Երևանի կենտրոնում Դերժավայի Արկադիի որդին անօրինական շինարարություն է անում. Հայկ Մարությանի «քանդել-ոչնչացնել» օպերացիան վրան չի ազդում. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

18.05.2026 | 20:00
Ատելության սերմանումը ահաբեկչության, զենքի կիրառման կարող է բերել․ անգամ Հոկտեմբերի 27-ին այս կարգի թշնամանք չկար․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 19:47
392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը
18.05.2026 | 19:33
Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելի կառուցման մասին
18.05.2026 | 19:21
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Փաշինյանի և իր մոր մասնակցությամբ միջադեպում քրեաիրավական տարր չի տեսնում
18.05.2026 | 19:11
Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա ֆեյսբուքյան էջը հեռացվել է համացանցից․ փաստաբան
18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:53
Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ
18.05.2026 | 18:44
«Փաշինյանն ու Ալիևն են Հայաստանի սպառնալիքը, թող էդքան բանը լավ լսի, անտեղի չներվայնանա»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:36
Յուրա Մովսիսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին
18.05.2026 | 18:28
ՄԻՊ-ը քաղաքական ուժերին հորդորում է զերծ մնալ հանրային պառակտում խորացնող խոսույթից
18.05.2026 | 18:25
Նեյմարը փոխարինվել է մրցավարի սխալի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:20
Ոնց կարանք չվերադարձնենք, զբաղվող ա պետք․ Ծառուկյանը՝ Բաքվի գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:19
Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը քույր քաղաքներ կդառնան
18.05.2026 | 18:13
ՀԿ-ները Factor TV-ի հրապարակումից հետո անկախ քննություն են պահանջում «Նուբարաշեն»-ում ինքնասպանություն գործածի դեպքով
18.05.2026 | 18:10
Փաշինյանի հետ վիճաբանած կինը կարող է կորցնել աշխատանքը // Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը, Մաշտոցի 52 հասցեում անօրինական շինարարություն է իրականացնում: Նշյալ հասցեում գտնվում է Երևանի պետական համալսարանի նախկին հյուրատունը, որտեղ Համբարձումյանները շքեղ հյուրանոց են կառուցում:

2015 թվականին ԵՊՀ հյուրերի տունը, կառավարության որոշմամբ, հանձնվեց ԵՊՀ հիմնադրամին, որից հետո ԵՊՀ-ն գույքը հանեց աճուրդի՝ 1 քմ 1500 դոլարով: Աճուրդի միակ մասնակիցը դարձավ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի որդուն՝ Ստանիսլավ Համբարձումյանին: «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի միակ սեփականատերը և հիմնադիրը Ստանիսլավ Համբարձումյանն է: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային ռեգիստրի տվյալների բազայից:

Բացի այն, որ Համբարձումյանները նշյալ կառույցում անօրինական շինարարություն են իրականացնում, զուգահեռաբար ոտնահարել են մեկ այլ տնտեսվարողի՝ «Շանտան» ՍՊԸ-ի սեփականատիրոջ իրավունքները: 2003 թվականից «Շանտան» ՍՊԸ-ն ԵՊՀ հյուրերի տանը հանդիսացել է գույքի սեփականատեր-տարածքի վարձակալ: Այդ ամենը եղել է փաստաթղթերով՝ գրանցված կադաստրում:  Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Շանտան» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Հարություն Ղազարյանը, որը Մաշտոցի 52 հասցեում զբաղվել է ռեստորանային բիզնեսով:

   

«Աճուրդից հետո՝ 2017 թվականի հունվար-փետրվարին, նրանք ԵՊՀ հյուրատանը սկսում են շինաշխատանքեր իրականացնել: Քանդում և վնասում են մեր գույքը: Մի քանի անգամ մեզ ասում են, որ դուրս արեք, մենք այս տարածքն առել ենք, որին ի պատասխան՝ ես ասում եմ, որ ունեմ գրանցված իրավունք: Սակայն հարցը լուծվում է շատ կոպիտ ձևով՝ մեր գույքը քանդում, ջարդում և փշրում են: Ստիպված մենք մեր գործունեությունը դադարեցնում ենք: «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի իրավաբանը եկավ և էլեկտրիկին ստիպեց, որ անջատեն մեր ռեստորանի լույսերը, իսկ շենքի ճարտարապետի գլխավորությամբ քանդեցին մեր դրսի շինությունը, փոխեցին դարպասների բանալիները: Հիմա չենք կարողանում մեր տարածք մտնել»,- պատմեց Ղազարյանը:

Հարություն Ղազարյանը նշեց, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի նման պահվածքից հետո իրենք դիմել են դատարան՝ շինթույլտվությունը վիճարկելու համար:

«Քաղաքապետարանը մեզ թույլտվություն է տալիս, որ մենք աստիճան ու տաղավար կառուցենք, հետո մի ուրիշ ՍՊԸ-ի քանդման թույլտվություն է տալիս: Շինթույլտվությունը «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ին տրամադրվել է 2017-ի օգոստոսին, բայց նրանք շինարարություն այնտեղ սկսել են 2017-ի հունվարից: Այսինքն՝ 6-7 ամիս այդտեղ իրականացվել է ապօրինի շինարարություն, և քաղաքապետարանը դրան որևէ կերպ չի արձագանքել»,- նշեց նա:

Հարություն Ղազարյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդրի հետ կապված գրավոր և բանավոր դիմել է Երևանի քաղաքապետարան, ինչպես Տարոն Մարգարյանի, այնպես էլ նոր քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք: Ղազարյանն ընդգծում է՝ քաղաքապետարանից չեն հերքում, որ շինարարությունն անօրինական է, բայց գործնական քայլերի չեն անցնում:

«Մենք նախկինում բողոքել ենք, և մեզ մի թուղթ են տվել, որտեղ արձանագրվում է, որ շինարարությունն ինքնակամ է իրականացվում, բայց դադարեցնելու միջոցներ չեն իրականացվում: Քաղաքային նոր իշխանություններին ևս դիմում ենք ներկայացրել: Քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետը բանավոր պատասխանել է՝ չեմ կարող գնալ և բանվորին արգելել, որ աշխատի, իսկ թեժ գծի միջոցով ասել են՝ մենք արձանագրել ենք, էլ ի՞նչ եք ուզում քաղաքապետարանից»,- ներկայացրեց նա:

«Շանտան» ՍՊԸ-ի սեփականատերը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այս ամենի պատճառով մեծ ֆինանսական կորուստներ է ունեցել: Խոսքը, մասնավորապես, 60 միլիոն դրամի գույքի վնասի և բաց թողնված շահույթի մասին է, որը յուրաքանչյուր ամիս կազմել է 5 մլն դրամ: ՍՊԸ-ի սեփականատերը նշեց նաև, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի ներկայացուցիչները մի քանի օր առաջ են ծանուցում ուղարկել «Շանտան» ՍՊԸ-ին, որ ցանկանում են պայմանագիրը վաղաժամ դադարեցնել. «Ըստ օրենքի՝ նա պետք է ծանուցի, երեք ամիս սպասի, որից հետո դիմի դատարան, որ պայմանագիրը լուծարվի»:

«Շանտան» ՍՊԸ-ի սեփականատերը տեղեկացրեց, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի շինթույլտվությունը վիճարկելու գործով առաջին դատական նիստը նշանակված է 2019 թվականի մարտին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ին 2017 թվականի նոյեմբերին զգուշացրել են, որ շինարարությունը պետք է դադարեցնել: Այնուհետ, նույն թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը, հաշվի առնելով, որ շինաշխատանքները չեն դադարեցվում,  ընկերությանը 200 հազար և 2 մլն 500 հազար դրամի վարչական տույժերի է ենթարկել: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին փոխանցեցին քաղաքապետարանից: Մեզ տրամադրված պատասխանում նշվում է նաև, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ն իր հերթին է դատարան դիմել, որպեսզի չվճարի 200 հազար դրամ վարչական տույժը:

«2018 թվականի օգոստոսի 13-ին աշխատանքային այցելություն է իրականացվել Մաշտոցի պողոտայի  52 հասցե՝ շինարարական աշխատանքները կասեցնելու նպատակով: Թեև նշված այցելության ընթացքում կառուցապատման օբյեկտի տարածքում փաստացի որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել, սակայն կառուցապատողի ներկայացուցչի հետ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ կազմվել է համապատասխան գրավոր արձանագրություն, իսկ կատարված տեղատեսությունը՝ տեսաձայնագրվել: Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ կառուցապատման օբյեկտում՝ Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում, շարունակվելու է իրականացվել հսկողություն՝ հնարավոր շինարարական աշխատանքները կասեցնելու համար»,- նշված է քաղաքապետարանից մեզ փոխանցված պատասխանում:

Խնդրի շուրջ մեկնաբանություններ փորձեցինք ստանալ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի ներկայացուցիչներից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Ի դեպ, Երևանի քաղաքային իշխանությունների փոփոխություններից հետո ապօրինի շինարարության դեմ պայքար է սկսվել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Նոր Նորքում ապամոնտաժվեց երկհարկանի մի շինություն:

Թե ե՞րբ կհասնի, և կհասնի՞ արդյոք Հայկ  Մարությանն Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքի կողմից Մաշտոցի 52 հասցեում կառուցված ապօրինի շինությանը, հայտնի չէ:

 

Հայկ Վարդանյան