Կալանավորվել են ՀՀ ՊՎԾ երկու պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը. ԱԱԾ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում հետևողական և անզիջում պայքար մղելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի մասին:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2018 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ա-ն, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գ. Խ-ի հետ  նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով իրենց հետ փոխկապակցված ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին: Վերոհիշյալ տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ. Ա-ն՝ օժանդակելով նշված պաշտոնատար անձանց և գործելով վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ, գնման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ներկայացրել է առաջարկվող ապրանքի որակական հատկանիշների վերաբերյալ կեղծ հավաստագրեր: Համապատասխան տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում 3 բժշկական հաստատությունների համար սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են այդ հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով, ինչի հետևանքով խարխլվել է պետական մարմնի հեղինակությունը, խախտվել են գնման գործընթացին մասնակցող այլ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, խաթարվել է գնումների բնականոն գործընթացը, ինչի հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունն՝ ուղղված բժշկական օգնության որակի ապահովմանն ու բարձրացմանը, այլև վտանգի տակ է դրվել մեծ թվով անձանց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքի իրականացումը՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

 

Գործի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 25-ին ՀՀ պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք և նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ.Ա-ն ձերբակալվել են: 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը։

Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գնումների բնագավառում բոլոր կոռուպցիոն դրսևորումները և դրանց առնչվող անձանց բացահայտելու, պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ