Պահանջում ենք կասեցնել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի ընդունման գործընթացը. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

Լուրեր

11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
11.09.2026 | 14:25
Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
Բոլորը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որին միացել ենԺուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ը և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն: Նշվում է, որ հայտարարությունը բաց է միանալու համար:

2018թ․ դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Վերջինիս վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը սահմանվել է մինչև 2019թ․ հունվարի 8-ը։

Հարկ ենք համարում բարձրաձայնել, որ ինչպես նախագծի մշակման գործընթացը, այնպես էլ դրա կառուցվածքը և բովանդակությունը խնդրահարույց են, ինչի վերաբերյալ դիտարկումները ներկայացված են ստորև։

Գործընթաց

  • Նախագծի մշակման գործընթացը եղել է ոչ թափանցիկ և անբավարար մասնակցային՝ համեմատած նախորդ երկու հակակոռուպցիոն ռազմավարությունների և դրանց իրականացման միջոցառումների ծրագրերի (2009-2012թթ. և 2015-2018թթ.) մշակման գործընթացների հետ, որոնցում շահագրգիռ բոլոր կազմակերպությունները ներգրավվել են նախքան նշված փաստաթղթերի պաշտոնական շրջանառումը, ուստիև ավելի մեծ հնարավորություն են ունեցել ազդելու դրանց բովանդակության վրա։
  • Նոր՝ չորրորդ հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանն առնչվող միակ քննարկումը եղել է 2018թ․ հունվարին, այսինքն՝ նախորդ կառավարության օրոք։ Հեղափոխությունից հետո նոր ռազմավարության մշակման գործում քաղհասարակության ներգրավման որևէ պաշտոնական գործընթաց չի եղել, իսկ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները նույնիսկ չեն քննարկվել։
  • Նախագիծը 2018թ. դեկտեմբերի 19-ին ներկայացվել է մի խումբ հասարակական կազմակերպությունների շրջանում և նույն օրը տեղադրվել e-draft.am կայքում՝ առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը սահմանելով 14 օր՝ մինչև 2019թ. հունվարի 3-ը, որն այնուհետ երկարաձգվել է մինչև հունվարի 8-ը՝ 20 օր: Հաշվի առնելով, որ այս ընթացքում 12 օր ոչ աշխատանքային, տոնական օրեր են, բնականաբար սահմանափակվում են շահագրգիռ քաղաքացիների և կազմակերպությունների` փաստաթղթին ծանոթանալու և առաջարկություններով հանդես գալու հնարավորությունները:
  • Ակնհայտ է, որ ներկայացված նախագիծը նախապատրաստվել է ի միջի այլոց, անփույթ և ներկայացվել հապճեպ կերպով՝ հասցնելու այն հրապարակել մինչև երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության վերջնաժամկետը՝ 2018թ․ դեկտեմբերի 31-ը։ Նախագծի առաջ մղման ոչ թափանցիկ և ոչ մասնակցային գործընթացով ՀՀ արդարադատության նախարարությունը անպատասխանու վարքագիծ է դրսևորել ինչպես շահագրգիռ հանրության, այնպես էլ՝ հենց փաստաթղթի ու դրա կարևորության նկատմամբ։

Կառուցվածք

  • Ի լրումն փաստաթղթի մշակման խնդրահարույց գործընթացների, Նախագիծը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2015թ. հունվարի 22-ի N2 արձանագրային որոշմամբ հաստատված Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցի պահանջներին:
  • Մասնավորապես` Նախագծի ռազմավարության հատվածում բացակայում են այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են կատարողականի ցուցանիշները, նախատեսված միջոցառումների ղեկավարման մոնիտորինգի և դրանց հաշվարկների իրականացման ընթացակարգերը և այլն։ Փաստաթուղթը դրական լույսի ներքո թվարկում է նախկինում արված գործողությունները՝ առանց կատարելու դրանց արդյունավետության գնահատում։
  • Հաշվի առնելով, որ ռազմավարությունից առաջ չի մշակվել հայեցակարգ, ինչը կլիներ տրամաբանական, և համաձայն վերոնշյալ Ուղեցույցով ենթադրյալ գործընթացի՝ Նախագծից դուրս են մնում բազմաթիվ հարցեր։ Մասնավորապես, պատշաճ ներկայացված չի նպատակը, որի շրջանակում, ըստ նշված Ուղեցույցի, կնկարագրվեին առկա իրավիճակը և գործող/նախկին քաղաքականության հետ կապված խնդիրները, և հասկանալի կլիներ, թե ինչ խնդիր է լուծում նոր ռազմավարությունը։ Բացակայում է միջոցառումների համար հիմք հանդիսացող խնդիրների վերլուծությունը, առաջիկա անելիքներն էլ, ըստ այդմ, ներկայացված են կցկտուր և առանց պատշաճ հիմնավորումների։Արդյունքում՝ հասկանալի չէ առանձին միջոցառումների կապը ռազմավարության հետ և դրանց իմաստավորումը։ Մասնավորապես՝ անըմբռնելի է որոշ միջոցառումների դերն ու նշանակությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես օրինակ՝ լոբբիստական գործունեության օրենսդրական կարգավորումը։

Բովանդակություն

  • Նախագծի անփույթ և հապշտապ նախապատրաստումն իր ազդեցությունն է ունեցել փաստաթղթի բովանդակության վրա։ Այն, ակնհայտորեն, հանդիսանում է նախորդ իշխանությունների որդեգրած ձևական մոտեցումների տրամաբանական շարունակությունը և չի արտացոլում կոռուպցիայի դեմ պայքարին միտված քաղաքական կամքի առկայությունը։
  • Նախագծի ռազմավարության հատվածի Ներածության առաջին իսկ պարբերությունում նշված է. «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ` հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»: «Ռազմավարություն» կոչվող այս փաստաթղթում որևէ խոսք չկա այն մասին, որ եղել է համաժողովրդական ընդվզում կոռումպացված իշխանությունների դեմ, որ եղել է շրջադարձային փոփոխություն կոռուպցիայի դեմ պայքարում, և որ նոր կառավարությունը նախկին իմիտացիոն քաղաքականության փոխարեն որդեգրել է կոռուպցիան արմատախիլ անելու մոտեցումը։
  • Նույն ոգով՝ ռազմավարության նախագծի 1.1 և 1.3 բաժիններում նկարագրվում են երրորդ ռազմավարության արդյունքները և հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը՝ առանց գնահատելու դրանց արդյունավետությունը` առնվազն միջազգային կազմակերպությունների կոռուպցիայի ընկալման համաթվերի անբարենպաստ արժեքների համատեքստում։
  • Ներկայացվում են ծրագրի արդյունքներն այն դեպքում, երբ դեռ պարզ չէ, թե արդյոք բոլոր միջոցառումները հասցնում են ավարտել մինչև վերջնաժամկետը։ Ընդ որում՝ խիստ կարևոր է, որ լինի արդյունքների և քաղած դասերի վերլուծություն՝ հետագա քաղաքականության ու միջոցառումների մեջ շտկումներ անելու և դրանց արդյունավետությունը երաշխավորելու նպատակով։
  • Իրավացիորեն նշելով ներկա ռազմավարության մի շարք թերացումների մասին, այն է, մոնիտորինգի մեխանիզմի բացակայությունը, փաստաթղթի ոչ ճկուն լինելը և հանրային իրազեկման ծրագրերի բացակայությունը՝ ռազմավարության նախագիծը չի նշում նախորդ ռազմավարությունների իրականացման ամենամեծ թերացման՝ քաղաքական կամքի բացակայության մասին: Ոչ մի ակնարկ չկա կոռուպցիայի համակարգային բնույթի և դրա արմատական պատճառների մասին։
  • Մոնիտորինգի մեխանիզմի բացակայությունը համարելով երրորդ ռազմավարության ամենալուրջ թերացումը՝ ռազմավարության նախագիծը, փոխանակ առաջարկելու լուծումներ, 3-րդ բաժնում մոնիտորինգի վերաբերյալ տալիս է միայն հնչեղ հայտարարություններ և բարի ցանկություններ: Այս մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ մոնիտորինգի բացակայության մեխանիզմը կդառնա նաև նոր ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կարևորագույն թերացումը:
  • Հակակոռուպցիոն ռազմավարությունը պատշաճ չի անդրադառնում դատական իշխանությանը և բացի e-justice հարթակից չի առաջարկում միջոցառումներ դատական կոռուպցիայի առնչությամբ՝ մինչդեռ հստակ է որ օրենսդիր և գործադիր մարմիններում քաղաքական կամքի առկայության պայմաններում կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհին հիմնական խոչընդոտ են լինելու կոռումպացված դատական համակարգը և դատավորները։
  • Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների դերը չափազանցված է և միջոցառումների ծրագիրն ավելորդ լցոնված է տարբեր ոլորտներում դիսկրետ էլեկտրոնային գործիքների ներդրման առաջարկություններով՝ առանց ունենալու ոլորտներում առկա խնդիրների առավել համապարփակ պատկերն ու ներկայացվող միջոցառումների պատշաճ հիմնավորումները, ինչպես նաև՝ ամբողջականությունից զրկելով հակակոռուպցիոն քաղաքականության փիլիսոփայությունը։
  • 2018թ․ սեպտեմբերի վերջին Երևանում ներկայացվեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի կողմից իրականացված մոնիտորինգի չորրորդ շրջափուլի արդյունքում պատրաստված զեկույցը, որում ներկայացվեցին բազմաթիվ առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու առնչությամբ։ Հարկ է նշել, որ այս զեկույցում բերված բավականին մեծ թվով առաջարկություններ պարզապես անտեսվել են Նախագծի հեղինակների կողմից։

Հաշվի առնելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի որակի, բովանդակության և ընդունման գործընթացի վերոնշյալ խնդիրները՝ պահանջում ենք կասեցնել Նախագծի ընդունման գործընթացը և հնարավորինս սեղմ ժամկետում վերանայել փաստաթուղթը՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։

Ժամանակն է վերջ տալ նախորդ կառավարությունից ժառանգած ձևական ու կեղծ մոտեցումներին, և երկրի հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար փաստաթուղթը համահունչ դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում քաղաքական կամքի առկայությանն ու հանրային ակնկալիքներին։

ՀՀ կառավարության մարմինների կողմից մասնակցային և բաց գործընթաց ապահովելու պատրաստակամության պարագայում պատրաստ ենք համագործակցել՝ ունենալով բովանդակային ներդրում փաստաթղթի վերանայման և բարելավման գործում։

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Հետաքննող լրագրողներ ՀԿ