Նախկին զինծառայողը հացադուլ է սկսել ՊՆ-ի շենքի առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
05.04.2019 | 18:02«Հիվանդությունն առաջացավ խաղաղապահ զորքերում ծառայելու ընթացքում։ Ցավեր եմ ունեցել, որի համար գնացել եմ «Մուրացան» հոսպիտալ, որտեղ վիրահատել են։ Առաջին վիրահատությունը սխալ ա եղել, երկրորդն են վիրահատել, երկրորդն էլ ա սխալ եղել, ու դրա հետևանքով մոտս առաջացել են խնդիրներ։ Ես էսօր էդ թուղթը ունեմ, որ սխալ վիրահատությունը եղել ա բժշկի մեղքով»,- Factor.am-ի հետ զրույցում պատմեց նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը։
Նա ՊՆ-ի վարչական շենքի դարպասների մոտ է լուսացնում արդեն երկու օր։ Անժամկետ հացադուլ ու նստացույց է հայտարարել՝ նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման հույսով։ Գլխավոր պահանջը, որ նախկին զինծառայողը ներկայացնում է ՊՆ-ին, իր բուժումը արտերկրում ֆինանսավորելն է․ «Իմ պահանջը ոչ միայն բուժումն ա, այլ նաև այն, ինչը ֆինանսի հետ ա կապված, որ ես կորցրել եմ, նաև՝ դրա վերադարձնելն ա»։
2012 թվականին աղիքային բորբոքում ստացած Դավիթ Հակոբյանը վիրահատարան մտնելիս չէր էլ կարող ենթադրել պահի՝ ճակատագրական լինելը։ Մուրացանի բժիշկները աղիքի վիրահատություն են անցկացրել, ինչից հետո նրա մոտ առաջացել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, իշեմիկ ինսուլտ ձախակողմյան հեմիպարեզով։ Դավիթը գրեթե անշարժացել է․ «Առողջական վիճակս՝ սնուցում չկա ոսկորներս հելնում ա, մեջքի կորություն ա առաջացել, գլխիս կիստա կա, ու էդպիսի խնդիրներ՝ աչքերիս հետ, սրտիս հետ։ Ձեռքս կապած եմ պահում, որովհետև ընդհանրապես չեմ կարողանում պահեմ իրան։ Ինքը կարող ա կծկվել ներվից։ Պետք ա բուժվի ողջնաշարս, ձախակողմյան չսնուցվող հատվածս»,- պատմեց նախկին զինծառայողը։
Անցած 7 տարիներին 3 նախարար է փոխել Դավիթը, բայց ո՛չ Սեյրան Օհանյանը, ո՛չ Վիգեն Սարգսյանը, և ո՛չ էլ Դավիթ Տոնոյանը չեն հոգացել, որ Դավիթն արտերկրում բուժում ստանա։ Հուսալքված Դավիթ Հակոբյանը, փորձելով ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա, դիմել է ծայրահեղ քայլի։ 2015 թվականին ռումբի մասին կեղծ ահազանգ է տվել, ինչից հետո 16 ամիս անցկացրել է բանտում: «Սենց անտեսված վիճակ, էս մարդիկ չեն ուզում ոչ մի բանով օգնեն, վերաբերվում են որպես թշնամու։ Չեն կարող մարդու դարձնեն հաշմանդամ ու էն մարդուն, որին կարան կոչեն զինվոր։ Էլ տարբերակ չկա, էս երկու օր ա՝ ես եկել հացադուլ եմ անում, էն նպատակով, որ պարոն Տոնոյանը ընդունի, ես պարոն Տոնոյանին ամեն ինչը ասեմ, որ իրեն խաբում են»,- նշեց երիտասարդը։
Վերջին երկու տարին Դավիթը բուժման կուրսեր է անցել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։ Ո՛չ այդտեղ, և ո՛չ էլ Հայաստանի որևէ հիվանդանոցում, ըստ նախկին զինծառայողի, իրեն չեն կարող բուժել։ Ըստ Դավիթ Հակոբյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին իր առողջականի մասին ոչ ճշգրիտ տվյալներ են փոխանցել․ «Մուրացանի հոսպիտալում հանդիպեցի պարոն Տոնոյանին, պարոն Տոնոյանը կարգադրեց, որ ես ստուգում անցնեմ, որ պարզեն, թղթերն ուղարկեն Գերմանիա, ես բուժում ստանամ, ես պառկեցի ու 20 օրում մի արյան և մեզի անալիզ եմ հանձնել։ Պարոն Տոնոյանը ուզեց ինձ օգնել, բայց էն մարդիկ երկու անգամ խանգարեցին իր օգնելուն։ Էն, ինչը իրենց հարկավոր ա լինում, մարդիկ էդ են ներկայացնում, իսկ ինչն իրականում կա, էդ չեն ներկայացնում։ Այսինքն՝ ինձ փորձում են հանել առողջ»,- ասաց Հակոբյանը։
Ըստ նախկին զինծառայողի՝ Պաշտպանության նախարարությունից հացադուլի մեջ գտնվելիս իրեն հանդիպում չեն առաջարկել։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանեց՝ Պաշտպանության նախկին ու ներկա նախարարները Դավիթին պարզաբանել են, որ նրա պահանջները գտնվում են իրավական տիրույթում և նախարարությունը չի կարող դրանցով զբաղվել: «ՀՀ-ում շատ հստակ օրենքներ են գործում՝ արտասահմանում բուժման համար կա ընթացակարգ։ Եթե բժիշկները որոշում են, որ հայկական առողջապահական համակարգն ի զորու չի զբաղվել իր առողջությամբ և գտնում են, որ արտասահմանում կա ավելի լավ բուժում, ապա տարվում են և ՊՆ-ն այստեղ ուղիղ առնչություն չունի՝ որոշում է բժշկական կոլեգիան, հատկացնում է կառավարությունը Ֆինանսների նախարարությունից համապատասխան գումար։ Եթե դա հնարավոր լիներ, ես վստահ եմ՝ Դավիթի հարցը մինչև հիմա լուծած կլինեինք և բանը չէր հասնի նրան, որ ինքը դիմեր ծայրահեղ քայլերի։ Ուրեմն մի բան կա, որ իր սրտի ուզածին հասնելուն խոչընդոտում է, միգուցե ինքն է բարձր նշաձող դնում»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը։
Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանեց Դավիթ Հակոբյանի այն պնդումը, որ նախարարին իր առողջական վիճակի հետ կապված սխալ տեղեկություններ են հասնում․ «Ես կարծում եմ՝ դա իր անձնական կարծիքն է, ոչ մի բժիշկ կամ բժիշկների խումբ ազգի դավաճան չի, որ իր նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք ունենա»։
Factor.am-ի հարցին՝ ի վերջո ի՞նչ լուծում է տեսնում, պարոն Հովհաննիսյանն ասաց․ «Չգիտեմ, իրավական լուծումներ պետք է տրվեն՝ սրտի ցանկության թելադրանքով լուծխումներ չեն կարող լինել Զինված ուժերում»։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ եթե զինծառայողը առողջական վնաս է կրել զինվորական ծառայության ընթացքում, Պաշտպանության նախարարությունը պարտավոր է հոգալ նրա առողջության վերականգնումը․ «Զինվորի բուժման հիմքերը, որի որոնման մեջ է Արծրուն Հովհաննիսյանը, գտնվում է Պաշտպանության նախարարությունում։ Ուղղակի նա մամուլի համար այսպիսի հայտարարություն է անում, որ իրավական հիմքեր չկան, և մենք ծանոթ ենք ՊՆ-ի այդ ձեռագրին»։
Իրավապաշտպանն ասում է՝ ինքը գիտի բազմաթիվ դեպքեր, երբ զինծառայողները առողջական խնդիրներ են ձեռք բերում զինծառայության ընթացքում, բայց պետությունը մինչև վերջ չի հոգում առողջության վերականգնումը: «Սիմուլյանտի գաղափարն է ՊՆ-ի մոտ առաջնահերթ և սկսում են ասել, որ զինվորը սիմուլյացիա է անում։ Հացադուլը ծայրահեղ քայլ է, այս մարդը գնացել, նստել է ՊՆ-ի շենքի առջև։ Ես կարծում եմ՝ Պաշտպանության նախարարը պետք է իջնի իր կաբինետից և զինվորի հետ խոսի, պարզի, որպեսզի զինվորը չշարունակի հացադուլը։ Մենք այդպիսի նախադեպեր չունենք, որ զինվորները հացադուլներ են անում։ Կարծում եմ՝ պաշտպանության նախարարը պետք է հրատապորեն լուծում տա և նախադեպեր չստեղծվի, որ զինվորները սկսեն հացադուլ անել»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Իսկ Դավիթ Հակոբյանն այս անգամ վճռական է տրամադրված․ «Եթե ոչ մի բան չեն անելու էս մարդիկ խաբելուց բացի, ես ուղղակի խնդրում եմ մի հատ տոմս տան, ես հեռանամ էս երկրից, պետությունից։ Ես էս երկրի մեջ թշնամի եմ ինձ զգում, եթե ադրբեջանցի կողքս կանգնած լինի, էս վերաբերմունքը ամեն ինչը վերցրած, տարբերություն չեք կարող գտնել իմ ու իր մեջ»։
Ռոբերտ Անանյան