2018թ. ամենամեծ պառակտումներն ու միացումները. ով ում ուրացավ կամ ումից հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

2018 թվականը Հայաստանին որևէ հետաքրքիր իրադարձություն չէր խոստանում. ընդամենը հայտնի էր, որ ապրիլի 9-ին լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Եվ թաքուն հույսեր կային, որ նա տեր կկանգնի իր խոստմանն ու գարնանը, երբ Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգին, վարչապետի պաշտոնում չի առաջադրվի: Սերժ Սարգսյանը, սակայն, առաջադրվեց և ապրիլի 17-ին ընտրվեց վարչապետի պաշտոնում:

Նրա առաջադրման դեմ մարտի 31-ից Հայաստանով մեկ քայլարշավ նախաձեռնեց «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Եվ այդպիսով դանդաղ, բայց հաստատուն քայլերով Հայաստանում բռնկվեց հեղափոխական մի ալիք, որը կարճ ժամանակ հետո հանգեցրեց իշխանափոխության: Եվ ոչ միայն: Հեղափոխությունը բազմաթիվ սկանդալային բաժանումների, ուրացումների կամ միացումների պատճառ դարձավ: Դրանցից շատերը, իհարկե, կարճ միացում դարձան:

Ապրիլի 23-ից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ընդամենը 2 օր հետո ՀՅԴ-ն հայտարարեց, որ դուրս է գալիս կոալիցիայից, իսկ մայիսի 1-ին և 8-ին ԱԺ-ում կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այն դեպքում, երբ ընդամենը երկու շաբաթ առաջ կողմ էր քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը: ՀՅԴ-ի այս պահվածքն առիթ դարձավ մեկ այլ բաժանման. կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ղեկավար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Կուսակցության պահանջով նա ոչ միայն վայր դրեց մանդատը, այլև հեռացվեց ՀՅԴ-ից:

ԲՀԿ-ն թեև կոալիցիայի անդամ չէր, բայց ապրիլի 17-ին մեկ տասնյակից ավելի կողմ քվեներ տվեց Սերժ Սարգսյանին, որ նա վարչապետ ընտրվի, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր առաջ հայտարարեց, որ միանում է համաժողովրդական շարժմանը: Մայիսի 2-ին արդեն Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպեցին «Մարիոթ Արմենիա»  հյուրանոցում, իսկ իշխանափոխությունից հետո ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն միացան Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանն ու նախարարական պաշտոններ ստացան:

Այս երկու կուսակցությունները, սակայն, չկարողացան իրենց պորտֆելները պահպանել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ԱԺ կանոնակարգ օրենքում նախաձեռնած փոփոխություններն ընդունելու պատճառով Փաշինյանը հոկտեմբերի 2-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ հենց փողոցում հայտարարեց, որ այդ կուսակցությունների նախարարներին ազատում է պաշտոններից: Գագիկ Ծառուկյանը շտապեց հարցազրույց տալ իրեն պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությանն ու ասել, որ մեծ լումա ունի հեղափոխության գործում: «Խի իմ չափ լումա ո՞վ ունի, հեղափոխությանը մեքենաներով ջրեր եմ ուղարկել: Կարո՞ղ ա էտ էլ են ասում՝ չի եղել»,- հայտարարեց նա:

Մի քանի օր անց արդեն Փաշինյանն ու Ծառուկյանը հուշագիր ստորագրեցին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Իսկ Սերժ Սարգսյանից երես թեքեցին նաև նրա որոշ մտերիմներն ու կուսակիցները: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում շատ կոպիտ արձագանքեց լրագրողի դիտարկմանն այն մասին, թե նա Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի անդամ է. «Ես Երկրապահի անդամ եմ, տղա՛ ջան, եթե չգիտես՝ ծանոթանանք։ Ինչի՞ ես ըտենց բան ասում, ես գեներալ եմ, հերոս եմ»:

Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկած գեներալը մայիսի 8-ին կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, իսկ նրա որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հայտարարեց, թե վերջապես ժողովրդի դեմքին ժպիտ է երևում:

Մանվել Գրիգորյանի ամառանոցում զինվորի բաժին «տուշոնկայի» հայտնաբերումը սեպ խրեց արդեն գեներալի ու նրա մարտական ընկերոջ՝ գեներալ Սեյրան Սարոյանի միջև: Գեներալ Սեյրանը ժամեր անց շտապեց հրապարակավ իրեն տարանջատել երկու տասնամյակ անբաժան ընկերոջից. «Ո՞նց կարայի ես իմանայի, որ ըտենց բան է անում ու խայտառակ չանեի»:

Մայիսի 1-ին բոլորի համար շատ անսպասելի կերպով Նիկոլ Փաշինյանին ընտրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Փաշինյանի օգտին քվեարկեցին ՀՀԿ խմբակցությունից 12 այլ պատգամավորներ՝ Շիրակ Թորոսյանը, Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Սամվել Ալեքսանյանն ու այլք:

Եվ վերջապես Գևորգ Կոստանյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու նախկին գլխավոր դատախազը, որը Սերժ Սարգսյանի վստահելի կադրերից մեկն էր, հոկտեմբերի 8-ին շատ անսպասելի կերպով հայտարարեց, որ ամբողջությամբ աջակցում է Նիկոլ Փաշինյանին և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքական անհրաժեշտություն է համարում:

Պառակտումներն ու բաժանումները տեղի ունեցան ոչ միայն նախկին իշխանությունների մեջ: Հեղափոխությունից հետո բաժանվեցին նաև «Ելք» դաշինքին մաս կազմող կուսակցությունների ճանապարհները: «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ոչ միայն չմիացան Փաշինյանի քայլարշավին, այլև նրան հորդորում էին չշարունակել այն, քանի որ իր և իշխանության առաջարկած ճանապարհներից զատ՝ կա երրորդ ուղի:

Այդ կուսակցությունները թեև նոր կառավարությունում նախարարական պորտֆելներ ստացան, բայց «Ելք» դաշինքը պառակտվեց: Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը մասնակցեց «Իմ քայլը» դաշինքով, իսկ այդ երկու կուսակցությունները ստեղծեցին նոր՝ «Լույս» դաշինքը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին այն արդեն պառակտվեց, «Լուսավոր Հայաստանը» մենակ գնաց պայքարի, «Հանրապետությունը» նոր դաշինք ստեղծեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ:

Առանց կորուստների չմնաց նաև «Լուսավոր Հայաստանը». պատգամավոր Հայկ Կոնջորյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ դուրս եկավ ԼՀԿ-ից և միացավ «Իմ քայլը» դաշինքին:

Բայց հետհեղափոխական շրջանի ամենաուշագրավ և ամենամեծ բաժանումն արեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ հասարակությանը բաժանելով սևերի և սպիտակների:

Քաղաքական այս բաժանումների կամ կարճ միացումների շարքը, թերևս, կարող է եզրափակել Դավիթ Շահնազարյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ քաղաքական դաշտում պայթյուն առաջացրեց լուրը, որ նա ընդգրկվել է ՀՀԿ նախընտրական ցուցակում: Դավիթ Շահնազարյանն իր այդ քայլը բացատրեց արտաքին սպառնալիքներով:

Ինչպես տեսնում ենք՝ քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ կամ բարեկամներ, կան մշտական շահեր: Ընդամենը յոթ-ութ ամսում այսքան կարճ միացումներն ու բաժանումները հենց այդ մասին են վկայում: Բայց արդյո՞ք այս պահին գոյություն ունեցող միացումները կամ պառակտումները հավերժ են: Իհարկե՝ ոչ: Իսկ 2019 թվականը մեր հանրությանը, հավանաբար, միացումների ու բաժանումների նոր անակնկալներ կմատուցի:

 

Արմինե Ավետյան