոնակատարը վերջին 4 տարում Հայաստանում չի ապրել։
Երեկոյան Հանրապետության հրապարակում շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հանրապետականի հետ որեւէ փոխզիջում բացառված է, բացառված են նաեւ կուլիսային պայմանավորվածությունները։ Փաշինյանը հայտարարում է, որ ժողովուրդը նախորդ օրն այս հրապարակում իրեն առաջադրել է վարչապետի թեկնածու։
«Եվ ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նաեւ ժողովրդին տեղեկացնում է, որ Հանրապետականը նախորդ գիշեր հավաքվել է կուսակցության գրասենյակում եւ Սերժ Սարգսյանի հետ միասին որոշել Կարեն Կարապետյանին ուղարկել Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու հենց շարժման առաջարկած նախապայմաններով։ Ապրիլի 27-ի առավոտյան Փաշինյանը վարչապետի պաշտոնակատարին սպասելու է Մարիոթ հյուրանոցում։
«Ինչպես եւ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ ենք քննարկում։ Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետեւում չենք բանակցելու»,-ասում է «Իմ քայլի» շարժման առաջնորդը։
Հաջորդ օրը Կարեն Կարապետյանը չի ներկայանում բանակցություններին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պայքարը շարունակվում է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մհեր Արշակյան