«Սամվել Կարապետյանը ՀՀ-ի ամենամեծ թալանողներից մեկն է․ ՀԷՑ-ը ե՞ս եմ թալանել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
30.11.2026 | 00:29Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանադրական հնարավոր հանրաքվեին, ընտրություններին իր հետագա մասնակցությանը, ինչպես նաև պատասխանել ընդդիմության քննադատություններին։
Խոսելով նոր Սահմանադրության ընդունման հեռանկարի մասին՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր հետագա քայլերի երկու սցենար։ Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները դեմ քվեարկեն նոր Սահմանադրության նախագծին, ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից և կհեռանա։ Իսկ եթե նախագիծն ընդունվի, ինքը կշարունակի պաշտոնավարել՝ խաղաղության օրակարգը տրամաբանական ավարտին հասցնելու համար, որից հետո հաջորդ ընտրություններում այլևս չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։
Միաժամանակ վարչապետը նշել է, որ եթե նշված սցենարը չիրականանա, և պայմանավորվածությունը չկայանա, ապա ինքը չի կարող կիսատ թողնել իր առաքելությունը և արտահերթ ընտրություններում կհավակնի դառնալ վարչապետի թեկնածու։
Անդրադառնալով Ղազարյանի դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ իրենց առաջնորդներն ու թեկնածուները ձերբակալված են, ինչի պայմաններում հանրաքվեն չի կարող հավասար պայմաններում անցկացվել, Փաշինյանը հակադարձել է, որ անգամ նրանց ազատության մեջ գտնվելու պարագայում հավասարություն չէր լինելու։
«Ես էլ միլիոնատեր լինեմ, 200 միլիոն փող ունենամ, ես էլ ձերբակալվեմ, այսինքն՝ ի՞նչ կապ ունի։ Ո՞վ է իր գողացած 200 միլիոնը տալիս ինձ, որ ես տանեմ հանրաքվեում օգտագործեմ»,- նշել է նա՝ հարց ուղղելով, թե որտեղից են բաժանվում ընտրակաշառքները։
Խոսելով սեփական ունեցվածքի մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ արդեն ավելի քան ութուկես տարի զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, և այդ ընթացքում տարածված լուրերը, թե ինքը Փարիզում տուն ունի, հերքվել են նաև ֆրանսիական մամուլի հետաքննությունների արդյունքում։ Նա ընդգծել է, որ ինքը չունի հյուրանոցներ, բիզնեսներ, շենքեր ու բնակարաններ, իսկ իր՝ երբեմն «ընդդիմադիր տրամաբանությամբ» խոսելը պայմանավորված է նրանով, որ, ի թիվս այլ պատճառների, դատական համակարգի «պրոտեկցիայի» հետևանքով «թալանվածը» իր ուզած ծավալով չի վերադարձվել ժողովրդին։
Հարցազրույցի ընթացքում հաղորդավարի այն դիտարկմանը, թե ընդդիմադիր դաշտում ոչ բոլորն են Հայաստանում հարստացել՝ որպես օրինակ բերելով Ռուսաստանում հարստացած Սամվել Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ հայտարարելով, որ Կարապետյանը «ամենամեծ թալանողներից մեկն է»։
Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման վերաբերյալ՝ նշելով, որ բանկերից տոկոսով գումար է վերցվել և առանց տոկոսի տրամադրվել հարազատներին, իսկ այդ տոկոսները Հայաստանի քաղաքացիները վճարել են էլեկտրաէներգիայի սակագնի միջոցով։ Նա նաև պնդել է, թե ՀԷՑ-ի մրցույթներին մասնակցել են նրանց հարազատները՝ «անտրամաբանական գներով և շահույթով»։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքին և այն բացատրություններին, թե գումարները վաստակվել են արտերկրում աշխատելու արդյունքում, վարչապետը դա որակել է որպես «փողերի լվացում՝ ապօրինի ձեռք բերված միջոցները շրջանառելու և օրինական տեսք տալու գործընթաց»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

