Գիտությամբ զբաղվող 2200 անձ կզրկվի պետական ֆինանսավորումից. սպառնալիք գիտությա՞նը, թե անհրաժեշտ կրճատումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Կառավարության որոշումն իսկական անորոշություն և խառնաշփոթ է առաջացրել ԵՊՀ-ում։ Մայր ԲՈՒՀ-ի շուրջ 450 աշխատակից կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Անցած տարվա դեկտեմբերի 27-ին կառավարությունը որոշում է կայացրել հիմնադրամներին, այդ թվում՝ ԵՊՀ-ին, գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորում հատկացնել մրցութային կարգով, թեպետ՝ հայտնի չէ մրցույթի կարգն ու ժամանակացույցը։ Պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի խոսքով՝ հունվար ամսվա համար ԵՊՀ-ն պետությունից գումար չի ստացել և իր 450 գիտաշխատողներին աշխատավարձ է վճարել սեփական բյուջեից։ Աշխատակիցներին ծանուցել են, որ երկու ամսից դադարեցվելու են նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը։

«Կդադարեցվի 250 աշխատակցի պայմանագիր, որոնցից 200-ը հիմնական գիտաշխատողներ են։ Այսինքն, նրանք, որ գիտնական էին և դասախոս, դասախոսական մասով կշարունակեն ստանալ ֆինանսավորում, գիտության մասով՝ ոչ։ Իսկ այն 200-ը, որ միայն գիտաշխատող էին, նրանց ֆինանսավորումը կդադարեցվի և կդառնան գործազուրկ»,- Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը։

Հայաստանի Գիտության պետական կոմիտեում գրանցված է 6200 գիտնական, և եթե Կառավարության այս որոշումը չփոխվի, շուրջ 2200 գիտնական կզրկվի պետական ֆինանսավորումից։ ԵՊՀ գիտական խորհուրդը նամակով դիմել է վարչապետին՝ հորդորով՝ հետ կանգնել որոշումից։ Պատասխան դեռ չկա։ Գեղամ Գևորգյանն ասում է․ «Դադարելու է գիտական որոշակի ենթակառուցվածքների ֆինանսավորումը, և այդ լաբորատորիաները չեն աշխատելու, գիտական արդյունք չեն տալու, եթե չփոխվի որոշումը»։

Այս կրճատման կողմնակիցները պնդում են, որ Գիտության պետական կոմիտեում գրանցվածների շարքերում կան գիտությամբ չզբաղվող, բայց պետությունից աշխատավարձ ստացող մարդիկ։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Գեղամ Գևորգյանը չբացառեց այդ հավանականությունը, այդուհանդերձ, նման հիմքով կրճատումներն իրեն չեն համոզում. «Դա չի նշանակում, որ պետք ա ոլորտը փակել ընդհանրապես։ Մեր երկրում կան հանցագործներ, բայց դա չի նշանակում, որ երկիրը պետք է վերացնել։ Իհարկե, կան անարդյունավետ գիտաշխատողներ և այնպես չէ, որ մարդը մտել է գիտական ոլորտ, ցմահ գնում է։ Բավականին շատ մարդիկ ազատվում են աշխատանքից անարդյունավետության համար, բայց դա սովորական աշխատանքային պրոցես է, և մենք այդ մասին չենք բարձրաձայնում»:

Պրոռեկտորը չի հիշում, թե, օրինակ, 2018 թվականին անարդյունավետ աշխատանքի հիմքով քանի գիտնական է հեռացվել ԵՊՀ-ից։ 2018-ի մարտ ամսին ԵՊՀ-ն ենթակառուցվածքների Ֆինանսավորման հայտով դիմել է պետությանը և չի մերժվել։ Պրոռեկտորը շեշտում է՝ Երևանի պետական համալսարանը դեմ չէ ֆինանսավորումը մրցութային կարգով իրականացնելուն, դեմ են կտրուկ շրջադարձերին․ «Դեկտեմբերի վերջին չի կարելի ասել, որ չեմ վճարելու ձեր ենթակառուցվածքի համար։ Եթե հունվարին չէր վճարվելու, հունիսին կարելի էր հայտարարել մրցույթ, ով կշահեր, թող նրան էլ ֆինանսավորեին։ Մրցույթ էլ եթե լինի, դա չի կարող լինել 1 տարով։ Մի քանի տարվա համար պիտի լինի մրցույթը, որովհետև ենթակառուցվածքի պահպանումը ռեստորան չի, որ էսօր բացես, աշխատի, վաղը կարող ես փակել»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Վալերի Առաքելյանին այս բովանդակությամբ ծանուցում է եկել․ «2019 թվականի մարտի 31-ին լուծարվելու է Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը»։

Օրերս նույնաբովանդակ ծանուցում ստացել են նաև նրա ղեկավարած կենտրոնի 23 աշխատակիցները։ Կառավարության որոշումից զարմացած գիտնականն ասում է՝ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները․ «Ի՞նչ է նշանակում ենթակառուցվածքների պահպանման և զարգացման ծրագիրը պետք է մրցույթով լինի։ Ո՞ւմ հետ ենք մրցելու, ի՞նչ մրցույթ է լինելու։ Պարզ չի՝ եթե մարտի 31-ին լուծարվելու է, բա հունվար, փետրվար ամսին մարդիկ աշխատո՞ւմ են, թե՝ չէ, ստանալո՞ւ են աշխատավարձ, թե՝ չէ, իսկ մարտի 31-ից հետո ի՞նչ է լինելու, այսինքն՝ ամբողջ կենտրոնը փակվում է, դրանից հետո ի՞նչ է լինելու, հայտարարվում է մրցույթ, 3-4 ամիս դա տևի, հետո մրցույթի արդյունքում ֆինանավորում կլինի՞, թե՝ ոչ»։

24 աշխատակից ունեցող կենտրոնի տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեի վրա արժենում է 35 միլիոն դրամ։ Պարոն Առաքելյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե իրենց կենտրոնը փակելով պետությունը լուրջ ֆինանսական խնայողություն կանի․ «Ասենք ֆիզմաթ գիտությունների թեկնածուն՝ ավագ գիտաշխատող, ստանում է մոտ 120-ից 130 000 դրամ, ընդ որում՝ դա ոչ թե մաքուր, այլ կեղտոտ աշխատավարձն է, որից 26 տոկոս հարկ է վճարվում։ Այսինքն՝ խոսել, որ աշխատավարձը պետության համար մեծ բեռ է, այդպես չէ»։

Գիտնականները վրդովված են, որ իրենց վերաբերյալ կառավարությունը որոշում է կայացնում առանց իրենց հետ քննարկումների։ Վալերի Առաքելյանին մտահոգում է այն, որ հաշվի չի առնվել իրենց կենտրոնի օգտակար գործողության գործակիցը․ «Մեր 1 տարում հրատարակված հոդվածներն ավելի շատ են, քան որևէ ակադեմիական ինստիտուտի հոդվածները։ Միայն մեր կենտրոնից ստացել ենք նախագահի 7 մրցանակ։ Դա հենց էնպես չի տրվում»։

Նունե Հակոբյանը աշխատանքը կորցնելու վտանգի առաջ հայտնված գիտաշխատողներից է։ ԵՊՀ-ի այս լաբորատորիաներում աշխատում է արդեն 15 տարի։ Վերջին տարիներին Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը միջազգային 3 խոշոր դրամաշնորհի շրջանակում ձեռք է բերել գերկարևոր և թանկարժեք սարքավորումներ։ Տիկին Նունեն չի պատկերացնում լաբորատորիաների հետագա ճակտագիրը։

«Ի՞նչ կարա էստեղ լինի, այնպիսի հարստություն է ստեղծվել էս տարիների ընթացքում։ Էդ պրոյեկտների շրջանակում մենք ձեռք ենք բերել թանկարժեք սարքավորումներ, կոնկրետ այս օպտիկական սեղանը, լազերը․․․ մի քանի 100 000-ի արժեք ունեն»։ Վալերի Առաքելյանն ավելացնում է․ «Հասել ենք այնպիսի մակարդակի, որ աշխատանքները ավելի բարձր մակարդակով են արվում, և էսօր դրանք միանգամից ոչնչացնել, ես կասեի՝ դա հանցագործություն է։ Չի կարելի գիտությանը վերաբերվել այդպես»։ Իսկ Գեղամ Գևորգյանի ձևակերպմամբ՝ լաբորատորիաները ստեղծելու համար միլիոնավոր դոլարների ծախս է արված, իսկ հիմա դրանք դառնում են ընդամենը մետաղ։

Նունե Հակոբյանը նշում է՝ կողմ է նման հարցերը քննարկումների միջոցով լուծելուն, բայց և չի վարանի մասնակցել փետրվարի 7-ին Կառավարության շենքի դիմաց նախատեսված բողոքի ակցիային․ «Եթե ուրիշ ճանապարհ չկա, ստիպված կլինեմ գալ, որովհետև, եթե մենք այստեղ չաշխատենք ի՞նչ ա լինելու այս հարստության հետ»։

Կառավարության որոշումից անակնկալի են եկել նաև Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող Գիտության պետական կոմիտեում։ Դեկտեմբերի սկզբին այս հարցով ֆինանսների նախարարությունում կազմակերպված քննարկմանը կոմիտեն բացասական կարծիք է հայտնել ֆինանսավորման ձևի փոփոխման վերաբերյալ։

«Մենք ասում ենք՝ մրցութային ֆինանսավորմանը կողմնակից ենք, բայց ռեյտինգային ֆինանսավորման չափորոշիչները հաստատելուց և հասարակական քննարկումներ անցնելուց հետո միայն։ Մենք մեր բացասական կարծիքն արտահայտել ենք, բայց գրավոր կարծիք չենք հայտնել, որովհետև մեզ չեն ուղարկել գրավոր կարծիք ստանալու, եթե ուղարկեին, մենք բացասական կարծիք կհայտնեինք»,- ասում է կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

Նրա հավաստմամբ՝ կոմիտեն նախարար Արայիկ Հարությունյանի հետ արդեն իսկ կառավարությանն առաջարկել է անցնել ֆինանսավորման ռեյտինգային մոդելի։ Հոկտեմբերից գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որը պիտի որոշի ռեյտինգային ֆինանսավորման չափորոշիչները։ Պարոն Հարությունյանն ասում է՝ ռեյտինգային ֆինանսավորման մոդելը կիրառվում է շատ երկրների լաբորատորիաներում և ինստիտուտներում․ «Դա հոյակապ մի տեխնոլոգիա է, համաձայն որի՝ ցանկացած պետական հիմնարկ ստանում է իր գումարները՝ կատարված աշխատանքի դիմաց։ Չափորոշիչների մեջ մտնում են՝ մի շարք պարամետրեր, դա հիմնարկի հետազոտությունների արդյունավետության գնահատականն է, տրվում է միավորներ, կադրային ներուժի և նյութատեխնիկական ապահովության առկայությունը, միջազգային գիտատեխնիկական տարածքում ինտեգրվելու աստիճանը։ Էնպես որ որոշակի լուծումներ փնտրվում են հիմա, մենք պարոն Հարությունյանի հետ զանազան տարբերակներ ներկայացրել ենք կառավարություն, հուսով ենք՝ խելքին մոտ մի տարբերակ կընդունվի»։

Իսկ ի՞նչ է սպասվում աշխատանքային պայմանագրերը լուծարելու մասին ծանուցում ստացած գիտնականներին: «Եկեք համբերենք մի քանի օր և  կարծում եմ՝ դրական ինչ-որ լուծում մենք կունենանք»,- խորհուրդ տվեց Սամվել Հարությունյանը։

Ռոբերտ Անանյան